«Փաշինյանը խաղաղություն է ուզում, Ալիևը՝ պատերազմ». կարծիք Երևանից
ՀՀ և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականություն
Հայաստանի իշխանությունները պնդում են, որ ձգտում են խաղաղության և ոչ մի պարագայում չեն շեղվելու այդ ճանապարհից։ Երկրի քաղաքացիներն էլ հենց այս հանգամանքով են բացատրում ղեկավարության զիջողական դիրքորոշումը։ Շատերը խիստ քննադատաբար են տրամադրված։ Բայց նույնիսկ նրանք, ովքեր չեն քննադատում կառավարության քաղաքականությունը, չեն հավատում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած խաղաղության օրակարգն իրականություն կդառնա։
Այս կարծիքը հայ հասարակության մեջ ամրապնդում են Ադրբեջանի նախագահի հայտարարությունները։ Իլհամ Ալիևի ելույթներից հետո սոցցանցերում գրում են, որ «չեն լսել ոչինչ, բացի հայերի և Հայաստանի նկատմամբ սպառնալիքներից և ատելությունից»։
Տեղացի փորձագետները էլ կարծում են, որ «Հայաստանի կառավարության խաղաղության օրակարգն Ադրբեջանին չի հետաքրքրում», «Ալիևը պատրաստվում է պատերազմի», «Թուրքիան և Ռուսաստանը աջակցում են Բաքվին այդ հարցում»։
Ի՞նչ կարելի է ակնկալել նման իրավիճակում։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի մեկնաբանությունը։
- «Զարգացնել ՆԱՏՕ-ի հետ գործակցությունը՝ դեռ առանց ՀԱՊԿ-ից դուրս գալու»․ կարծիք
- «Եթե Ալիևին կառուցողական դաշտ չբերեն, կվերածվի Սադամ Հուսեյնի»․ կարծիք
- «Մոսկվային պետք է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի շարունակություն»․ կարծիք
Ստեփան Գրիգորյան, քաղաքագետ
Խաղաղության պայմանագիրն ու Ադրբեջանի նախապայմանները
«Հայաստանի իշխանությունն անկեղծորեն, առանց որևէ այլևայլությունների, ցանկանում է խաղաղության պայմանագիր կնքել և դրա համար գնում է լուրջ, հաճախ չարդարացված զիջումների։
Ես էլ եմ խաղաղության, բանակցությունների կողմնակից, բայց այդ խաղաղությունը պետք է ողջամիտ գին ունենա։ Հրաշալի կլինի, եթե խաղաղության պայմանագիր կնքենք, բայց դա չպետք է լինի միակողմանի զիջումների հաշվին։
Ես Ադրբեջանի կողմից խաղաղության ցանկություն կամ ձգտում չեմ տեսնում։ Հատկապես դատելով Ադրբեջանի պաշտոնյաների և երկրի բարձրագույն ղեկավարության պաշտոնական հայտարարություններից։
Բաքուն շարունակում է նոր նախապայմաններ առաջ քաշել բանակցային գործընթացում, և դա ակնհայտորեն խաղաղության պայմանագրի ստորագրման ճանապարհը չէ։ Դրա վկայությունն են վերջին հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը և փոփոխություններ մտցնի օրենսդրության մեջ, հրաժարվի միջազգային դատարաններում և այլ միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ բողոքներից»։
Բաքուն նոր պահանջներ է առաջադրելու
«Ադրբեջանն ակտիվորեն և բացահայտ կեղծում է պատմությունը և մանիպուլյացիայի ենթարկում բոլորին։ Ընդ որում, այնպիսի մասշտաբով, որ արդեն պարզ է՝ խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո, ինչ էլ որ ստորագրվի, հաջորդ օրը Ալիևը կհայտարարի նոր հավակնությունների մասին։
Այդպիսի օրինակ է Իլհամ Ալիևի հայտարարությունը մինչև ղարաբաղյան հակամարտության սկիզբը [1988] Հայաստանում ապրած ադրբեջանցիների թվի մասին։ Ալիևը պնդում է, որ Հայաստանում շատ ավելի ադրբեջանցիներ են եղել, քան Ադրբեջանում՝ հայեր։
Դժվար չէ բաց աղբյուրներում վիճակագրություն փնտրել և հակառակում համոզվել: Ադրբեջանում հինգ անգամ ավելի շատ հայ էր ապրում, քան Հայաստանում՝ ադրբեջանցի»։
Երևանն ի պատասխան լռում է
«Փորձագիտական հանրությունն անընդհատ իշխանություններին հարցնում է՝ ինչու Երևանը չի արձագանքում Ալիևի հայտարարություններին։
Ալիևը պահանջում է ադրբեջանցիներին վերադարձնել Հայաստան, քանի որ, ըստ նրա, նրանք վտարվել են։ Սա արհեստական թեմա է, որը կապ չունի խաղաղության օրակարգի հետ։
Ոչ մի տեղ, ոչ մի միջազգային կառույցում, ոչ մի միջազգային փաստաթղթում չի արձանագրվել Հայաստանից ադրբեջանցիների արտաքսման փաստ։
Խորհրդային տարիներին Հայաստանում ապրած ադրբեջանցիները վաճառեցին իրենց տները և հանգիստ հեռացան։ Ի տարբերություն Ադրբեջանի հայերի՝ նրանք ունեին նման հնարավորություն։ Հայաստանից ադրբեջանցիներին ոչ ոք չի վտարել, սա փաստ է։ Ավելին, Խորհրդային Հայաստանը նրանց փոխհատուցում է տվել, իսկ Ադրբեջանի հայերը ոչինչ չեն ստացել։
1988-ին էլ բարձրացվեց Ղարաբաղի հարցը, ու հայերը ենթարկվեցին Ադրբեջանում կոտորածների՝ Սումգայիթում, Կիրովաբադում, Բաքվում և Լեռնային Ղարաբաղում: Ադրբեջանցիները ցանկանում էին հարցն այդպես լուծել՝ հայերին վտարելով։ Հետո ձևավորվեց ինքնապաշտպանությունը։ Այնուհետև մինչև 1994 թվականն ընթացավ մեծ պատերազմ, որի հետևանքով թե՛ հայերը, թե՛ ադրբեջանցիները տեղահանվեցին Արցախից և նրա շրջակայքից:
Ալիևը պահանջում է նաև 8 գյուղ։ Եվ ի պատասխան՝ Երևանից որևէ պահանջ չի լսում հայկական հողերի վերաբերյալ, օրինակ՝ Տավուշի մարզի հողերի, որոնք 1990-ականներին մնացել են ադրբեջանական կողմի ինքնապաշտպանության գծից այն կողմ»։
Հայաստանի իշխանությունների վախերը
«Հայաստանի իշխանությունները նույնպես հասկանում են, որ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, բայց իրենց քաղաքականությունը բացատրում են նրանով, թե փորձում են խուսափել Բաքվի նոր ագրեսիայից։ Այսօրվա հայաստանյան քաղաքական վերնախավում կա կարծիք, որ զիջումների միջոցով մի օր կարելի է հասնել խաղաղության։
Ես սկզբունքորեն համաձայն չեմ այս քաղաքականության հետ, քանի որ ախորժակն ուտելիս է բացվում։ Դու զիջում ես, Ալիևն ուզում է ավելին։ Եվ եթե ամեն ինչ այդքան հեշտությամբ ես տալիս, ինչո՞ւ նա չպետք է վերցնի:
Հայկական քաղաքական վերնախավում զիջումների կողմնակիցները կարծես թե հեռացել են ժամանակակից պատմությունից: 1990-2000-ականներին Թուրքիան և Ադրբեջանը խոսում էին ի նշան բարի կամքի Արցախի շուրջ գտնվող գոնե մեկ շրջան իրենց հանձնելու մասին, որից հետո կբացեն սահմանը, կսկսեն համագործակցություն և այլն։ Այսօր ամբողջ Արցախն ու շրջակայքի բոլոր յոթ շրջանները նրանց ձեռքում են, այնտեղ այլևս հայ չկա։ Սակայն սահմանները շարունակում են փակ մնալ։ Հասկանալի է, չէ՞, որ Թուրքիան մտադիր չէ բացել իր սահմանները։
Ընդ որում, Թուրքիան երբեք բացահայտ պայմաններ չի դրել Հայաստանի առաջ, միշտ սլաքներն ուղղել է Ադրբեջանի վրա, որպեսզի նրա հետ հարցերը լուծեն։ Լուծեցին, և ի՞նչ: ԼՂԻՄ շուրջ գտնվող 7 շրջաններից 3,5-ը մեր կամքով ենք տվել։ Դա ինքը՝ Ալիևն էր խոստովանել, որ եթե պատերազմը շարունակվեր, իրենք մեծ կորուստներ կունենային»։
Ո՞ւմ և ի՞նչ է պետք Հայաստանից
«Այստեղ Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը միանում են։ Ռուսաստանը՝ ԽՍՀՄ-ն ինչ-որ ձևով վերականգնելու իր գերգաղափարով, ցանկանում է Հայաստանին զրկել ինքնիշխանությունից և անկախությունից։ Այս համատեքստում նա բացահայտորեն օգնել է Ադրբեջանին օկուպացնել Արցախը և հայերին վտարել այնտեղից։ Ուստի Ադրբեջանը պարտական է Մոսկվային։ Իսկ Ռուսաստանը Բաքվից պահանջում է վերահսկողություն, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։ Այդ պահանջը գալիս է Ռուսաստանի Դաշնությունից՝ Բաքվի բերանով։
Այս տանդեմի վերջնական նպատակը հայկական պետականության կազմաքանդումն է։ Ռուսաստանը ցանկանում է Հայաստանի մի մասը ներառել Ռուսաստանի Դաշնության կազմում՝ շրջանի տեսքով։ Ու դա ամբողջ Հայաստանը չէ։ Մնացած մասը, մասնավորապես՝ Սյունիքը մտադիր է տալ Ադրբեջանին։
Ռազմավարական առումով Ռուսաստանը ցանկանում է տիրանալ նաև Ադրբեջանին։ Բայց թուրքական գործոնի պատճառով, որը հանդիսանում է Ադրբեջանի ինքնիշխանության երաշխավորը, Մոսկվան դեռ լուծում է Հայաստանն ամբողջությամբ իր ձեռքի տակ վերցնելու խնդիրը։ Եվ քանի որ սա բխում է նաև Ադրբեջանի շահերից, Հայաստանը հայտնվել է կրկնակի ճնշման տակ»։
Հայաստանի իշխանությունների լեգիտիմությունը
«Ժողովուրդն է նրանց ընտրել, ասում են, որ իրենք լեգիտիմ են և իրավունք ունեն գնալ զիջումների, վարել այն քաղաքականությունը, որն անհրաժեշտ են համարում, նույնիսկ եթե իշխանության են եկել այլ ծրագրով։ Իրենց արդարացնելու համար ասում են, որ տարածաշրջանային բոլոր խաղացողները մեր դեմ են։
Այդ դեպքում պետք է աջակցություն փնտրել դրսում՝ այլ գործընկերների ու դաշնակիցների շրջանում։ Հիմա մեզ բացահայտորեն աջակցում են ԱՄՆ-ը և Եվրոպան, որոնց հետ մենք ռազմավարական հարաբերություններ չունենք, և մենք նրանց թույլ չենք տալիս մտնել տարածաշրջան։
Բայց երբ մարդիկ քննադատում են իշխանություններին ինչ-որ ձախողումների համար, թող հիշեն, որ իրենք են նրանց ձայն տվել։ Քվեարկելուց առաջ էր պետք մտածել։
Մեծ դեր ունի նաև փորձագիտական հանրությունը, որը պետք է փորձի իշխանություններին բացատրել, թե որն է ճիշտ, որը՝ սխալ։ Անձնական զրույցների, ելույթների, հարցազրույցների միջոցով։ Երբեմն մենք խիստ քննադատում ենք։ Բայց դա չի վերացնում նրանց լեգիտիմությունը։
Ավելի հեշտ էր քննադատել նախկին ղեկավարներին, քանի որ նրանք լեգիտիմ չէին և իշխանության էին եկել կեղծված ընտրությունների միջոցով։ Հիմա ավելի դժվար է։
Սակայն, երբ հարցերը վերաբերում են երկրի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը, ոչ մի կառավարություն, նույնիսկ ամենալեգիտիմը, իրավունք չունի որոշումներ կայացնել ընդդեմ այդ հիմնարար արժեքների»։
Սպառնալիքներ փոփոխվող աշխարհակարգի պայմաններում
«Հայաստանը բախվում է բազմաթիվ սպառնալիքների՝ բազմազան, որոնք գալիս են ոչ միայն Ռուսաստանից, Ադրբեջանից և Թուրքիայից։ Ամբողջ աշխարհում իրավիճակը փոխվում է։ Սա բոլորին դարձնում է խոցելի։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հաստատված աշխարհակարգի դեմ պատերազմ է ընթանում։ Նման պայմաններում, երբ սասանվում է աշխարհակարգը, թուլանում է նաև միջազգային դատարանների և միջազգային կառույցների դերը, որոնց վրա Հայաստանը կարող էր հույս դնել։
Այսօր պատերազմի հավանականությունը շատ մեծ է, և պետք է պատրաստվել դրան։ Մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանը կօգտվի ԱՄՆ-ում ստեղծված նախընտրական իրավիճակից, այն հանգամանքից, որ Բայդենի վարչակազմի ուշադրությունը մեծապես շեղված է։ Նույն իրավիճակն է սպասվում Եվրոպայում՝ կապված Եվրախորհրդարանի առաջիկա ընտրությունների հետ։
Ադրբեջանը, որի թիկունքին աշխարհի երկու ուժեղագույն դիվանագիտությաններն են՝ թուրքական և ռուսական, հզոր, նպատակաուղղված արշավ է մղում Ֆրանսիայի դեմ։ Մեր դաշնակիցները ծանր իրավիճակում են։
Դժվարություններ կարող են առաջանալ նաև, եթե Մերձավոր Արևելքում հակամարտությունն ընդլայնվի և Իրանի ուշադրությունը մեզնից շեղվի։ Ալիևը կարող է օգտվել ստեղծված իրավիճակից և հարվածել Սյունիքին։
Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա հնարավոր հարձակումը որոշ ժամանակ կարող են զսպել Ադրբեջանում և Ռուսաստանում կայանալիք ընտրությունները։ Պուտինն ու Ալիևը համաձայնեցնում են իրենց բոլոր գործողությունները, ուստի մինչև Պուտինի երդմնակալությունը ես Բաքվի ագրեսիա դժվար եմ պատկերացնում։ Բայց դրանից անմիջապես հետո՝ մայիսին կամ հունիսին, ոչինչ չի կարելի բացառել»։
Բանակցություններ առանց Արևմուտքի միջնորդության
«Հայաստանի և Ադրբեջանի միջև առանց միջնորդների, ուղիղ բանակցություններ երբեք չեն եղել։ Բաքվի բերանով Մոսկվան իր պահանջներն է դնում Հայաստանի առաջ: Դրա օրինակն է, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը», որը պահանջում է Ադրբեջանը, սակայն ռուսների վերահսկողության տակ։
Ռուսաստանն ու Ադրբեջանն անում են ամեն բան, որ արևմտյան միջնորդություն չլինի։ Սա բխում է նրանց ընդհանուր շահերից, և նրանք պայքարում են դրա համար։
Մենք նույնպես պետք է հետևողական լինենք։ Չգնանք Սանկտ Պետերբուրգ, Սոչի: Բայց մենք հայտարարում ենք արևմտյան հարթակի մասին, հետո գնում ենք Սանկտ Պետերբուրգ [խոսքը 2023 թվականի դեկտեմբերի վերջին Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին Հայաստանի վարչապետի մասնակցության մասին է, մինչ այդ՝ երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները բոյկոտում էին բոլոր հանդիպումները ռուսական ինտեգրացիոն կառույցներում]։
Սակայն Արևմուտքը հիմա մեզ աջակցում է՝ անկախ նրանից՝ օգնություն խնդրում ենք, թե ոչ։
Ադրբեջանի դեմ պատժամիջոցները պատահական չեն, և նորերն էլ դրանց կհետևեն։ ԵԽԽՎ-ից երկրին վտարել նշանակում է վտարել Եվրոպայից։ ԵՄ-ն կխզի Ադրբեջանի հետ գազային պայմանագիրը։
Նույնն արեցին Ռուսաստանի հետ՝ նախ ձայնից զրկեցին ռուսական պատվիրակությանը, հետո հեռացրին ԵԽԽՎ-ից։ Ադրբեջանին միանգամից հեռացրին ԵԽԽՎ-ից։ Եվ այստեղ ոչ այնքան հայկական ազդեցությունն է գործընթացի վրա, որքան հենց Եվրոպան է որոշել, որ նման ավտորիտար ռեժիմը, որը միավորվում է Ռուսաստանի հետ, պետք է պատժվի։ ԵԽԽՎ բանաձևի կեսը նվիրված է Արցախում հայերի էթնիկ զտումներին։
Մեր դաշնակիցը Արևմուտքն է, մնում է շատ քիչ բան։ Այն է՝ Հայաստանն ավելի լայն բաց անի իր դռները։ Իշխանությունները եվրոպացի դիտորդների հրավիրեցին՝ Ադրբեջանի հետ սահմանը դիտարկելու համար, հիմա պետք է ռազմաբազաներ հրավիրեն։ Նույնիսկ եթե մենք դեռ ՀԱՊԿ-ում ենք, և մեր տարածքում կա ռուսական բազա։ Մեր Սահմանադրությունը չի արգելում միաժամանակ ունենալ և՛ ռուսական, և՛ արևմտյան ռազմաբազա»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ և Ադրբեջանի միջև պատերազմի հավանականություն