«Լուսնից դեպի ԼՂ ճանապարհը նույնպես բաց է». Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին
ՀՀ վարչապետի հարցազրույցը Euronews-ին
«Լուսնից դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհը նույնպես բաց է»,- հայտարարել է Հայաստանի վարչապետը։ Նիկոլ Փաշինյանն այդպես է արձագանքել Euronews հեռուստաալիքի լրագրողի այն դիտարկմանը, թե Ադրբեջանը հերքում է Լաչինի միջանցքի արգելափակումը և պնդում, որ Ղարաբաղի հայերը կարող են օգտվել Աղդամով, այսինքն՝ ադրբեջանական տարածքով անցնող ճանապարհից։
Հայաստանի վարչապետը Euronews-ին տված հարցազրույցում խոսել է ԼՂ-ում տիրող իրավիճակի մասին, մանրամասն բացատրել, թե ինչ է նշանակում «մարդասիրական ճգնաժամ», որում Լաչինի միջանցքի արգելափակումից հետո ապրում է 120.000 հայ։ Նա անդրադարձել է բանակցային հարթակներին, որտեղ քննարկվում է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման հնարավորությունը, դրանց արդյունավետությունը։ Ընդգծել է, որ միջնորդների՝ միմյանց նկատմամբ «աշխարհաքաղաքական խանդին» զուգընթաց վերջին շրջանում նկատել է միջազգային գործընկերների պատրաստակամությունը՝ «համատեղել ջանքերը»։
Հայաստանի վարչապետի հարցազրույցը՝ որոշ կրճատումներով
- «F-16-երը խոցել հնարավոր էր, բայց ՌԴ-ն հորդորում էր չսադրել»․ Դավիթ Տոնոյան
- «ԿԽՄԿ-ի պաշտպանության ներքո գտնվող անձի ձերբակալումը ռազմական հանցագործություն է»․ ՀՀ դիրքորոշումը
ԼՂ-ում տիրող իրավիճակի և հակամարտության շարունակման պատճառների մասին
Լրագրող Անելիզ Բորժեսի հենց առաջին հարցը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղին, որը, ըստ նրա, «Հարավային Կովկասի նորագույն պատմության ամենադաժան դրվագներից մեկի թատերաբեմն էր»։ Նա հարցրել է Հայաստանի վարչապետին, թե ինչու լարվածությունը չի մարել «նույնիսկ 2020 թվականի խաղաղության գործարքից հետո»։ Փաշինյանը պատասխանել է.
«Նախ պիտի ասեմ, որ այնուամենայնիվ, 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված փաստաթուղթը խաղաղության պայմանագիր կամ, ինչպես Դուք անվանեցիք, խաղաղության գործարք չէ իր իրավական կողմով: Բայց ոչ այնքան դե յուրե, որքան դե ֆակտո նրա մի շարք դրույթներ կոպտորեն խախտված են, որովհետև, այո, ես Ձեզ հետ համաձայն եմ, որ դա կարող է լինել և է խաղաղության ապագա ճարտարապետության վերաբերյալ որոշակի պատկերացում: Ցավոք, օրինակ, շատ դրույթներ պարբերաբար խախտվում են Ադրբեջանի կողմից և խախտված են:
Դուք Ձեր հարցը նշեցիք՝ խոսելով Լեռնային Ղարաբաղի մասին, և դա հասկանալի է բոլորին: Բայց, օրինակ, Ադրբեջանը շարունակում է պնդել, որ Լեռնային Ղարաբաղ չկա՝ չնայած նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ սահմանված է «Լեռնային Ղարաբաղ» սուբյեկտի գոյությունը, և Ադրբեջանի նախագահն էլ ստորագրել է այդ հայտարարության ներքո:
Ավելին՝ նշվում է, որ Լեռնային Ղարաբաղում կա շփման գիծ, և Լեռնային Ղարաբաղն ունի տարածք, որը սահմանված է եռակողմ հայտարարության 7-րդ կետով: Ավելին՝ նույն հայտարարության 7-րդ կետով սահմանված է, որ փախստականները և ներքին տեղահանված անձինք վերադառնում են Լեռնային Ղարաբաղի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով բարձր հանձնակատարի գրասենյակի հովանու ներքո:
Ադրբեջանը, ցավոք, մինչև օրս այդ պարտավորությունը և այդ իրավունքը չի ապահովել: Ավելին՝ պատերազմի ընթացքում հայաթափված մի շարք գյուղերում իրականացնում են շինարարական աշխատանքներ, և Ադրբեջանը հայտարարում է, որ այդ տարածքները վերաբնակեցնելու է ադրբեջանցիներով:
Էլ չեմ ասում, որ ի հեճուկս եռակողմ հայտարարության 8-րդ կետի՝ մինչև հիմա վերադարձված չեն գերիները, պատանդները, այլ պահվող անձինք. Հայաստանի Հանրապետությունից, հայկական կողմից մինչ այժմ, մինչև վերջերս 33 գերի կար, վերջերս էլ 2 հոգի առևանգվեցին:
Լաչինի միջանցքը, որ էլի սահմանված է Ձեր հիշատակած եռակողմ հայտարարությամբ և որը նպատակ ունի ապահովել Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի Հանրապետության հետ և որի համաձայն, այդ թվում՝ Ադրբեջանի նախագահի ստորագրության, պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ընդ որում՝ Լաչինի միջանցքը ճանապարհ չէ միայն, ուզում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել, այլ նաև 5 կիլոմետրանոց լայնությամբ տարածություն, ապօրինի կերպով արգելափակված է Ադրբեջանի կողմից»։
Որքանո՞վ է խաղաղությունը հնարավոր
«Խաղաղություն ոչ միայն կարող է, այլ պետք է լինի: Դա է իմ մոտեցումը, դա է իմ համոզմունքը և հավատը: Բայց որպեսզի դա տեղի ունենա, նաև կարևոր է, որ միջազգային հանրությունը շատ որոշակի նյուանսներից տեղյակ լինի, որպեսզի հասկանալի լինի, իսկ ինչո՞ւ առաջընթացը բավարար տեմպով չէ:
Ես կարող եմ սկսել նախավերջին մեր բրյուսելյան հանդիպումից, երբ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի ներկայությամբ մենք Ադրբեջանի նախագահի հետ պայմանավորվեցինք, ձեռք բերեցինք պայմանավորվածություն, որ Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար ճանաչում են միմյանց 29 800 քմ Հայաստանի դեպքում և 86 600 քմ տարածքային ամբողջականությունը, որից հետո Շառլ Միշելը հանդես եկավ համապատասխան հայտարարությամբ, որից հետո, երբ Հայաստանի լրագրողներն ինձ հարցրին դրա մասին, ես հրապարակային հաստատեցի այդ փաստը:
Մինչև այս պահն Ադրբեջանի նախագահը հրապարակային չի հաստատել այդ պայմանավորվածությունը: Ճիշտ է՝ չի էլ հերքել: Սա մի նրբություն է, որը որոշակի լրացուցիչ վստահության պակաս է ստեղծում:
Մենք նաև պայմանավորվածություն ունենք, որ Բաքվի և Ստեփանակերտի միջև՝ դա Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքն է, հիմնական քաղաքը, պետք է տեղի ունենա երկխոսություն Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության մասին՝ միջազգային մեխանիզմի շրջանակներում: Այդ երկխոսությունը նույնպես մինչև այս պահը տեղի չի ունեցել:
Բայց մենք պետք է հետևողականորեն աշխատենք: Ոչ մեկ չի խոստացել, որ հեշտ է լինելու խաղաղության հասնելը: Եթե հեշտ լիներ, վաղուց հաստատված կլիներ խաղաղություն»:
Միջնորդների և չկատարվող պայմանավորվածությունների մասին
«Գիտեք, նախ ես կուզեի ընդգծել, որ ընդհանրապես միջնորդության առավելությունները վաղուց և բոլորին հայտնի են, բայց բոլոր միջնորդություններն էլ ունեն որոշակի թերություններ: Ամեն միջնորդություն ունի իր յուրահատուկ թերությունը, և եթե թույլ կտաք, ես կխոսեմ թերության մասին: Օրինակ, տեսեք, բրյուսելյան հարթակի առումով մենք տեսնում ենք հետևյալ խնդիրը, և այն շարունակական է։
Մենք սեղանի շուրջ պայմանավորվում ենք, որոշակի պայմանավորվածություններ ենք ձեռք բերում Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ և վկայությամբ: Եվ եթե կողմերից որևէ մեկն այդ պայմանավորվածությունները չի հասցեագրում, չի իրականացնում, դրան չեն հետևում նույնիսկ կոնկրետ գնահատականներ:
Կարող եմ բերել կոնկրետ օրինակ՝ իմ ներկայությամբ Ադրբեջանի նախագահը Եվրամիության խորհրդի նախագահի ներկայությամբ դեռևս անցյալ տարեվերջին խոստացել է, պարտավորվել, որ առաջիկա մի շաբաթից 15 օրվա ընթացքում, դա դեռ անցյալ տարի է եղել, ազատ կարձակվեն 10 գերիներ: Մինչև հիմա այդ պարտավորությունը չի կատարվել:
Ենթադրում եմ, որ արդյունավետ միջնորդությունն այն է, երբ պայմանավորվածությունների չկատարման պարագայում նաև որոշակի առնվազն քաղաքական վերաբերմունք է ձևավորվում այդ պարտավորությունը չկատարողի նկատմամբ: Օրինակ՝ բրյուսելյան հարթակում մենք դա չենք տեսնում, և ես անընդհատ այս հարցը բարձրացրել եմ:
Ես Ձեզ գաղտնիք կարող եմ բացել՝ մենք նույնիսկ ունենք պատրաստած մի փաստաթուղթ, որի անունը դրել ենք աուդիտ, որտեղ թվարկել ենք այն պայմանավորվածությունները, որոնք բրյուսելյան հարթակում ձեռք են բերվել, բայց հետագայում չեն իրականացվել: Ահագին հաստ փաթեթ է ստացվել, ինչը մտահոգիչ է»:
Միջնորդական հարթակների մրցակցության մասին
«Իրականում այդպիսի դրվագներ լինում են, երբ պատկերավոր ասած, աշխարհաքաղաքական խանդի որոշակի տեսարանների ականատես ենք լինում: Բայց ես նաև ուրախությամբ պետք է նկատեմ, ընդ որում՝ տարբեր կողմերից, ոչ միայն մի կողմից, այլ տարբեր կողմերից, այդպիսի երևույթներ նկատվել են պարբերաբար, որ կարծես թե, արդեն այլևս որոշակի շեշտադրումների փոփոխություններ կան:
Եվ այդ փոփոխությունը հետևյալն է. մենք տարբեր կողմերից լսում ենք հայտարարություններ, որ ցանկացած հարթակ, որը բարենպաստ կլինի խաղաղության գործընթացի համար, իրենք դա ողջունում են և կողջունեն: Եվ սա շատ կարևոր է:
Իհարկե առավել արդյունավետ կլինի, եթե միջազգային գործընկերները մեկտեղեն իրենց ջանքերը: Վերջերս կան նշաններ, որ նրանք, այնուամենայնիվ, այս տրամաբանության նկատմամբ որոշակի հետաքրքրություն ցուցաբերում են»։
Ի՞նչ է կատարվում Լաչինի միջանցքում
Euronews-ի լրագրողը հարցրել է Լաչինի միջանցքում տիրող իրավիճակի մասին՝ ընդգծելով, որ «Արդարադատության Միջազգային Դատարանը, Մարդու Իրավունքների Եվրոպական Դատարանը, ԱՄՆ-ն, ԵՄ-ն, բոլորը պահանջել են տեղաշարժի ազատության վերաբերյալ երաշխիքներ» այդ ճանապարհով։
«Նախ ես կուզենայի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը տարանջատել Ձեր թվարկած մյուս գործոններից, որովհետև Արդարադատության միջազգային դատարանի որոշումն ունի պարտադիր իրավական ուժ, այսինքն՝ դա միջազգային բարձրագույն դատական ատյանն է, որի որոշումներն ունեն բարձրագույն իրավական ուժ և այդ դատարանը Հայաստանի դիմումի հիման վրա սույն թվականի փետրվարի 22-ին ընդունել է որոշում, որ Ադրբեջանը պետք է ձեռնարկի իրեն հասու բոլոր քայլերը՝ Լաչինի միջանցքով տրանսպորտային միջոցների, ապրանքների և քաղաքացիների երկկողմանի շարժն ապահովելու համար, և հուլիսի 6-ին այդ որոշումը վերահաստատել է:
Սա շատ կարևոր է նաև միջազգային իրավակարգի տրամաբանության տեսակետից, որովհետև Միջազգային իրավունքի բարձրագույն դատական ատյանի որոշումը չի կատարվում: Դա ընդհանրապես օրենքի և օրինականության տեսակետից, կարծում եմ, գլոբալ առումով վատ մեսիջ է և մտածելու նյութ՝ միջազգային հանրության համար։
Համենայնդեպս, մենք աշխատելու ենք այս խնդիրը միջազգային ատյաններում բարձրացնելու համար:
Ի՞նչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում։ ԼՂ-ում հումանիտար ճգնաժամ է: Ի՞նչ է նշանակում հումանիտար ճգնաժամ. Լեռնային Ղարաբաղ ընդհանրապես սնունդ չի մատակարարվում, արտաքին մատակարարման սնունդ չկա, չկան առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքներ, չկա մանկական սնունդ, չկա դեղորայք, չկան հիգիենիկ պարագաներ, չկան առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ, Լեռնային Ղարաբաղի բնական գազի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, Լեռնային Ղարաբաղին էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից, վառելիքի մատակարարումը դադարեցված է Ադրբեջանի կողմից: Եվ այս առումով մենք այնտեղ սովի իրական վտանգի առաջ ենք կանգնած, առողջապահական խնդիրների և այլն, և այսպես շարունակ»։
Լաչինի միջանցքը Աղդամի երթուղով փոխարինելու Բաքվի առաջարկի մասին
«Տեսեք, ես չգիտեմ Դուք ինչի մասին եք խոսում, որովհետև ես խոսում եմ այն փաստաթղթի մասին, որը ես ստորագրել եմ և որն ունի միջազգային փաստաթղթի կարգավիճակ: Այնտեղ շատ հստակ գրված է, որ Լաչինի միջանցքը, որը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և որը ոչ թե զուտ ճանապարհ է, այլ 5 կմ լայնությամբ տարածություն, պետք է դուրս լինի Ադրբեջանի վերահսկողությունից և որը պետք է ապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև:
Սկզբունքորեն, գիտեք, կներեք մի քիչ աբսուրդ բան ասեմ, բայց լուսնից դեպի Լեռնային Ղարաբաղ ճանապարհը բաց է, ոչ մի անցագրային կետ չկա, բայց ես չեմ կարող խոսել ինձ անհայտ ինստիտուտների մասին, թե դա ինչ ճանապարհ է՝ Մարսից, լուսնից: Ես խոսում եմ նրա մասին, ինչը փաստաթղթավորված հասկացություն է: Հիմա այդ ճանապարհը փակ է, եթե որևէ մեկը կասկածում է, Դուք կարող եք հենց հիմա փորձել գնալ դեպի Լեռնային Ղարաբաղ:
Իմիջիայլոց, երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արդեն հայտարարեց, որ Լաչինի միջանցքի փակ լինելու բերումով ինքը չունի հնարավորություն հումանիտար օգնություն հասցնել Լեռնային Ղարաբաղ: Սա ի՞նչ է նշանակում, սա նշանակում է՝ նախ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պաշտոնապես հայտարարում է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը, հակառակ դեպքում չէր ասի, որ ես չեմ կարող օգնություն հասցնել, և երկրորդը՝ արձանագրում է, որ ինքը դա չի կարող անել և երրորդը՝ չի կարող անել Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով: Սրան հետևեց նաև, եթե չեմ սխալվում, «Freedom house» միջազգային կազմակերպության արձագանքը՝ կոչով, որ պետք է ապահովել հումանիտար բեռների հասանելիությունը Լեռնային Ղարաբաղ:
Հայաստանի կառավարությունը որոշում է կայացրել օգնություն տրամադրել, 400 տոննա հումանիտար բեռ ուղարկել Լեռնային Ղարաբաղ: Տեսնենք՝ կգնա՞ Լեռնային Ղարաբաղ այդ օգնությունը, թե՝ ոչ»։
Կոչ Ադրբեջանի ժողովրդին
Պատասխանելով Euronews-ի լրագրողի առաջարկին՝ ուղերձ հղել մյուս կողմին՝ «Ադրբեջանի ժողովրդին, այլ ոչ թե քաղաքական առաջնորդներին», որոնց հետ հանդիպում է բանակցությունների ժամանակ, Փաշինյանն ասել է.
«Գիտեք, ես կարծում եմ դա լավ ժանր չէ, որովհետև երբ երկու քաղաքական գործիչներ խոսում են իրար հետ, ըստ էության, խոսում են երկու ժողովուրդներ, որովհետև մի կողմից խոսում է այդ ժողովրդի կողմից ընտրվածը, այս կողմից խոսում է այս ժողովրդի կողմից ընտրվածը։ Հետևաբար, այն՝ ինչ մենք խոսում ենք, իհարկե միջազգային հարթակ է, դա նաև ուղղված է այդ ժողովրդին, բայց եթե որևէ բան կա ասելու, կարելի է ասել այն, ինչ ես առաջին վայրկյանից ասում էի՝ ուղղված էր նաև Ադրբեջանի ժողովրդին։
Նման դեպքերում կան հերթապահ նախադասություններ՝ ասում են, որ մենք երկար ժամանակ ապրել ենք այստեղ և դեռ երկար ժամանակ պետք է ապրենք, կարծում եմ բոլոր խոսքերն ասված են։
Իմիջիայլոց, կա թերևս մի բան, որն ուղղված է հավասարապես և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությանը, որովհետև և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի հանրությունները պետք է պահանջեն խաղաղություն իրենց իշխանություններից։ Դա պետք է ձևակերպվի որպես հանրային պահանջ և խաղաղություն, ճկունություն և հմտություն այդ պահանջը իրականացնելու»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ վարչապետի հարցազրույցը Euronews-ին