«Տրանսպորտում անվճար երթևեկության ժամանակն ավարտվում է»․ Երևանի քաղաքապետ
ՀՀ-ում կտուգանեն տրանսպորտում չվճարողներին
Հայաստանում հանրային տրանսպորտից օգտվելու դիմաց չվճարելու դեպքում քաղաքացիների նկատմամբ վարչական տուգանքներ կկիրառվեն։ Մասնավորապես՝ փոխադրումների դիմաց չվճարողները կտուգանվեն, տուգանքի չափը կկազմի 15 հազար դրամ։ Նշվում է, որ ուղեվարձն անհրաժեշտ է վճարել տրանսպորտային միջոց բարձրանալուց անմիջապես հետո՝ մեկ րոպեի ընթացքում։
Օրենսդրական փաթեթը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից։ 61 կողմ, 2 դեմ, 24 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ խորհրդարանն այսօր երկրորդ ընթերցմամբ (վերջնական) ընդունեց փաթեթը։
Տուգանքների մեխանիզմը ներդրվում է մայրաքաղաք Երևանում տրանսպորտի միասնական տոմսային համակարգի ներդրումից և ուղերվարձի թանկացումից (100-ի փոխարեն 150 դրամ) ամիսներ անց։
Մայիսի կեսերին քաղաքապետ Տիգրան Ավինյանը բարձրաձայնել էր՝ միայն տրանսպորտի ոլորտում 2,3 մլրդ դրամի թերակատարում կա։ Ավելի ուշ քաղաքային իշխանությունը հայտնեց, որ թերհավաքագրումների պատճառով այս տարի չի կարողանա գնել պլանավորած 45 տրոլեյբուսներից առնվազն 30-ը։ Որևէ լուր չի հաղորդվել նաև խոստացված նոր 250 էլեկտրական ավտոբուսների գնման գործընթացի մասին։
Տարիներով քննարկվող տրանսպորտային բարեփոխումները սկսեցին ակտիվ իրագործվել 2024թ-ին: Երևանը սպասարկող տրանսպորտային միջոցների թարմացումը, որը ավելի վաղ էր սկսվել, անցած տարի նոր թափ ստացավ: Փողոցներից վերացան հնամաշ «մարշրուտկաները», ողջ շարժակազմը նորացավ։ Երևանում այժմ երթևեկում են նոր և հարմարավետ ավտոբուսներ և տրոլեյբուսներ։
Տուգանքների ներդրմանը զուգահեռ մայրաքաղաքի բնակիչները շարունակում են դժգոհել հանրային տրանսպորտի ծանրաբեռնվածությունից և ավտոբուսների սակավությունից:
- 60 զոհ՝ երեք ամսում․ ՃՏՊ-ների մտահոգիչ պատկեր Հայաստանում
- Ինչո՞ւ է աղմուկի մակարդակն այդքան բարձր Հայաստանում, ինչպե՞ս պայքարել դրա դեմ. կարծիքներ
- Գործադո՞ւլ, թե՞ շանտաժ․ երևանցիների մեծ մասը մնացել է առանց տրանսպորտի
Ի՞նչ տուգանքներ են սահմանվել
15 հազար դրամի չափով կտուգանվեն նաև այն քաղաքացիները, որոնք կփորձեն օգտվել այլ անձանց, այդ թվում՝ արտոնյալ խմբերի ներկայացուցիչների քարտերից։
«Իսկ եթե ուղևորը նույնիսկ ունի արտոնություն կամ ամսական վճարով միասնական տոմս, սակայն չի վավերացնում [հսկիչ համակարգով] իր ուղևորությունը տրանսպորտային միջոցում, նախատեսվում է 3000 դրամ տուգանք»,- տեղեկացրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը։
Փոխնախարարի խոսքով՝ օրենսդրական փոփոխություն է առաջարկվել, քանի որ հանրային տրանսպորտից օգտվող քաղաքացիների մոտ 25-30 տոկոսը չի վճարում ուղեվարձը․
«Դա մնացած 70-75 տոկոսի մոտ առաջացնում է արդարացի դժգոհություն։ Կարծում ենք՝ այս հարցը պետք է լուծել, և որքան հնարավոր է արագ»։
Պատգամավորները Սիմոնյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք տուգանքները կիրառվելու են նաև այն պարագայում, եթե քաղաքացին չկարողանա ուղեվարձը վճարել տեխնիկական խնդրի պատճառով, օրինակ՝ վալիդատորը չճանաչի վճարային քարտը կամ կտրոնը։
«Եթե տեխնիկական խնդիր է առաջացել, այսինքն՝ տրանսպորտային ծառայություն մատուցողը չի կարողացել վավերացնել գնված տոմսը, այդ դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվում»,- պատասխանել է նա։
«Երևանցիների գերակշիռ մեծամասնությունը պատասխանատու է»
«Ունենք քաղաքացիներ, որոնք միգուցե մտածում են՝ եկել է անվճար տրանսպորտային երթևեկության ժամանակը։ Հարգելի՛ քաղաքացիներ, այդ ժամանակն ավարտվում է»,- երկուշաբթի օրը կայացած գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Երևանի քաղաքապետը։
Քաղաքապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ թեև երևանցիների գերակշիռ մեծամասնությունը պատասխանատու է վերաբերվում վճարումներին, սակայն կան քաղաքացիներ, որոնք ուղեվարձ չեն վճարում։
«Իհարկե, որոշ ժամանակ այս տեղեկատվական արշավը կիրականացնենք, բայց ինչ-որ մի փուլից այն մարդիկ, որոնք չեն վճարում տրանսպորտից օգտվելու համար, կսկսեն տուգանվել»,- նկատել էր Ավինյանը։
Ակնկալվում է, որ օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո քաղաքապետի որոշմամբ կսահմանվի այն ստորաբաժանումը, որն իրավասու կլինի իրականացնել վարչարարություն և կիրառել տուգանքներ։
«Քաղաքացիներին դարձնում են տուգանքի մատերիալ»․ ընդդիմության կարծիքը
«Իմ խորին համոզմամբ և ցանկացած ողջամիտ վերլուծության դեպքում՝ այս նախագիծը ՀՀ քաղաքացուն, հատկապես Երևան քաղաքի բնակիչներին տուգանքի մատերիալ նշանակելու մասին է»,- կարծում է խորհրդարանի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Խմբակցության մյուս անդամները կիսում են այդ տեսակետը։ Ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ քաղաքային իշխանությանը գումար է հարկավոր, քանի որ «ձախողել են իրենց ռեֆորմը»։ Բարեփոխում ասելով Խաչատրյանը նկատի ունի միասնական տոմսային համակարգի ներդրումն ու ուղեվարձի թանկացումը։
Քաղաքացու՝ տուգանքի «մատերիալ» չլինելու մասին տարիներ առաջ՝ 2018 թ․-ի հեղափոխությունից հետո հայտարարում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ի պատասխան ընդդիմադիրների հնչեցրած քննադատությանը՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պարզաբանել են, թե ինչի մասին են եղել Փաշինյանի հայտարարությունները։
«Այո, վարչապետն ասել է [2018 թ․-ին], որ քաղաքացին տուգանքի մատերիալ չէ։ Եվ նկատի է ունեցել, որ [այն ժամանակ] ստեղծվել էր մի համակարգ, որի նպատակն իրավախախտումը կանխելը չէր, այլ տուգանքի միջոցով քաղաքացուց փող քամելը»,- ընդգծել է խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Վճարեք, կարևորը լավ ավտոբուսներ են, մաքուր, հարմար, օդափոխիչները միացրած։ Ես բողոքելու առիթ չունեմ։ Ցանկանում եմ մարզերում էլ էդպիսի ավտոբուսներ բերեն, մենք էլ հին գազելներով չերթևեկենք»։
«Եթե հոսանքի գումար չես մուծում, ավտոմատ անջատում են, իսկ ինչո՞ւ չպետք է մուծեն երթևեկության գումարը։ Ո՞րն է տարբերությունը, կասե՞ք»։
«Կվճարենք այն ժամանակ, երբ տրանսպորտը կաշխատի կանոնավոր, առավոտյան չուշանանք, երեկոյան հոգնած ժամերով չսպասենք»։
«Նախքան տուգանելու մասին որոշում կայացնելը նախ նորմալ սպասարկում ապահովեք, որ նստատեղերի քանակով ուղևոր վերցնեն։ Երկրորդ՝ ի՞նչ է նշանակում նստելուց 1 րոպեի ընթացքում վավերացնել տոմսը: Ես կարող է՝ նստում եմ, սպասում եմ հասնեմ իմ կանգառ առանց խոչընդոտի, նոր վճարեմ։ Կարող է տրանսպորտը փչանում է, ինչի՞ վճարեմ նախապես»։
«Առաջին հերթին, քաղաքապետարանին պետք է տուգանել գերծանրաբեռնված տրանսպորտի համար։ Ինչպե՞ս եք համարձակվելու տուգանել մեկ ոտքի վրա մի կերպ կանգնած երթևեկող քաղաքացուն»։
«Սարքերն աշխատում են այնպես անորակ, ինչպես իրենք»։
«Ամբողջ ազգն էլ ուզում ա, որ կարգուկանոն լինի, նորմալ պետություն դառնանք։ Բայց նախ թող վալիդատորները ավելացնեն։ Հետո թող մեկ օպերատոր չլինի, 1000 վճարման ձև կարող է լինել։ Բացի դա, թող օպերատորները նորմալ աշխատեն, մարդկանց քարտերի մեջ գումար կա, բայց դեմ են տալիս վալիդատորին, դռում է [վճարումը չի ընդունում]։ Մի խոսքով՝ մեզնից նոր հեծանիվ հորինող դուրս չի գա, աշխարհի փորձը ուսումնասիրեք և մի լավ փորձ ներդրեք Հայաստանում»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ-ում կտուգանեն տրանսպորտում չվճարողներին