«Զգուշավոր լավատեսություն կա»․ ՀՀ ԱԳ նախարարը՝ խաղաղության պայմանագրի մասին
ՀՀ ԱԳ նախարարը` արտաքին քաղաքականության մասին
«Պետք է զգուշավոր լավատեսություն հայտնեմ այն մասին, որ մոտ ապագայում մեզ կհաջողվի համաձայնության գալ մեկ-երկու ձևակերպումների շուրջ, որից հետո Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրը պատրաստ կլինի ստորագրման»,- այսօր խորհրդարանում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
Հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը՝ պայմանագիր ստորագրել արդեն իսկ համաձայնեցված կետերով, չհամաձայնեցվածները՝ թողնել ապագային։ Միրզոյանի փոխանցմամբ՝ այն «մեծ խանդավառությամբ չի ընդունվել ադրբեջանական կողմում»։ Ասում է՝ ներկա պահին կա ըմբռնում՝ շարունակել աշխատանքը «մեկ-երկու ձևակերպումների» շուրջ։
Նախարարը, սակայն, չի հստակեցրել՝ պայմանագրի քանի կետ է փորձ արվում համաձայնեցնել։ Հայկական կողմի փոխանցմամբ՝ բանակցվող նախագիծն ունի 17 կետ, որից 13-ն ամբողջությամբ է համաձայնեցված, 3-ը՝ մասնակի, իսկ 1 կետի շուրջ հնարավոր չի եղել համաձայնության հասնել։ Նախօրեին վարչապետի աշխատակազմի ղեկավարը լրագրողների հետ զրույցում նշել էր, թե այժմ բանակցություններն ընթանում են մասամբ համաձայնեցված 3 կետերի շուրջ: Բարձրաստիճան պաշտոնյաներից որևէ մեկը մինչ օրս չի գաղտնազերծել դրանց բովանդակությունը։
Արտգործնախարարը Ազգային ժողով էր եկել մասնակցելու «ՀՀ 2025 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկմանը։ Ի թիվս այլ հարցերի Արարատ Միրզոյանն անդրադարձել է հարևան երկրների, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրամիության հետ Երևանի հարաբերություններին։
Երևանը հույս ունի, որ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի գնահատմամբ՝ 2024 թ․-ին հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ շոշափելի արդյունք է գրանցվել, մասնավորապես՝ միջպետական սահմանի սահմանազատման ուղղությամբ։
Նշել է, որ Երևանն ու Բաքուն արդեն «իրենց համապատասխան ընթացակարգերով» վավերացրել են սահմանազատման հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը, որ ստորագրվել էր օգոստոսի վերջին։
«Առաջիկայում կողմերը պաշտոնապես կծանուցեն միմյանց կանոնակարգի ուժի մեջ մտնելու մասին, որից հետո հույս ունեմ՝ սահմանազատման աշխատանքները կշարունակվեն։ Այս պահին դրան որևէ խանգարող բան չի երևում»,- ընդգծել է նա։
«Հաղորդուղիների երկայնքով երրորդ ուժերի տեղակայումն անընդունելի է»
Արարատ Միրզոյանն անդրադարձել է տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման հարցին: Արձանագրել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև «որոշակի դրական մթնոլորտ կա»։
«Ադրբեջանական կողմին առաջարկներ ենք փոխանցել, որոնք կիսապաշտոնական կերպով ողջունվել են։ Եվ մենք կշարունակենք աշխատանքները նաև ապաշրջափակման հարցում ընդհանուր համաձայնության գալու շուրջ»,- ասել է նախարարը։
Նա ևս մեկ անգամ հնչեցրել է պաշտոնական Երևանի դիրքորոշումը՝ հաղորդուղիների երկայնքով երրորդ ուժերի տեղակայումն անընդունելի է․
«Ինչ վերաբերվում է միջազգային կազմակերպությունների ներգրավմանը, ապա պետք է հասկանանք, որ կա տրանսպորտային ընկերություն, կա փոխադրող ընկերություն, կա երկաթգիծ կառուցող ընկերություն, կա երկաթգիծը սպասարկող ընկերություն, կա օպերատոր, կա վագոնավար։ Այնքան տարբեր շերտեր կան այս հարցի հետ կապված»։
Միրզոյանն ասել է՝ «Խաղաղության խաչմերուկն» է այն տեսլականը, որի մեջ հայկական կողմը տեսնում է տրանսպորտային և լոգիստիկ ենթակառուցվածքների ապաշրջափակումը։
«Ուրախ եմ ասել, որ բազմաթիվ երկրներ ողջունել են այս նախագիծը և ենթադրում են, որ այն կարող է մաս կազմել ավելի լայն լոգիստիկ ցանցերի և նոր նախագծերի»,- նկատել է նա։
«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը չէ»
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի հարցին ի պատասխան՝ Միրզոյանը նշել է, որ նախարարությանը օրակարգը չէ «Հայոց ցեղասպանությունը, ողբերգական պատմության անցքերը ուսումնասիրելը թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը»։
Միրզոյանի խոսքով՝ ՀՀ ԱԳՆ թիվ մեկ առաջնահերթությունը երկրի շուրջ խաղաղ և կայուն միջավայր ապահովելն է, ինչը նշանակում է «հարևանների հետ հարաբերությունների կարգավորում և զարգացում»։
«Սրա շրջանակներում թիվ մեկ քայլը, որ մենք դիտարկում ենք և որի ուղղությամբ մեր ջանքերը գործադրում ենք, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն է»,— հավելել է նա։
«Թուրքիայի հետ ունենք դինամիկ, դրական երկխոսություն»
Խորհրդարանում նման արձանագրում է արել արտգործնախարար Արարատ Միրզոյանը։ Հիշեցրել է՝ երկու երկրների գերատեսչությունները աշխատանքներ են իրականացրել սահմանին գտնվող ենթակառուցվածքների վիճակը գնահատելու շուրջ և հավելել, որ աշխատանքներ են տարվում նաև Կարս-Գյումրի երկաթուղու վիճակի գնահատման ուղղությամբ։
«Մեր երկխոսությունը, առաջին հերթին, նրա մասին է, որ երկու երկրները պետք է հաստատեն դիվանագիտական հարաբերությունները, բացեն սահմանները, ունենան տրանսպորտային և այլ հաղորդակցություն և ընդհանրապես կարգավորեն իրենց հարաբերությունները»,- նկատել է Միրզոյանը։
Նախարարի խոսքով՝ գաղտնիք չէ, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները որոշակիորեն կապում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հետ․
«Մեր գնահատմամբ՝ դա այնքան էլ կառուցողական մոտեցում չէ»։
Ըստ Միրզոյանի՝ Երևանն Անկարայի հետ երկխոսում է առանց նախապայմանների։ Հիշեցրել է՝ կողմերն ունեն մի շարք ձեռքբերված պայմանավորվածություններ, այդ թվում՝ երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացման վերաբերյալ։
«Կան ավելի փոքրամասշտաբ համատեղ նախագծեր, օրինակ՝ Անիի մշակութային ժառանգության հետ կապված։ Ուզում եմ ասել, որ այստեղ էլ կա դինամիկ երկխոսություն։ Ուզում եմ կրկին լավատեսություն հայտնել այն մասին, որ մենք մոտ ապագայում կունենանք առաջընթաց»,- նշել է նա։
Տարաձայնություններ Ռուսաստանի հետ
Արտգործնախարար Միրզոյանի փոխանցմամբ՝ ՀՀ-ՌԴ հարաբերությունները շատ թափանցիկ են։
«Հայաստանն ու Ռուսաստանը մի շարք արտաքին քաղաքական հարցերում ունեն տարաձայնություններ, երբեմն չեն կիսում միմյանց դիտարկումները, օրինակ` ՀԱՊԿ–ում»,- շեշտել է նա։
Եվս մեկ անգամ հայտարարել է՝ ռազմական դաշինքը պատշաճ չի արձագանքել ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ ռազմական ագրեսիային Ադրբեջանի կողմից։
Միաժամանակ արձանագրել է՝ երկու երկրները կապված են ամուր տնտեսական կապերով։ Կան մի շարք ուղղություններ, որտեղ շարունակում են համագործակցությունը։ Նախարարն օրինակ է բերել ԵԱՏՄ ձևաչափը։
Հարաբերությունների սերտացում ԵՄ հետ
Խոսելով ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասին՝ արձանագրել է՝ կա դրական դինամիկա և հույս հայտնել, որ այն կշարունակվի նաև հաջորդ տարի։
Կարևոր է համարել, մասնավորապես՝ 2024 թ․-ին տեղի ունեցած երկու իրադարձություն՝ վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը և Խաղաղության եվրոպական հիմնադրամից աջակցության ստացումը։
Շեշտել է՝ խոսքը «մեծ գումարների» մասին չէ, բայց խորհրդանշական է, որ Եվրամիությունը հենց այդ գործիքով աջակցեց Երևանին։
Հայաստանի քաղաքականությունը «գաղտնիք չէ» Իրանի համար
ԱԳ նախարարի փոխանցմամբ՝ եվրոպական ուղղությամբ Երևանի քաղաքականությունը գաղտնիք չէ հարևան Իրանի համար։ Նշել է, որ երկկողմ շփումներում նաև այդ հարցին են անդրադառնում։
«Կարող եմ ասել, որ չկա մի բան, որն արվում է Հայաստանի կողմից, բայց չի ողջունվում և դիսոնանս ունի Իրանի Իսլամական Հանրապետության պատկերացումների հետ»,- ամփոփել է նա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
ՀՀ ԱԳ նախարարը` արտաքին քաղաքականության մասին