«Հիսուսի արձանը՝ հանգած հրաբխի վրա». Հայաստանի կառավարությունը չի առարկում
Հայաստանում Հիսուսի արձան կկառուցվի
Հայաստանում մեկնարկել է Հիսուս Քրիստոսի արձանի շինարարությունը: Նախաձեռնությունը երկրի ամենահարուստ գործարարներից մեկինն է՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, նախկին պատգամավոր Գագիկ Ծառուկյանինը:
Հայ առաքելական եկեղեցին հավանություն չի տվել արձանի տեղադրմանը՝ ընդգծելով, որ այն հակասում է եկեղեցու պաշտամունքային ավանդույթին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հիսուսի արձանը կմեծացնի զբոսաշրջային հետաքրքրությունը Հայաստանի հանդեպ:
Տուրիզմի ոլորտի մասնագետները, սակայն, չեն կիսում նրա տեսակետը: Ասում են՝ արձանը նոր զբոսաշրջիկների չի ներգավի, իսկ Հատիս լեռը, որի վրա այն տեղադրվեու է, դուրս կգա արշավականների քարտեզից:
Արձանի նախագիծը դեռևս չի ներկայացվել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն: Գերատեսչությունը պահանջել է մինչ այդ դադարեցնել ցանկացած գործունեություն լեռան տարածքում։ Ավելին, այտեղ կան նորահայտ հուշարձաններ, և նախարարություն մտահոգ է՝ նաև դրանք չվնասելու նկատառումներից ելնելով։
Ի՞նչ է ակնկալում կառավարությունը, ինչո՞ւ է դեմ առաքելական եկեղեցին, ի՞նչ մտահոգություններ ունեն զբոսավարները, ի՞նչ են մտածում քաղաքացիները
Արձանի հիմնարկեքի արարողության լւսանկարները՝ Գագիկ Ծառուկյանի ֆեյբուքյան էջից
Զբոսաշրջային նախագիծ՝ հուշարձանի ոչնչացման գնո՞վ
Քրիստոսի արձանն ունենալու է 33 մետր բարձրություն, ինչը խորհրդանշում է նրա ապրած տարիների թիվը: Արձանը տեղադրվելու է 44 մետրանոց պատվանդանի վրա: Հիսուսի արձանից բացի Հատիս լեռան բարձունքին կառուցվելու է նաև թանգարան: Հիսուսի արձանն ու թանգարանը պատրաստ կլինեն 3 տարուց:
Գագիկ Ծառուկյանի փոխանցմամբ՝ քաղաքացիներն արձանին մոտենալու հնարավորություն են ունենալու նաև ճոպանուղով:
Հիսուս Քրիստոսի արձան կա աշխարհի ավելի քան 20 երկրներում: Բրազիլիայում՝ Ռիո դե Ժանեյրոյում տեղադրվածն ամենահայտնիներից մեկն է:
Հիսուսի արձանի տեղադրման մտադրության մասին Գագիկ Ծառուկյանը հայտարարել էր շուրջ կես տարի առաջ: Մայիսի սկզբին հայտնի դարձան մրցույթի արդյունքները: Ժյուրիի, ինչպես նաև SMS քվեարկության արդյունքում՝ 12 քանդակներից ընտրվեց Արմեն Սամվելյանի տարբերակը:
Շինարարության մեկնարկն ազդարարվեց հուլիսի 9-ին: Արարողությանը ներկա էր նաև Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Իրոք շռնդալից ու մեծ մասշտաբի, գուցե ամենամեծ մասշտաբի զբոսաշրջային նախագիծն է Հայաստանում: Պատրաստ ենք ամեն ինչ անել, որպեսզի նախագիծն ինչքան հնարավոր է արագ ու առանց խոչընդոտների իրականություն դառնա»,- հայտարարել է նա:
Վարչապետի և էկոնոմիկայի նախարարի ոգևորությունը չի կիսում կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Թեև գերատեսչությունն ընդունելի է համարում արձանի գաղափարը, սակայն պահանջում է դադարեցնել ցանկացած գործունեություն լեռան տարածքում, որտեղ նաև հնավայր-ամրոց կա: Նկատում է՝ կա սահմանված կարգով նախագծի ներկայացման և մասնագիտական ուսումնասիրության կարիք:
Հատիս լեռան փեշերին առկա են պետական ցուցակում գրանցված շուրջ 20 հուշարձաններ: Դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ լեռան գագաթին առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց՝ նորահայտ օբյեկտ: Գործող օրենսդրության համաձայն՝ այս նորահայտ հուշարձանը ենթակա է պաշտպանության նաև նախքան հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը:
«Եկեղեցու ավանդույթին հակասող նախագիծ է»
Հիսուսի արձանի շինարարության մեկնարկից հետո Մայր Աթոռից հայտնել են, որ եկեղեցու դիրքորոշումը մնում է անփոփոխ:
Ամիսներ առաջ Գերագույն հոգևոր խորհուրդը քննարկել էր Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունն ու դեմ արտահայտվել դրան․
«Եկեղեցին ընդունելի չի համարում մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրումը՝ նկատի առնելով, որ այն հարիր չէ Հայ Եկեղեցու դարավոր պատկերագրական և պաշտամունքային ավանդույթին»:
Հայ առաքելական եկեղեցու ավանդույթի համաձայն՝ կարող է կառուցվել Փրկչի հարթաքանդակ՝ «Ամենափրկիչ» խաչքարերի սկզբունքով, իսկ արձան՝ ոչ:
Այս հարցով հոգևոր խորհուրդը քննարկում է ունեցել նաև Ծառուկյանի հետ, ում հովանավորությամբ մինչ այս մի շարք եկեղեցիներ են կառուցվել: Բարձր գնահատելով Ծառուկյանի եկեղեցաշինական գործունեությունը՝ խորհուրդը հորդորել է «զերծ մնալ եկեղեցու ավանդույթին հակասող նախագծերից»:
«Արդյունքում լեռը դուրս կգա արշավականների քարտեզից»
Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման վերաբերյալ մտահոգություն են հայտնել զբոսավարները: Պրոֆեսիոնալ զբոսավարների հայկական ասոցիացիան դիմել է Հայաստանի կառավարությանը՝ պահանջելով դադարեցնել «ապազգային, հակամշակութային, հակաբնական և հակաէսթետիկ նախագծի իրականացումը»։
Ասոցիացիան Հիսուսի արձանի տեղադրումը համարում է անընդունելի, դատապարտելի, իսկ զբոսաշրջության տեսանկյունից՝ անտեղի և աղետալի։
Կառույցը մի քանի փաստարկներ է ներկայացրել՝ ցույց տալու համար, որ արձանի տեղադրումը Հայաստանի հանդեպ զբոսաշրջային հետաքրքրությունը չի մեծացնի, ինչպես պնդում է Փաշինյանը.
- «Տարիներ շարունակ զբոսաշրջիկներին ներկայացվել են Հայ առաքելական եկեղեցու ավանդույթներն ու պատմությունը, այդ թվում՝ սրբադասվածներին պատկերող արձանիկների և արձանների բացակայության հանգամանքը։ Տվյալ արձանի տեղադրումը հակասում է մինչ այժմ գոյություն ունեցող պատկերացումներին հայ եկեղեցու և հայ ժողովրդի մասին:
- Արձանի տեղադրումից հետո Հատիս լեռը ձեռք է բերելու «պաշտամունքային» նշանակություն, բայց այդ նոր պաշտամունքային վայրը որևէ աղերս չի ունենալու մեր մշակույթի և ավանդույթների հետ։ Արդյունքում վերանալու է արշավական ուղղության հասանելիությունը, բնապատկերը, Հատիս լեռան էկոհամակարգը։
- Հատիս լեռան տարբեր հատվածներում առկա են մոտ 20 պատմահնագիտական վայրեր և կոթողներ։ Ի՞նչ է լինելու դրանց հետ լայնամասշտաբ շինարարական աշխատանքների արդյունքում»։
Զբոսավարների ասոցիացիան կարևորել է նաև զբոսաշրջային հոսքերի որակը՝ ընդգծելով, որ զբոսաշրջությունը ոչ միայն օգուտներ է բերում, այլև վնասներ հասցնում: Դրանք պետք է նախապես հաշվարկել:
«Զբոսաշրջիկը գալիս է տեսնելու և զգալու իրական կյանքը։ Եվ ինչքանո՞վ է համահունչ լինելու նրա համար տեսնել Հիսուսի հսկայական արձանը լեռան գագաթին մի երկրում, որտեղ նույնիսկ փոքրիկ արձաններ գույություն չունեն եկեղեցիներում»,- ասված է ասոցիացիայի տարածած հաղորդագրությունում:
Արձան հրաբխի վրա՞
Հատիսը հանգած հրաբուխ է: 77 մետրանոց համալիրը տեղադրվելու է լեռան բարձունքին:
Երևանի պետական համալսարանի երկրաբանության ամբիոնի պրոֆեսոր Սարգիս Հայրոյանը «Ազատության» հետ զրույցում նշել է, որ ինժեներաերկրաբանական տեսանկյունից խնդիր չի տեսնում: Ասում է՝ լեռան վրա բազալտը շատ է, հիմքն ամուր կլինի, ճշգրիտ նախագծային աշխատանք է պետք:
«Փոխարենը անօդաչու թռչող սարքեր գնեիք». կարծիքներ սոցիալական մեդիայում
«Ի՞նչ իմաստ ունի, ի՞նչ կտա երկրին արձանը՝ բացի իր փառասիրությանը հագուրդ տալուց»։
«Թող այդ արձանի փոխարեն ԱԹՍ-ներ գնեին, որ այդքան զոհեր չունենայինք»:
«Ինքը, իր փողերը, ինչ կուզի, կանի: Մյուսները էդ էլ չեն անում, միայն տներ ու վիլլաներ են առնում ուրիշ երկրներում: Հիմա որ զենք էլ առներ, միևնույն է՝ դժգոհելու մի բան կգտնեիք»:
«Անհամբեր սպասում ենք, շատ ողջունելի է, որ Հայաստանում կլինի ևս մի գեղեցիկ տեսարժան վայր»:
«Աստվածաշնչի սկզբից մինչև վերջ Աստծուն ամենատհաճ բաները կուռքերն էին, իսկ արձանը ոչ այլ ինչ է, քան քարե կուռք։ Մտածեք, թե ինչ եք անում»:
«Այդ գումարը տրամադրեիք կարիքավորներին կամ էլ բնակարաններով ապահովեիք մի քանի տասնյակ ընտանիքների Արցախից»:
«Վստահ եմ, որ քննադատողներն առաջինն են գնալու ու սելֆի անեն արձանի մոտ»:
«Անիմաստ է, անճաշակ և կապ չունի քրիստոնեության հետ։ Ապիկար, հակաազգային կառավարության հաստատումը չի զարմացնում»:
«Հիսուսին սրտով և հոգով են մոտենում, ոչ թե ճոպանուղով։ Անհեթեթություն է ուղղակի»:
Հայաստանում Հիսուսի արձան կկառուցվի