«Հիմք չկա մտածելու, թե կեղծ է, բայց մանիպուլյացիան ակնհայտ է». աղմկահարույց տեսանյութի մասին
Երևանում Ռուսաստանի հետ համերաշխության ակցիայի մասին տեսանյութը նախ հայտնվեց տելեգրամյան ալիքներում, այնուհետև ֆեյսբուքյան էջերում: Տեսանյութում երևում է «Հաղթանակ»» զբոսայգու տարածքը, որտեղ ենթադրաբար կայացել է նմանատիպ ակցիա:
JAMnews-ը զրուցել է փաստեր ստուգող լրագրողի հետ՝ պարզելու համար՝ ինչ է եղել իրականում:
Ռուս-ուկրաինական զարգացումների ֆոնին սա երկրորդ նմանատիպ ակցիան է Հայաստանի մայրաքաղաքում: Փետրվարի 27-ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ Երևանի Կիևյան կամրջից կախված է “Армия России” (Ռուսաստանի բանակ) գրվածքով պաստառ: Նախ տեսանյութը տարածվեց տելեգրամյան ալիքներում, այնուհետև տեղ գտավ նաև լրատվական կայքերում, այդ թվում՝ ռուսական պետական լրատվամիջոցներում:
Օգտատերերը կարծիք էին հայտնել, թե տեսագրությունը կեղծ է: Ավելի ուշ պարզ դարձավ, որ ակցիան տեղի է ունեցել վաղ առավոտյան ու տևել մի քանի րոպե, ուստի բնակիչները չեն էլ հասցրել նկատել պաստառը:
Օրեր անց՝ մարտի 8-ին տելեգրամյան ալիքներում հայտնվեց մեկ այլ տեսանյութ՝ կրկին Երևանից: Տեսանյութում պատկերված է «Հաղթանակ» զբոսայգին, երևում են նաև կարմիր լույսեր, որոնք պատկերում են Z և V տառերը (“за победу”՝ հանուն հաղթանակի): Կադրերը, սակայն, մոնտաժված են այնպես, որ հնարավոր չէ հասկանալ՝ իրականում եղել է նման ակցիա, թե ոչ, և եթե եղել է, ապա՝ քաղաքի որ մասում:
Տեսանյութն իր ֆեյսբուքյան էջում տարածել էր նաև ռուսական RT հեռուստաընկերության խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը՝ այն վերնագրելով այպես՝ “А в Армении поздравили вот так. Просто посмотрите” («Իսկ Հայաստանում ահա այսպես են շնորհավորել, պարզապես դիտեք»):
Քաղաքապետարանն ակցիայի մասին դիմում չի ստացել
Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի տեղակալ Տարոն Գևորգյանը հանդես է եկել պարզաբանմամբ՝ նշելով, որ քաղաքապետարանը որևէ առնչություն չունի ռուսական ԶԼՄ-ներով տարածված «Ի աջակցություն ռուս զինվորականների» անունը կրող ակցիայի հետ:
Գևորգյանը հիշեցրել է հանրային հավաք անցկացնելու համար լիազոր մարմնին իրազեկելու տարբերակներն ու հավելել, որ «նշված տարբերակներից որևէ մեկով Երևանի քաղաքապետարան ոչ ոք չի դիմել»:
«Տեսանյութն արվել է ՀՀ-ում, բայց ոչ «Մայր Հայաստանի» մոտ»
JAMnews-ի հետ զրույցում Media.am կայքի փաստեր ստուգող լրագրող Օֆելյա Սիմոնյանը նշել է, որ բավականաչափ փաստեր չկան պնդելու՝ կե՞ղծ է տեսանյութը, թե՞ ոչ:
Լրագրողի դիտարկմամբ՝ տեսանյութը նկարահանվել է Հայաստանում, բայց ոչ «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ.
«Հիմք չկա մտածելու, թե գրաֆիկա է կամ կեղծված է: Տպավորություն է, որ իրական կադր է: Մի պահ հեռուստաաշտարակն էլ է երևում, դա տեղիք է տալիս մտածելու, որ արվել է զբոսայգու մերձակայքում, բայց ոչ հենց «Մայր Հայաստան»-ի տարածքում:
Երբ գնացի զբոսայգի, փորձում էի համեմատել: Հուշարձանի դիրքից հեռուստաաշտարակն ավելի մոտ էր, իսկ տեսանյութում ավելի հեռու է: Մտածում եմ՝ հուշարձանից մի փոքր ավելի հեռու է նկարահանվել»:
Ըստ Սիմոնյանի՝ սա երևում է նաև տեսանյութի կադրերից. երբ Z տառից հետո կադրը փոխվում է՝ ցույց տալու համար քաղաքի տեսարանը, ոչ թե ամբողջական պատկերն է երևում, ներառյալ՝ հուշարձանն ու Z տառը, այլ կադրը փոխվում է:
Հիշելով Կիևյան կամրջից կախված պաստառը՝ լրագրողը նշում է՝ անանուն ակցիաների հետաքրքիր տենդենց է նկատվում: Ասում է՝ ինչ-որ մարդիկ ակցիաներ են անում, բայց դրանք վերագրվում են մի ամբողջ երկրի:
Փաստեր ստուգող լրագրողը նկատում է՝ տեսանյութը տարածվեց պրոպագանդիստական շրջանակների կողմից, որոնք նշում էին, թե ակցիան Հայաստանի անունից է.
«Տարածողները չեն նշում, որ սա անհատների նախաձեռնություն է, ոչ թե հազարավոր մարդկանց կամ պետության: Փորձում են ստեղծել այնպիսի տպավորություն, թե ՀՀ-ն աջակցում է ռուսական բանակի գործողություններին»,- ընդգծում է Օֆելյա Սիմոնյանը:
Ըստ նրա՝ անհատների նախաձեռնությունը որպես ՀՀ կառավարության աջակցություն ներկայացնելը կեղծ օրակարգ է: