«Հետքայլ չենք արել». Հայաստանի ընդդիմությունը փոխում է մարտավարությունը
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը
«Հայաստանի ընդդիմության սկսած շարժումը գործոն է դարձել միջազգային հանրության համար, այլևս չեն մտածում, թե ինչ ուզեն, կարող են անել Հայաստանի հետ»: Նման հայտարարություն է արել «Դիմադրություն» շարժման առաջնորդներից Իշխան Սաղաթելյանը:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը բողոքի ակցիաներ էր իրականացնում ապրիլի վերջից: Պահանջը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականն էր: Ըստ ընդդիմադիր գործիչների, Փաշինյանի գլխավորած իշխանությունը մտադիր է Արցախը թողնել Ադրբեջանի կազմում: ԱԺ ընդդիմադիր պատգամավորները որպես հիմք են ընդունել Հայաստանի վարչապետի այն հայտարարությունը, թե «միջազգային հանրությունը Հայաստանից ակնկալում է իջեցնել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նշաձողը»:
Հունիսի 15-ից Ֆրանսիայի հրապարակը, որտեղ ընդդիմությունը վրաններ էր տեղադրել և փակել երթևեկությունը, բաց է: Սաղաթելյանի խոսքով՝ վրանները հեռացված են, և սա նշանակում է ոչ թե շարժման ավարտ կամ դադար, այլ մարտավարության փոփոխություն: Ընդդիմությունը մտադիր է ընդլայնել պայքարը՝ մարզային կառույցներ ստեղծել, Արցախում և Սփյուռքում շարժումներ ձևավորել:
Վարչապետի թեկնածուի հարցն այս պահին շարժման օրակարգում չէ: Մտադիր են հարցը քննարկել գործող իշխանության հեռացումից հետո:
JAMnews-ն առանձնացրել է Իշխան Սաղաթելյանի ասուլիսի հետաքրքիր դրվագները:
Փաշինյանի վերջին հայտարարության մասին
Անդրադառնալով ԱԺ ամբիոնից վարչապետի վերջին ելույթին՝ Սաղաթելյանն ասել է՝ Փաշինյանը «ջարդեց իր միակ խաղաթուղթը»՝ խաղաղության օրակարգը։
«Մեր ժառանգած բանակցային տրամաբանությամբ՝ առանց Ադրբեջանի համաձայնության Լեռնային Ղարաբաղը չէր կարող Ադրբեջանի կազմից դուրս կարգավիճակ ստանալ: Հենց այդ ժառանգությունն է պատերազմի հիմք ու պատճառ հանդիսացել»,- նախօրեին հայտարարել էր Հայաստանի վարչապետը:
Փաշինյանն ասել էր, որ պետության և անվտանգության միակ երաշխիքը համապարփակ խաղաղությունն է, ուստի նաև խաղաղության օրակարգը. «Հակառակ ճանապարհը տանում է ոչ միայն ԼՂ—ի, այլև ՀՀ—ի կործանման: Եվ մենք, իհարկե, սա թույլ տալ չենք կարող»:
«Եթե անվտանգության առումով երաշխիք չկա, խաղաղության առումով երաշխիք չկա, էդ մարդը մնում է, որ ի՞նչ անի: Ակնհայտ է, որ Նիկոլը Ալիևի հետ ունի ժամանակացույց, պայմանավորվածություն երկիրը հանձնելու», — հայտարարել է Իշխան Սաղաթելյանը:
Նրա համոզմամբ՝ շարժման արդյունքում այդ ժամանակացույցը խախտվել է, սակայն պրոցեսը չի դադարել։
«Եթե կա խելամիտ մարդ, որ մտածում է, թե Արցախը՝ լինելով Ադրբեջանի կազմում, հնարավոր է ապահովել արցախցիների անվտանգությունը, դա կամ պետական դավաճան է, կամ իրավիճակից գաղափար չունի»,- ասել է Սաղաթելյանը:
Շարժման ձեռքբերումների և բացթողումների մասին
Ընդդիմադիր գործչի գնահատմամբ՝ գլխավոր խնդիրը՝ Նիկոլ Փաշինյանի հեռացումը շարունակում է մնալ չլուծված, սակայն այս ամիսների ընթացքում ունեցել են նաև լուրջ ձեռքբերումներ:
Մինչ փողոցային պայքարը, ըստ նրա, Հայաստանից հնչում էր միայն պարտության և հարմարվողականության ձայն, ինչն արձանագրել էր նաև միջազգային հանրությունը.
«Հայ ժողովուրդը ցույց տվեց, որ օրվա իշխանությունը չունի մանդատ երկիրը նոր զիջումների տանելու»:
Սաղաթելյանը վստահեցրել է՝ ընդդիմության ուղերձները հասանելի են նաև միջազգային հանրությանը: Այս հանգամանքը ընդդիմադիր գործիչը որակել է որպես պատմական ձեռքբերում.
«Որքան էլ փորձեն չնկատել, բայց ամենաբարձր մակարդակով անդրադառնում են այս շարժմանը: Այլևս չեն մտածում, թե Հայաստանի հետ ինչ ուզեն, կանեն»:
Ադրբեջանը, ըստ շարժման առաջնորդի, նույնպես հետևում է ներհայաստանյան զարգացումներին:
«Ադրբեջանի ամենօրյա անհանգստությունն ու հայտարարությունները այս շարժման արդյունք են, որովհետև լավ հասկանում է՝ երբ կորցնի իր գործընկերոջը ՀՀ-ում, էդ ծրագրերը կիսատ են մնալու»,- շեշտել է խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակը:
Սաղաթելյանը խոսել է նաև բացթողումների մասին՝ ընդգծելով, որ չեն կարողացել հասնել կազմակերպվածության այնպիսի մակարդակի, որ հանրահավաքներին մասնակցող քաղաքացիներից ձևավորեն «կանոնավոր քաղաքացիական բանակ»: Նրա խոսքով՝ այդ բանակը կարող էր անհնազանդության ակցիաները հասցնել այն ծավալի, որ իշխանությունն այլևս չդիմանար:
«Ունենք ընդլայնվելու ծրագիր»․ առաջիկա պլանների մասին
Սաղաթելյանի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելը չի նշանակում, թե շարժումը մարել է: Ասում է՝ վրաններն իրենց գործն արդեն արել են, իսկ քաղաքացիների ուժերն այլ տեղում են պետք: Թե կոնկրետ որտեղ՝ ընդդիմադիր գործիչը չի հայտնել:
«Բոլոր խոսակցությունները դադար վերցնելու, հետքայլի մասին, դրանք ընդամենը խոսակցություններ են։ Մենք ունենք ոչ թե դադար վերցնելու, այլ ընդլայնվելու ծրագիր, և աշխատանքներն ամբողջությամբ մեկնարկված են»,- ասել է նա:
Պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար ընդդիմադիրները մտադիր են վերափոխել շարժման կառուցվածքն ու մարտավարությունը: «Վերջնական հաղթանակի հասնելու» համար անհրաժեշտ են համարում նաև շարժման տարածումը Հայաստանի մարզերում, Արցախում և Սփյուռքում:
Սաղաթելյանը տեղեկացրել է, որ օգոստոսից մեկնարկելու են աշխատանքները վարչապետ Փաշինյանի պաշտոնանկության ուղղությամբ:
Նրա փոխանցմամբ՝ նախ պետք է ստեղծել պաշտոնանկության իրավական և քաղաքական հիմքեր, այնուհետև առաջադրել վարչապետի նոր թեկնածու: Ներկա պահին թեկնածուի հարցն ընդդիմության օրակարգում չէ:
Խորհրդարանի ընդդիմադիր փոխխոսնակը վերահաստատել է՝ ԱԺ վերադառնալու են միայն իրենց օրակարգով, իսկ մանդատները վայր դնելու մտադրություն չունեն: Ասում է՝ այդ մանդատները դեռ պետք են գալու խորհրդարանում վերջնական հաղթանակն ամրագրելիս:
Հաջողելու հավանականության մասին
Ըստ նրա՝ շարժման հաջողությունը կախված է ներգրավված բոլոր քաղաքացիներից, պարտությունը ևս լինելու է ժողովրդինը:
Իշխանափոխությամբ, սակայն, ընդդիմության անելիքը չի ավարտվում: Սաղաթելյանի խոսքով՝ իրենց նպատակները պետք է դառնան հաջորդ իշխանության հիմնական անելիքները։
«Մեր շարժման նպատակն է կանխել Արցախի հայաթափումը, Հայաստանի թրքացումը, Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները: Սա մի օրակարգ է, որ իշխանափոխությունից հետո ևս պետք է իրականացվի»,- ընդգծել է Իշխան Սաղաթելյանը:
Նախկին նախագահների մասին
Սաղաթելյանը հայտնել է, որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ պարբերաբար ունենում են քննարկումներ: Նրա փոխանցմամբ՝ նախագահների առաջնային նպատակը ստեղծված իրավիճակից դուրս գալն է, ոչ թե իշխանության վերադառնալը:
Փողոցային փայքարի դուրս եկած ու գործող վարչապետի հրաժարականը պահանջող խորհրդարանական երկու խմբակցությունների առաջնորդները հենց նախկին իշխանության ներկայացուցիչներ, Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանն են։
Իշխան Սաղաթելյանի ասուլիսը