Հարավային Օսիայում շատերը համաձայն չեն քաղաքի ամենահին շենքն ապամոնտաժելու որոշման հետ
Հարավային Օսիայում վեճեր են գնում «Իրիստոն» հյուրանոցի շուրջ, որը Ցխինվալի ամենահին շենքերից մեկն է:
Հյուրանոցը կառուցվել է 1937թ-ին, այն համարվում է ճարտարապետական հուշարձան և ներառված է Հարավային Օսիայի հատուկ ճարտարապետական ռեեստրում: Եվ այժմ որոշում է կայացվել ապամոնտաժել այն:
Դրա տեղն իշխանությունները պլանավորում են նոր հյուրանոց կառուցել և պահպանել «Իրիստոնի» ճակատային մասի դիզայնը: Նախագիծը ֆինանսավորվում է ներդրումային ծրագրի բյուջեից (Ռուսաստանի տրամադրած միջոցներ): Սակայն համաներդրող կա՝ գործարար Վադիմ Բերդիևը Հյուսիսային Օսիայից:
Նախագծի հեղինակները պնդում են, որ շենքը կառուցվել է անորակ շինանյութով և ամեն դեպքում շուտով վթարային կդառնա:
Սակայն հասարակությունում բողոքներ են հնչում հյուրանոցը քանդելու որոշման դեմ:
Շատերը խոսում են այն մասին, որ «Իրիստոնը» քաղաքի խորհրդանիշն է եղել, և շենքը կարող է վերականգնվել: Բացի այդ, վրդովմունք է առաջացրել այն, որ որոշումը կայացվել է առանց տենդեր հայտարարելու:
«Շենքի պատերի հաստությունը մոտ մեկ մետր է: Այն նկառուցված է աղյուսից, որն արտադրվում էր Ցխինվալում, այն բարձրորակ է, ավելի լավն է, քան այն, որով հիմա շենքեր են կառուցում: Շենքի վիճակը ոչ մի կերպ չի կարելի կրիտիկական կամ ոչ անվտանգ համարել», — այսպես է մեկնաբանել իրավիճակը շինարար-ռեստավրատոր Ֆորիկ Ջիոևը «Ալանիա-ինֆորմ» տեղական մեդիապորտալին տված հարցազրույցում:
Տերմինները, տեղանունները, մտքերը և գաղափարները պատկանում են հրապարակման հեղինակին և պարտադիր չէ, որ համընկնեն JAMnews-ի կամ նրա առանձին աշխատակիցների կարծիքների և գաղափարների հետ: JAMnews-ն իրավունք է վերապահում հեռացնել հրապարկումների վերաբերյալ արված այն մեկնաբանությունները, որոնք կգնահատվեն որպես վիրավորական, սպառնալիք պարունակող, բռնություն հրահրող կամ այլ պատճառներով էթիկապես անընդունելի