«Բացե՛ք կյանքի ճանապարհը»․ ԼՂ-ի բազմահազարանոց հանրահավաքի պահանջը
Հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում
Լեռնային Ղարաբաղում բազմահազարանոց հանրահավաք են անցկացրել՝ պահանջելով ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»։ Խոսքը Լաչինի միջանցքի՝ ԼՂ-ը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհի մասին է, որն արդեն երկու շաբաթ՝ դեկտեմբերի 12-ից սկսած արգելափակված է Ադրբեջանի բնակիչների կողմից, ովքեր իրենց անվանում են բնապահպան ակտիվիստներ։ Տեղի ոստիկանության տվյալներով՝ մայրաքաղաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքվել էր մոտ 50 հազար մարդ։ Նրանք, ովքեր եկել են մի փոքր ուշ, երբ հրապարակում այլևս տեղ չկար, ակցիային մասնակցել և ելույթները լսել են հարակից փողոցներից։
Հանրահավաքում հնչած կարևորագույն թեզերը, լուսանկարներ
«Իրավիճակի հանգուցալուծման երեք ճանապարհ կա»
Հանրահավաքի մասնակիցները պահանջում էին, որ «որպես էկոլոգ ներկայացող ադրբեջանցիները բացեն կյանքի ճանապարհը»։ Ելույթ ունեցողներից շատերը դիմել են միջազգային հանրությանը, խոսել Ադրբեջանի իշխանությունների վրա ճնշում գործադրելու անհրաժեշտության մասին։ Կարծում են՝ «էկոլոգիական արշավի» նախաձեռնողները հենց նրանք են։
«Վերածննդի հրապարակը տարիներ շարունակ եղել է մեր հույսերի, մտահոգությունների, երազանքների, պայքարի ու հաղթանակների խորհրդանիշը։ Այսօր մենք հավաքվել ենք այստեղ լսելու բոլորովին ոչ ականջահաճո ելույթներ, հավաքվել ենք իրար աչքերի մեջ նայելու, անկեղծ խոսելու և որոշելու, չնայած բոլոր փակ ճանապարհներին, թե ինչ ճանապարհ ենք բացելու մեզ համար, ինչի ենք պատրաստ մեզ բաժին ընկած փորձությունները հաղթահարելու համար»,- հանրահավաքի ժամանակ հայտարարել է լրագրող Ծովինար Բարխուդարյանը։
«Մենք հավաքվել ենք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում՝ ցույց տալու մեր միասնականությունն ու վճռականությունը։ Այսօր մեզ միավորում է նաև մեր առջև ծառացած բազմաթիվ խնդիրների լուծման, ապագայի նկատմամբ վստահությունը վերականգնելու ընդհանուր մտահոգությունը»,- ասել է Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հանրահավաքին մասնակցել են ԼՂ-ի թե՛ ներկա, թե՛ նախկին նախագահները, սակայն նրանք ելույթ չեն ունեցել։ Հանրահավաքի մասնակիցներին իր խոսքն է ուղղել միայն պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որն ասել է, որ իրավիճակի հանգուցալուծման երեք ճանապարհ կա.
«Առաջինը՝ ենթարկվում ենք ուշ թե շուտ ու կամաց-կամաց ինտեգրացվում ենք Ադրբեջանին, երկրորդը՝ այստեղից դուրս ենք գալիս, երրորդը՝ պայքարում ենք: Ես իմ որոշումը [հրաժարվել Ռուսաստանի քաղաքացիությունից և տեղափոխվել ԼՂ] կայացրել եմ սեպտեմբերի երկուսին՝ ես այստեղ եմ և պայքարում եմ, ու ես էստեղից չեմ գնալու, ու ես չեմ ենթարկվելու Ադրբեջանի պայմաններին։ Մենք պետք է պայքարենք»։
Նա ընդգծել է, որ ԼՂ հայերը չպետք է հրաշքի սպասեն, քանի որ դա տեղի չի ունենալու․
«Դժվար է լինելու, քրտինք ու արյուն է թափվելու, բայց եթե մեր մեջ զգանք ուժը, որ իրար հավատում ենք, որ մեր կյանքը իմաստը մեր հողի վրա ապրելն է, ես վստահ եմ, որ ոչ միայն մենք ենք զգալու, այլև աշխարհն է զգալու»:
Հանրահավաքի ժամանակ ելույթ ունեցողները խոսել են այն մասին, որ Ադրբեջանին բնավ չեն հետաքրքրում բնապահպանական խնդիրները, հիշեցրել են 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կողմից ֆոսֆորային ռումբերի կիրառման մասին։ Ասվել է նաև, որ բնապահպան ակտիվիստները ԼՂ տանող ճանապարհը փակելու փոխարեն պետք է մոնիթորինգ իրականացնեն Ադրբեջանի նավթահանքերում և հոգ տանեն Սումգայիթի օդի աղտոտվածության մասին։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է՝ հանրահավաքին աննախադեպ թվով մարդիկ էին հավաքվել։ Ֆեյսբուքյան էջում նա գրել է նաև, որ նկատել է ռուսական դրոշների և այլ խորհրդանիշների բացակայությունը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ եղել են այլ լեզուներով ելույթներ, որոնք ուղղված են եղել միջազգային հանրությանը․
«Կարևոր էր, որ հարթակից հնչեց ելույթ, որի ընթացքում խոսվեց առաջին շարքում կանգնած էլիտայի սխալների մասին [այստեղ կանգնած էին ներկա և նախկին նախագահները]։ Դա հանրահավաքն ավելի աուտենտիկ դարձրեց։ […] Դեռևս պաթոսը շատ է, բովանդակությունը՝ քիչ։ Այս հարցում պետք է որոշակի հավասարակշռության հասնել»։
Արգելափակված Լաչինի միջանցքի մասին բոլոր կարևոր փաստերը՝ հակիրճ
Դեկտեմբերի 12-ից փակ է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 120 հազար մարդ, որից 30 հազարը երեխաներ են, գտնվում են շրջափակման մեջ՝ հումանիտար աղետի եզրին։ Հայաստանից օրական 400 տոննա սննդամթերք ու դեղորայք էր գալիս այստեղ, ինչը անհնարին է դարձել շրջափակումից հետո։ Սնունդը, դեղորայքն ու վառելիքը սպառվում են։
Առողջական լուրջ խնդիրներ ունեցող քսանից ավելի հիվանդների անհրաժեշտ է անհապաղ տեղափոխել Հայաստան՝ որակյալ բուժօգնության համար։ Նրանցից մեկին հաջողվել է Կարմիր խաչի միջնորդությամբ տեղափոխել Երևան, ծանր հիվանդներից մեկը մահացել է։ Շրջափակման օրերին այստեղ ծնվել է 26 երեխա՝ 13 աղջիկ, 13 տղա։
Բաքվից ասում են, որ ակցիան ճանապարհ արգելափակելու նպատակ չունի, սակայն Լաչինի միջանցքով առայժմ անցել են միայն Կարմիր խաչի և ռուսական խաղաղապահ զորախմբի մեքենաները։
Հայաստանի վարչապետը քննադատել է խաղաղապահ ուժերի անգործությունը, որոնք այստեղ տեղակայված են հենց ԼՂ բնակչության պաշտպանության համար. «Դե ֆակտո ստացվում է, որ եռակողմ հայտարարությամբ արձանագրված պարտավորությունը, այն է՝ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, չի կատարում նաև Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը»։
Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտնել է, որ Երևանը կոչ է արել ՄԱԿ-ին և ԵԱՀԿ-ին, ԵԱՀԿ Մինսկի խմբին մոնիթորինգային առաքելություն ուղարկել Լաչինի միջանցք։
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը բավարարել է Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոցներ կիրառելու, Լաչինի միջանցքն ապաշրջափակելու մասին Հայաստանի դիմումը․
«Դատարանն Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ և բավարար միջոցները՝ ապահովելու «Լաչինի միջանցքով» Հայաստանում բժշկական օգնություն ստանալու կարիք ունեցող ծանր հիվանդ անձանց տեղաշարժը, ինչպես նաև ճանապարհին անապաստան մնացած կամ ապրուստի միջոցների կարիք ունեցող անձանց անվտանգ տեղաշարժը»։
Դեկտեմբերի 23-ին և 24-ին նույնպես ԼՂ-ում հավաքներ են տեղի ունեցել։ Դրանց մասնակիցները երթով շարժվել են մինչև ռուս խաղաղապահների անցակետն ու պահանջել ապաշրջափակել Լաչինի միջանցքը։ Դեկտեմբերի 24-ին խաղաղապահների ներկայացուցիչը հայտնել է, որ «հարցը կլուծվի առաջիկա երկու օրերի ընթացքում», ճանապարհը փակելու մասին որոշումը կարող է հրապարակվել դեկտեմբերի 26-ին։ Ակտիվիստները դադարեցրել են իրենց բողոքի ակցիաները մինչ այս ժամկետի ավարտը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հանրահավաք Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում