Հայ-թուրքական կարգավորո՞ւմ, թե՞ իմիտացիա. արձագանք Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց
Հայաստանն ու Սփյուռքը ակտիվ քննարկում են Փաշինյանի և Էրդողանի հեռախոսազրույցը։ Հայաստանի վարչապետն ու Թուրքիայի նախագահը կապ են հաստատել հուլիսի 11-ին: Հայաստանի կառավարության տարածած հաղորդագրության մեջ չի ասվում՝ ում նախաձեռնությամբ է այն տեղի ունեցել:
Սա Փաշինյանի և Էրդողանի առաջին ուղիղ շփումն էր: Երկու երկրների ղեկավարներն ընդգծել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի կարևորությունը:
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը հայ քաղաքագետները գնահատում են որպես «քայլ առաջ» կարգավորման ուղղությամբ: Ասում են՝ այդ քայլը պետք չէ գերագնահատել, բայց թերագնահատել նույնպես պետք չէ:
Թուրքիայի հայության, Հայաստանի հատուկ ներկայացուցչի արձագանքները, ինչպես նաև քաղաքագետների մեկնաբանությունները։
Ի՞նչ են հաղորդել Երևանն ու Անկարան
Ինչպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցիչների հանդիպումների պարագայում, այնպես էլ այս դեպքում կողմերը տարածել են նույնաբովանդակ հայտարարություններ:
Պաշտոնական Երևանի փոխանցմամբ՝ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ: Թուրքիայի նախագահն, իր հերթին, շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։
«Ղեկավարներն ընդգծել են իրենց երկրների միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասված է հաղորդագրությունում:
Փաշինյանն ու Էրդողանը հույս են հայտնել, որ շուտով կյանքի կկոչվեն հուլիսի 1-ին հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռքբերված պայմանավորվածությունները:
Դրանց իրագործմանը Հայաստանի վարչապետն ավելի վաղ էլ էր անդրադարձել: Կառավարության՝ հուլիսի 7-ի նիստի ընթացքում Փաշինյանը հայաստանյան գերատեսչություններին հանձնարարել էր կոորդինացված աշխատել Թուրքիայի պետական կառույցների հետ, որպեսզի ձեռքբերված պայմանավորվածությունները հնարավորինս արագ իրագործվեն:
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը արդեն չորս հանդիպում են ունեցել՝ երեքը Վիեննայում և մեկը՝ Մոսկվայում: Հուլիսի 1-ի հանդիպման ժամանակ նրանք պայմանավորվել են բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար, ինչպես նաև իրականացնել ուղիղ օդային բեռնափոխադրումներ։ Երևանն ու Անկարան դեռևս չեն հստակեցրել՝ ինչ ժամկետներում են իրագործվելու այս կետերը:
Մինչ այս պահը Ռուբինյան-Քըլըչ բանակցությունների միակ շոշափելի արդյունքը երկու երկրների միջև ուղիղ ավիահաղորդակցության վերականգնումն է։
«Բարեկամական նոր էջ կբացվի». Թուրքիայի հայության արձագանքը
Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հեռախոսազրույցը ողջունել է Պոլսո Հայոց պատրիարքը: Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը թվիթերյան էջում գրել է, որ այդ զրույցը «նվեր է աշխարհի համար, որը վրդովված է պատերազմի լուրերով»: Հոգևորականն ունի խաղաղության հույս․
«Ես աղոթում եմ, որ հաղթեն դիվանագիտության խաղաղ մեթոդները, ոչ թե զենքերը, պատերազմներն ու մահերը։ Հուսով եմ, որ այս հեռախոսազրույցը կօգնի թուրք-հայկական հազարամյա հարաբերություններում բարեկամության նոր էջ բացելուն»:
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցին անդրադարձել է նաև Թուրքիայի մեջլիսի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը:
«Հուսով եմ, որ նախագահ Էրդողանի և Հայաստանի վարչապետ Փաշինյանի հեռախոսազրույցը կարագացնի երկու երկրների միջև ընթացող կարգավորման գործընթացը», — գրել է նա իր թվիթերյան էջում:
«Կախված է Թուրքիայի քաղաքական կամքից». արձագանք Հայաստանից
Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչը դրական է գնահատում այն, որ Հայաստանի և Թուրքիայի ղեկավարները ուղիղ շփում են հաստատել, քննարկել կարգավորման գործընթացը: Ինչ վերաբերում է իր և Սերդար Քըլըչի միջև ձեռքբերված պայմանավորվածություններին՝ Ռուբինյանն ասում է՝ առարկայական են, կոնկրետ:
«Այսպիսի բարդ գործընթացներում ամենակարևոր բաներից մեկը առաջին պայմանավորվածություններն արագ իրագործելն է: Եթե դրանք արագ իրագործվում են, դա մեծապես օգնում է վստահության ամրապնդմանը, եթե չեն իրագործվում, հակառակը՝ խաթարում են այդ վստահությունը»,- նշել է նա և հույս հայտնել, որ դրանք կիրագործվեն շատ արագ:
Կոնկրետ ժամկետներ պաշտոնյան չի նշել: Ասել է միայն, որ տրամաբանական կլինի, եթե դա տեղի ունենա առաջիկա ամիսներին:
«Ազատության» հետ զրույցում Ռուբինյանը չի հստակեցրել՝ հատուկ ներկայացուցիչնե՞րն են նախապատրաստել Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը, թե՞ ոչ: Ասել է միայն, որ հեռախոսազանգի կազմակերպման գործում միջնորդ չի եղել:
Ռուբինյանի փոխանցմամբ՝ այս պահին Հայաստանի և Թուրքիայի ղեկավարների հանդիպման պայմանավորվածություն չկա:
Հայաստանի հատուկ ներկայացուցիչը կարծիքը չի փոխել՝ կարգավորման գործընթացի հաջողությունը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից: Վստահեցնում է՝ Հայաստանը պատրաստ է հենց վաղը Թուրքիայի հետ ունենալ բաց սահմաններ և դիվանագիտական հարաբերություններ:
«Եթե դա տեղի չի ունենում վաղը, և եթե Հայաստանը պատրաստ է դրան, դա նշանակում է, որ դրա իրագործումը կախված է Թուրքիայի քաղաքական կամքից, որովհետև Հայաստանն ակնհայտորեն այդ քաղաքական կամքն ունի»,- շեշտել է Ռուբինյանը:
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ կարգավորման ուղղությամբ արված ցանկացած քայլ ավելի լավն է դարձնում հայ-թուրքական օրակարգը: Ընդգծում է՝ Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույցը գերագնահատել պետք չէ, բայց պետք չէ նաև թերագնահատել: Պարզապես պետք է այն ընկալել որպես «քայլ առաջ»:
«Ազատության» հետ զրույցում Քոչինյանը նշել է, որ զրույցը կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ.
«Մի մասը կարող է ասել, որ կա բովանդակային գործընթաց, և վերջնարդյունքում կունենանք հարաբերությունների կարգավորում: Մյուս տեսակետն էլ կարող է լինել այն, որ Թուրքիան ավելի շատ շահագրգռված է հարաբերությունների կարգավորման իմիտացիա ստեղծելով, քան իրականում կարգավորմամբ զբաղվելով: Ինձ թվում է՝ իրականությունը ինչ-որ մի տեղ կենտրոնում է»,- շեշտել է քաղաքագետը:
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի խոսքով՝ հայ-թուրքական կարգավորումն ունի երկու առանցքային «հենման կետ»՝ թուրք-ամերիկյան և ռուս-թուրքական հարաբերությունները.
«Հեքիաթ է պատկերացնելը, թե առանց այդ երկուսի բալանսավորման, հնարավոր է որևէ էական առաջընթաց հայ-թուրքական կարգավորման հարցում: Իսկ այդ բալանսավորումն առավել ևս այսօր շատ բարդ գործ է»:
Քաղաքական մեկնաբանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Փաշինյան-Էրդողան զրույցին հաջորդել է Էրդողան-Պուտին հեռախոսազրույցը: Նկատում է՝ օրեր առաջ էլ Ռուսաստանի նախագահը Փաշինյանի հետ էր քննարկել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թեման:
«Հայ-թուրքական ներկայիս աշխատանքը իր նշանակությամբ առավել ճշգրիտ է դիտարկել իբրև գործընթաց, որը շատ ավելի բարդ ու բազմակողմ խաղի մաս է, ոչ թե աշխատանք, որն ունի մեկ նպատակ՝ հարաբերությունների կարգավորումը»,- ընդգծում է Հակոբ Բադալյանը:
Կարծում է՝ հայ-թուրքական գործընթացի նշանակության ստույգ գնահատումը Հայաստանին հնարավորություն կտա «հեռու լինել պատրանքներից ու չափազանցված սպասումներից, ինչպես նաև մանրադրամ դառնալու ռիսկերից»:
Փաշինյան-Էրդողան հեռախոսազրույց