Հայ-ադրբեջանական սրացում․ բոլոր մանրամասները՝ երկու կողմից
Հայկական կողմը հայտարարում է Ադրբեջանի կողմից հերթական սրացման, «Արցախում հրադադարի ռեժիմի կոպիտ խախտումների» մասին։ Հաղորդվում է, որ ադրբեջանական զինուժը «տարբեր տրամաչափի հրաձգային զենք և ականանետներ է կիրառում»։ Սրացումը սկսվել է մարտի 9-ին և շարունակվել լույս 10-ի գիշերը, գնդակոծվել են խաղաղ բնակավայրեր, վիրավորվել է Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղի բնակիչներից մեկը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ միջազգային գործընկերների հետ աշխատանք է տարվում լարվածության նվազեցման ուղղությամբ։
Ադրբեջանական Տելեգրամ-ալիքները մարտի 9-ին նույնպես հաղորդել են, որ «ճակատում աշխուժություն է կատարվում», որից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերքել է «հայկական կողմի տարածած ասեկոսեներն իբր Ադրբեջանի տարածքում լարվածության մասին»։
Իրավիճակի բոլոր մանրամասները՝ երկու կողմից, իրադարձությունների պաշտոնական գնահատական վարչապետ Նիկոլ Փաշինյանից, Հայաստանի և Արցախի օմբուդսմենների հայտարարությունն, ինչպես նաև քաղաքագիտական կարծիք Երևանից և Բաքվից։
- Տեխնիկական խնդի՞ր, թե՞ ադրբեջանական դիվերսիա։ Արցախը զրկվել է գազից
- Ադրբեջանը մտադիր է դատի տալ Արցախի նախագահին, հայկական կողմը պահանջում է դատել Ալիևին
- «Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագիրն առաջնահերթություն է»․ ի՞նչ են նշանակում ԱԳՆ հայտարարությունները
Տեղեկություններ Երևանից
Արցախից հայտնում են, որ մարտի 9-ին ողջ օրը և լույս 10-ի գիշերն Ադրբեջանի ԶՈւ-ն ինտենսիվ կրակ է վարել խաղաղ բնկավայրերի ուղղությամբ։ Ականանետի արկի բեկորներից վիրավորվել է Խրամորթ գյուղի բնակիչ, 51-ամյա Սուրեն Բաղդասարյանը։
Հիմնականում գնդակոծվել են Ասկերանի շրջանի Խրամորթ և Նախիջևանիկ գյուղերը, Մարտունու շրջանի Խնուշինակ և Կարմիր շուկա բնակավայրերն, ինչպես նաև հարակից ճանապարհները։
Հայկական կողմը ռեժիմի խախտումների մասին իրազեկել է ռուս խաղաղապահներին, որոնք այդտեղ են գտնվում 2020 թ-ի աշնանից՝ Արցախում ռազմական գործողությունները դադարեցնող փաստաթղթի ստորագրումից հետո։
Իրավիճակը վատթարանում է նրանով, որ մարտի 8-ի գիշերվանից Արցախի ողջ տարածքը զրկված է գազից։ Վնասվել է գազատարը, որով Հայաստանից գազն Արցախ է հասնում։ Գազատարի վնասված հատվածն այն տարածքում է, որը 2020 թ-ի Արցախյան պատերազմից հետո գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Ադրբեջանական կողմն արդեն երրորդ օրն է՝ թույլ չի տալիս մոտենալ վթարված հատվածին՝ վերականգնողական աշխատանքներ իրականացնելու համար։
Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ վթարը տեղի է ունեցել գազատարի՝ ադրբեջանական դիրքերի մոտ գտնվող հատվածում։ Արցախի Ազգային անվտանության ծառայությունից հաղորդում են, որ որպես հնարավոր վարկած դիտարկում են նաև միտումնավոր պայթեցման, Ադրբեջանի կողմից դիվերսիայի հնարավորությունը։
Գազատարի վնասման հետևանքով Արցախում հումանիտար խնդիրներ են առաջացել, մասնավորապես, առանց գազի չեն կարող աշխատել հացի գործարանները, բնակչության մեծ մասը ջեռուցման հետ կապված խնդիրներ ունի։
«Ադրբեջանական ԶՈւ-ն փորձում է հոգեբանական ճնշում գործադրել»
Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանն ու ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը համատեղ հայտարարություն են տարածել։ Նրանք գնահատում են «հերթական սրացումը՝ որպես բնակչության վրա հոգեբանական ճնշում գործադրելու փորձ»։ Որպես այս մտքի հիմնավորում՝ նրանք հիշեցնում են այն ձայնագրության մասին, որը վերջերս ադրբեջանական կողմից բարձրախոսներով հնչում է հայկական գյուղերի մերձակայքում։ Այդ բնակավայրերի բնակիչներին հայերենով կոչ է արվում լքել իրենց տները՝ սեփական կյանքը փրկելու համար։
Բացի այդ, օմբուդսմեններն ասում են, որ ադրբեջանական կողմը խաղաղ բնակավայրերի հարևանությամբ «ցուցադրաբար ծանր ռազմական տեխիկա է կուտակել»։
Իրավիճակի սրացման առնչությամբ՝ կանայք և երեխաները տարհանվել են մարտի լույս 10-ի գիշերը, սակայն, ինչպես հաղորդում են օմբուդսմենները, առավոտյան նրանք, այնուամենայնիվ, վերադարձել են իրենց տները։
Հայտարարությունում ընդգծվում է, որ «հայատյացության հանցավոր քաղաքականությունը, որն իրականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, սպառնալիքի տակ է դնում իրենց հայրենիքում ապրող մարդկանց կյանքն ու անվտանգությունը»։
Օմբուդսմենները կարծում են, որ ադրբեջանական կողմի նպատակը բնակավայրերը դատարկելն է, «հայկական բնակչությանը սեփական հողերից արտաքսելը»։
Նույն կարծիքին է նաև Արցախի արտգործնախարարությունը։ Գերատեսչությունը նույնպես հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․
«Պաշտոնական Բաքվի քաղաքականությունն, ինչպես միշտ, խիստ ապակառուցողական է, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքի հիմնադրույթները, մարդասիրության հիմունքները, իր էությամբ հայատյացության, նացիզմի և ահաբեկչության համակցում է:
Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախարարությունը խստիվ դատապարտում է Ադրբեջանի սադրիչ գործողությունները, որոնք սպառնալիք են տարածաշրջանային խաղաղության ու կայունության համար, հարված՝ խաղաղապահ առաքելությանը, մարտահրավեր՝ քաղաքակիրթ աշխարհին, և չպետք է անարձագանք մնան»։
Փաշինյան․ «Կենտրոնանանք խնդիրների լուծման վրա»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արցախում ստեղծված իրավիճակը գնահատել է՝ որպես լարված, նա ընդգծել է, որ մտադիր է զերծ մնալ լրացուցիչ գնահատականներից․
«Մենք Արցախի իշխանությունների և միջազգային գործընկերների հետ համատեղ աշխատում ենք իրավիճակի կայունացման և կարգավորման ուղղությամբ։ Հիմա գնահատականներ չտանք, պարզապես արձանագրենք, որ այսպիսի իրավիճակ է ստեղծվել և փորձենք կենտրոնանալ խնդիրների լուծման վրա»։
Մինչդեռ նախօրեին՝ Ֆրանսիա կատարած իր այցի ընթացքում նա Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը քննարկել է Ֆրանսիայի նախագահի հետ։ Փաշինյանը հայտարարել է, որ իրավիճակի սրացման ցանկացած փորձ անթույլատրելի է, սակայն Ադրբեջանը շարունակում է սադրիչ գործողություններն ինչպես Արցախում, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին։ Մասնավորապես, մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին Ադրբեջանի ԶՈւ թիրախային կրակոցների հետևանքով զոհվել է մեկ զինծառայող, ևս մեկը վիրավորվել է։
«Զրուցակիցները կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և 44-օրյա պատերազմից հետո ստորագրված եռակողմ հայտարարությունների իրականացումը», — հայտնել է Հայաստանի վարչապետի մամուլի ծառայությունը։
Արցախում և Հայաստանի հետ սահմանին կատարված միջադեպերի մասին Փաշինյանը Ֆրանսիայում խոսել է նաև Եվրախորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ ոչ պաշտոնական հանդիպման ընթացքում։
Հայաստանի վարչապետը Փարիզում էր նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով՝ Ֆրանսիայի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ «Ադրբեջանն այժմ փորձում է օգտագործել այն հանգամանքը, որ Ռուսաստանն այս պահին զբաղված է Ուկրաինայի դեմ պատերազմով և այլ առաջնահերթություններ ունի»:
Նրա կարծիքով՝ ադրբեջանական կողմի գործողությունները Մոսկվայի արձագանքն են ստուգում․
«Մյուս կողմից, կարծում եմ, Ադրբեջանը փորձ է անելու ինչ-որ լոկալ, տակտիկական մակարդակի հաջողությունների հասնել»։
Փորձագետը հիշեցնում է, որ ավելի վաղ ադրբեջանական մեդիան հաղորդել էր գարնանը հայ-ադրբեջանական սահմանին սրացման նոր փուլի մասին․
«Եվ այդ սրացման նպատակը սահմանին այն է լինելու, որպեսզի Հայաստանին կրկին ռազմական դիվանագիտության միջոցով դրդեն ավելի ակտիվանա հայ-ադրբեջանական համատեքստում տեղի ունեցող տարբեր գործընթացներում, մասնավորապես, դելիմիտացիայի, դեմարկացիայի գործընթացում։
Ադրբեջանցիները վերջին շաբաթների ընթացքում դժգոհություն էին հայտնել, որ այդ գործընթացը պասիվացել է և Հայաստանն ակտիվություն չի ցուցաբերում։ Գիտենք, որ Հայաստանը, մեծ հաշվով, նշում է, որ այլ գործընթաց սկսելու համար պետք է նպաստավոր մթնոլորտ ստեղծվի սահմանին, վարչապետը խոսում է հայելային հետքաշման մասին»։
Տեղեկություններ Բաքվից
Մարտի 9-ի առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է ԼՂ-ում հրադադարի ռեժիմի խախտման մասին։
«Ադրբեջանական բանակը հարվածներ չի հասցնում քաղաքացիական ենթակառուցվածքին, այլ միայն ապօրինի հայկական զինված կազմավորումների դիքերին», — հայտարարել է նախարարությունը։
Նույն օրը երեկոյան սոցցանցերի ադրբեջանական տիրույթում հաղորդագրություններ են հայտնվել Արցախում «հակաահաբեկչական գործողության մեկնարկի» մասին։
Սակայն կեսգիշերին մոտ ՊՆ-ն հերքել է այդ տեղեկությունները։
«Հայկական սոցցանցերում տարածվող լուրերն իբր Ադրբեջանի տարածքում լարվածության մասին, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահներն, անհիմն են ու սադրիչ բնույթ են կրում։
Արձանագրում ենք, որ իրավիճակը բոլոր ուղղություններով կայուն է և ադրբեջանական բանակի ստորաբաժանումների վերահսկողության տակ է գտնվում», — ասված է նախարարության հաղորդագրությունում։
Մարտի 10-ի առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ գիշերը հայկական զինված ուժերը խախտել են հրադադարը 20 անգամ։ Ըստ այդ տեղեկությունների՝ խախտումները գրանցվել են Աղդամի շրջանի ուղղությամբ։
Մեկնաբանություն Բաքվից
JAMnews-ը քաղաքական վերլուծաբան Աղշին Քերիմովին խնդրել է մեկնաբանել այս իրադարձությունները։
«Վերջին օրերին մտահոգիչ լուրեր են ստացվում ադրբեջանական տարածքներից, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները», — նշել է նա։
— Ի՞նչ է նշանակում ՊՆ հայտարարությունը, որում խոսվում է Ղարաբաղում հայկական զինված ուժերին հարվածներ հասցնելու մասին։
— Գերատեսչության հաղորդագրությունում նշվում է, որ խաղաղապահների վերահսկողության տակ գտնվող տարածքներից կրակ է վարվում ադրբեջանական բանակի դիրքերի ուղղությամբ, և, որպես համարժեք պատասխան, ճշգրիտ հարվածներ են հասցվում անջատողականներին։
2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության ստորագրման օրվանից ի վեր սա ադրբեջանական կողմից առաջին ծանր հարվածն է անջատողականներին։ Պետք է հաշվի առնել, որ խոսքը չի գնում խոշոր տրամաչափի զենքի մասին։ Այդտեղ խոսվում է գերճշգրիտ հարվածների մասին։
— Վերջերս սոցցանցերոմ տեսանյութեր են հայտնվում, որոնցում երևում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը Ղարաբաղում հայերով բնակեցված տարածքներ ուղարկում բարձրախոսներ, վաղ առավոտյան այնտեղ նամազ է հնչում, Ադրբեջանի պետական հիմնը և այլն։ Դա ի՞նչ է՝ ըստ Ձեզ։ Այդ տարածքներից հայերի խաղաղ հեռանալու միջո՞ց, թե՞ այլ ուղերձ։
— Ներկա պահին այդ գործողությունները, պայթող արկերի ձայներին զուգահեռ, կարելի է անվանել Ադրբեջանի հիբրիդային պատերազմի մարտավարության տարրեր։
Բնականաբար, Ադրբեջանը փորձում է այնպես անել, որ անջատողականները լքեն Ղարաբաղը, և այդ նպատակի համար փափուկ ռազմական ուժի հետ մեկտեղ օգտագործում է հոգեբանական ճնշման գործիքներ։
Նամազի, պետական հիմնի այդ ձայներն, անկասկած, հիբրիդային պատերազմի տարրեր են։
Ադրբեջանն առավելագույնս ձգտում է լիարժեք ապահովել իր ինքնիշխանությունն այն տարածքներում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, առանց ռազմական գործողության կիրառման։
Սակայն դժվար է փոխել հայ անջատողականների մտածելակերպը, այդ պատճառով էլ՝ ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը ռազմական ուժի է դիմում համարժեք չափով։
— Բավականին տեղեկացված աղբյուրները գիշերը հաղորդել են Ղարաբաղում հակաահաբեկչական գգործողությունների մեկնարկի մասին։ Սակայն որոշ ժամանակ անց՝ այդ տեղեկությունը պաշտոնապես հերքվել է։ Ի՞նչ է կատարվում իրականում։
— Մարտի 9-ին տարածված հաղորդագրություններին ադրբեջանական կողմը չի պատասխանել՝ նախընտրելով լռությունը։ Իրականում, դա Բաքվի ռազմավարական, անշտապ գործողությունների ցուցանիշն է։ Հարկ է հաշվի առնել, որ ադրբեջանական կառավարությանը մոտ այդ նույն աղբյուրները լուրեր են տարածել Ղարաբաղից խաղաղապահ զորախմբերի մի մասի դուրսբերման մասին։ Ըստ ամենայնի՝ այդ ամենը համընկնում է պաշտոնական Բաքվի ռազմավարության հետ։
Այսպես ասենք՝ Ադրբեջանը լուռ սկսել է կամ պատրաստվում է սկսել ինչ-որ գործողություններ և նախընտրում է մանրամասներ չհաղորդել։
Ինչ վերաբերում է հակաահաբեկչական գործողություններին, բնականաբար, եթե նման բան տեղի ունենա, դա կհամաձայնեցվի Ռուսաստանի հետ։
Հիշեցնեմ, որ Մոսկվա կատարած իր այցի ընթացքում նախագահ Իլհամ Ալիևն առաջին անգամ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում նշեց 2020 թ-ի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության 4-րդ կետի կատարման անհրաժեշտության մասին, որը նախատեսում է բոլոր հայկական զինված կազմավորումների դուրսբերում Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքից։