Ժամանակակից բանակ դառնալու ճանապարհին. Հայաստանի ԶՈՒ-ն 33 տարեկան է
Հայկական բանակը 33 տարեկան է
Հայաստանի Զինված ուժերն այսօր նշում է կազմավորման 33-րդ տարեդարձը: Այդ առիթով վաղ առավոտյան «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, գործադիր և օրենսդիր իշխանության այլ ներկայացուցիչներ:
Վարչապետ Փաշինյանի այցից առաջ դեպի պանթեոն ԶԼՄ ներկայացուցիչների տեղաշարժը սահմանափակվել է: Լրագրողները կառավարության ղեկավարին և անդամներին հարցեր ուղղելու հնարավորություն չեն ունեցել:
Ավելի ուշ նրանց հաջողվել է զրուցել ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի, Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահի հետ: Նրանք վստահեցրել են՝ Հայաստանի իշխանությունները շարժվում են խաղաղության, բայց նաև ժամանակակից բանակ կառուցելու ճանապարհով:
Օրվա կարևոր դրվագները՝ համառոտ
- «ԱՄՆ-ից զենքի վաճառք դեռ չկա, բայց մենք շահագրգռված ենք»․ ՀՀ պաշտպանության նախարար
- «ՀՀ-ն չի ռազմականացվում, բարձրացնում է իր վրա հարձակվելու գինը»․ կարծիք Երևանից
- Ադրբեջանի զինված ուժերը դուրս կբերվե՞ն Ջերմուկից․ պատերազմից 2 տարի անց
- «Աննախադեպ է, բայց շեշտակի զիջում է Ադրբեջանին»․ փորձագետը՝ ՀՀ ռազմական ծախսերի մասին
«Գնում ենք խաղաղության ճանապարհով». Զինված ուժերի ԳՇ պետ
«Քաղաքական ղեկավարության հետ գնում ենք խաղաղության ճանապարհով, սահմանազատման ու սահմանագծման ճանապարհով, Զինված ուժերն էլ շարունակում են զարգանալ, կատարելագործվել, համալրվել»,- վստահեցրել է ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը:
Նրա փոխանցմամբ՝ Զինված ուժերը կատարում են իրենց առջև դրված խնդիրները, իսկ սահմանային իրադրությունը ներկա պահին հարաբերական կայուն է: Մյուս կողմից նկատել է՝ այո, մտահոգություններ ունենալ պետք է, քանի որ հակառակորդը շարունակում է մնալ ՀՀ ինքնիշխան տարածքում:
Լրագրողները Ասրյանից հետաքրքրվել են՝ արդյո՞ք սահմանազատման գործընթացի արդյունքում Ադրբեջանի ԶՈՒ-ն դուրս կգա Հայաստանի տարածքից՝ մասնավորապես, Ջերմուկից: Ի պատասխան Գլխավոր շտաբի պետն ասել է՝ կհետևենք աշխատանքների արդյունքներին:
«Այդ հարցին պատասխանել չեմ կարող, դրա համար կա սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով»,- հավելել է նա:
«Պետք է կառուցենք ժամանակակից բանակ». ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահ
Իշխող ուժի պատգամավոր, խորհրդարանի պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում շեշտել է՝ պետք է կառուցենք բանակ, որը մեզ կպահի ամուր դիրքերում: Ըստ նրա՝ հիմա ՀՀ-ն փորձում է անցնել այդ բարդ ճանապարհը:
«Ժամանակակից բանակները հատուկ նշանակության [ուժերի] տրամաբանության մեջ գործող բանակներ են, այսինքն՝ փոքր կառույցներ մեծ խնդիրներ լուծելու համար: Նշանակում է՝ պետք է ունենալ ժամանակակից սպառազինություն և դա կիրառելու համար լավ գիտելիքներ ունեցող զինվորականություն»,- նշել է նա և հավելել, որ դա է իշխանությունների քաղաքականությունը, որը քայլ առ քայլ փորձում են դարձնել իրականություն:
«Բանակի հզորացումը հրամայական է». Ամենայն հայոց կաթողիկոս
Ուղերձ է հղել Գարեգին Երկրորդը: Շեշտել է՝ անգնահատելի է Հայոց բանակի դերն ու վաստակը ինչպես նորանկախ պետականության, այնպես էլ հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության գործում:
«Այսօր մեր պետության առջև ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ և իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը»,- հայտարարել է Ամենայն հայոց հայրապետը:
«Այժմ բանակն անցնում է կայացման և բարեփոխումների ճանապարհ». ԱԺ նախագահ
Խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի դիտարկմամբ՝ ՀՀ Զինված ուժերի ստեղծումից ի վեր բանակը բախվել է տարբեր մարտահրավերների, իսկ այժմ անցնում է կայացման ու բարեփոխումների ճանապարհով, որն այնքան էլ հեշտ չէ.
«Բայց մեր իշխանությունն արել ու անում է ամեն ինչ, որպեսզի ՀՀ-ն ունենա ժամանակակից, ուժեղ և մարտունակ բանակ, որը կդառնա մեր պետության անկախության, անվտանգության և ինքնիշխանության երաշխավորն ու պաշտպանը»:
Իր ուղերձում Սիմոնյանն առանձնահատուկ շնորհակալություն է հայտնել սահմանին կանգնած բոլոր զինծառայողներին։ Նշել է, որ խոնարհվում է բոլոր անմահացածների հիշատակի առաջ, որոնց շնորհիվ Հայաստանի Հանրապետությունը կանգուն է:
«Հետևողականորեն աշխատում ենք ԶՈՒ մարտունակության բարձրացման ուղղությամբ». նախագահ
Նախագահ Վահագն Խաչատուրյանն իր ուղերձում հիշեցրել է՝ հայկական բանակը ձևավորվել է բարդ և դժվարին պայմաններում՝ ազգային միասնականության, տոկունության ու հայրենասիրության հիմքի վրա։
«Այսօր մեր զինվորներն ու սպաները մեծ պատասխանատվությամբ և նվիրումով շարունակում են այդ կարևոր առաքելությունը՝ պաշտպանելով սահմանները և ապահովելով երկրի անվտանգությունը՝ պատրաստ լինելով ցանկացած պահի պաշտպանել ՀՀ անդորրը»,- շեշտել է նա:
Խաչատուրյանի գնահատմամբ՝ պետության գերակա խնդիրներից է բանակի զարգացում, մարտունակության բարձրացումն ու ռազմական տեխնիկայի արդիականացումը: Վստահեցրել է՝ հետևողականորեն աշխատում են նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավման ուղղությամբ:
«Համակարգային խնդիրների համար լուծումներ են մշակվում». ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ իր գործունեության առաջնահերթությունն են Զինված ուժերում մարդու պաշտպանված իրավունքներն ու իրավունքի գերակայությունը: Արձանագրել է՝ ԶՈՒ յուրաքանչյուր ներկայացուցչի իրավունքների պաշտպանությունը մշտապես իր ուշադրության կենտրոնում է։
«Պարբերաբար այցեր եմ իրականացնում զորամասեր և զինվորական հաստատություններ՝ անձամբ հանդիպելով զինծառայողների հետ՝ հասկանալու և բարձրացնելու նրանց մտահոգող հարցերը: Մեր կողմից վերհանված համակարգային խնդիրների համար մշակվում և իրավասու պետական մարմիններին ներկայացվում են համապատասխան առաջարկություններ և լուծումներ»,- նշել է նա:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայկական բանակը 33 տարեկան է