Կորոնավիրուսից տուժած զբոսաշրջության ոլորտը Հայաստանի կառավարությունից օգնություն կստանա
Զբոսաշրջության ոլորտում աշխատող ընկերությունները Հայաստանի կառավարությունից ֆինանսական օգնություն կստանան։ Խոսքն առանց եկամուտների մնացած ոչ մեծ հյուրանոցների, հանգստյան տների, զբոսաշրջային գործակալությունների և այն ընկերությունների մասին է, որոնք ծառայություններ են մատուցում զբոսաշրջիկներին, այդ թվում՝ սնունդ։
Կորոնավիրուսի սոցիալ–տնտեսական հետևանքների հաղթահարման հակաճգնաժամային հերթական ծրագիրն ընդունվել է կառավարության օգոստոսի 13–ի նիստին։
Պետությունը կաջակցի այն կազմակերպություններին, որոնք նվազագույնը երեք աշխատակից ունեն և հիմնվել են 2020 թ–ի մարտի վերջից ոչ ուշ։ Ծրագիրն, առաջին հերթին, ուղղված է այն ընկերություններին, որոնք չեն կրճատել աշխատակիցներին։
• Ում և ինչ օգնություն է Հայաստանում տրամադրվում կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարման համար
• Հայաստան։ Երեք կանանց պատմություն, որոնք իրենց բիզնեսը փրկում են կորոնավիրուսից
Ո՞վ կարող է օգտվել օգնությունից
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը պարզաբանել է, որ պետության օգնությունը տրամադրվելու է աշխատավարձերի վճարման համար դրամաշնորհների տեսքով։ Ընդ որում, այն ընկերությունները, որոնք խուսափել են աշխատակիցներին կրճատել, հատուկ խրախուսում կստանան։
Օրինակ՝ եթե վերջին մեկ տարում կազմակերպությունը կարողացել է պահպանել աշխատակիցների ավելի քան 70%–ն, ապա այն դրամաշնորհ կստանա յուրաքանչյուր երրորդ աշխատակցի, եթե 20–70%, ապա՝ յուրաքանչյուր չորրորդի հաշվարկով։
Ինչ վերաբերում է ժամկետներին, ապա ծրագիրը գործելու է 2020 թ–ի հուլիսից մինչև 2021 թ–ի մարտ։ Սակայն երբ ընկերության ֆինանսական վիճակը կայունանա, աջակցությունը կդադարի, օրինակ, եթե որևէ եռամսյակում կազմակերպության շրջանառությունը գերազանցի նախորդ տարվա նույն եռամսյակի շրջանառության 70%–ը։
Օգնություն չեն ստանա այն ընկերությունները, որոնք 2019 թ–ին, կառավարության որոշմամբ, աջակցություն են ստացել, մասնավորապես, ավելի քան 50 մլն դրամի ԱԱՀ-ի վերադարձ և, այնուամենայնիվ, կրճատել են աշխատակիցների կեսից ավելին։
Պետաջակցություն չեն ստանա նաև այն ձեռնարկությունները, որոնք թաքցնում են իրենց շրջանառությունն ու ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում։
«Եթե ընկերությունը ՀԴՄ օգտագործման կանոնների խախտում է թույլ տվել, և այդ ակտը չի բողոքարկվել, ապա այդ ամսից ընկերությունը դադարում է ծրագրի շահառու լինել», — հայտարարել է էկոնոմիկայի նախարարը։
Որքան գումար է պետությունը ծախսել հակաճգնաժամային ծրագրերի վրա
Հայաստանի կառավարությունը կորոնավիրուսի հաղթահարման, ընդհանուր առմամբ, 24 հակաճգնաժամային ծրագիր է իրականացրել։ Դրանք նախատեսված էին բիզնեսին և հասարակության անապահով շերտերին օգնելու համար։
Օգոստոսի 12–ի դրությամբ այդ ծրագրերի համար տրամադրվել է 144,5 մլրդ դրամ, կառավարության նիստին հաղորդել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը․
«Դրանցից սոցիալական ծրագրերի համար ծախսվել է 26,2 մլրդ դրամ, տնտեսականների վրա՝ 17,5 մլրդ դրամ, ևս 19,9 մլրդ դրամ՝ փոխանցվել է բանկերի միջոցով»։