Ֆոտոպատմություն այրված շենքի բնակիչների մասին, որոնք 26 օր ապրում են վրաններում
Արմավիր քաղաքի Սիլիկյան թաղամասի հրդեհված շենքի 11 ընտանիքներ արդեն 26 օր է, ինչ փողոցում են հայտնվել:
23 հոգի դեռևս ապրում են վրաններում՝ զրկված կենցաղային ամենատարրական պայմաններից:
Հոկտեմբերի 22-ին, ժամը 22:00-ի սահմաններում, անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել Սիլիկյան 9 հասցեում: Ոչ ոք չի վնասվել, բայց շենքն ամբողջությամբ այրվել է:
Երկհարկանի շենքի ընդհանքուր տարածքը կազմում է շուրջ 400 քմ: Հրդեհի ժամանակ տեղի է ունեցել պայթյուն և շենքը փլուզվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակիցների նախնական տվյալներով, պայթյունը տեղի է ունեցել բնակարաններում տեղադրված գազի բալոններից:
Հրդեհված շենքի բնակիչներից շատերն առաջին երկու օրը փողոցում են գիշերել՝ առանց ծածկի:
Հրդեհի հաջորդ օրը Արմավիրի քաղաքապետարանը, ավագանու որոշմամբ, 11 ընտանիքների յուրաքանչյուր անդամին 60 հազարական դրամ օգնություն տրամադրեց, Կարմիր խաչն օգնեց հագուստով ու սնունդով:
Կառավարությունը որոշել է հրդեհից տուժած ընտանիքների համար ժամանակավոր բնակարաններ վարձել:
Բնակիչները մերժում են կառավարության առաջարկը և պահանջում սեփական բնակարանի հարց լուծել:
Խնդրով զբաղվում է Արմավիրի մարզպետարանը: Մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանի խոսքով, նախնական պայմանավորվածության համաձայն, 10 ընտանիք առայժմ 4 ամիս ժամկետով կտեղափոխվի վարձով բնակարաններ: Մեկ ընտանիքի համար քաղաքապետարանը ժամանակավոր տարածք է հատկացրել տնակ տեղադրելու համար:
Նախատեսվում է վարձակալվող 10 բնակարանների սեփականատերերի հետ կնքել եռակողմ պայմանագիր, որտեղ Արմավիրի քաղաքապետարանը հանդես կգա որպես վարձավճարների վճարման երաշխավոր:
Հրդեհված շենքի բնակարանները 11 ընտանիքների սեփականությունը չէր հանդիսանում: 25 տարի այդտեղ էին բնակվում և այդ հասցեում էին գրանցված, սակայն շենքը մասնավոր սեփականատեր ուներ:
Ինչպես կլուծվի տուժած ընտանիքների սեփականության իրավունքով բնակարանների ձեռք բերման հարցը, Արմավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը դժվարանում է պատասխանել, ասում է կառավարությունը կորոշի, քաղհամայնքի բյուջեն այդքան հնարավորություն չունի:
Հրդեհի բռնկման պատճառները պարզվում են, կատարվում է հետաքննություն: