Հայաստանում կորոնավիրուսով վարակված կինը երեխա է ծննդաբերել, ևս մեկ մարդ մահացել է
Հայաստանում ապրիլի 17-ի ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված մարդկանց թիվը հասել է 1201-ի։ Վերջին մեկ օրվա ընթացքում արձանագրվել է 42 նոր դեպք։
Մահացել է ևս մեկ պացիենտ, այսինքն արձանագրվել է մահվան 19-րդ դեպքը:
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ ապրիլի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացած քաղաքացին 58 տարեկան էր․
«Տղամարդն ունեցել է նաև ուղեկցող քրոնիկ հիվանդություններ` սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային գերճնշում 3-րդ աստիճանի, ճարպակալում 2-3-րդ աստիճանի: Բուժման ընթացքում ախտորոշվել է սրտամկանի սուր ինֆարկտ․․․ Ապրիլի 8-ին կատարվել է կորոնար զարկերակի ստենտավորում»:
Առողջացել է ևս 44 պացիենտն, բուժվածների ընդհանուր թիվը դարձել է 402, շարունակում են բուժվել 780-ը:
Ընդհանուր առմամբ, կատարվել է 10,793 թեստ, որից 1077-ը՝ երեկ։
Երեխա է ծնվել
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Facebook-ի իր էջում նաև լավ լուր հաղորդել․
«Երեկ ունեցել ենք առաջին ծնունդը մայրիկից, ում մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել: Բարեբախտաբար, շնորհիվ մեր բժիշկների պրոֆեսիոնալիզմի թե՛ երեխան, թե՛ մայրը իրենց լավ են զգում»։ Ծննդաբերությունից հետո կատարված թեստի համաձայն, մայրն արդեն առողջացել է։ Փոքրիկին կթեստավորեն այսօր: Ամեն դեպքում՝ նույնիսկ եթե երեխան վարակված չէ, նրանք երկուսն էլ 14 օր գտնվելու են բժշկական կենտրոնում: