Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 14-րդ մահն է գրանցվել։ Արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է ևս մեկ ամսով
Հայաստանում կորոնավիրուսով վարակված ևս մեկ հիվանդ է մահացել։ Սա արդեն 14-րդ մահն է։
Ժամը 11.00–ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 1039–ի։ Նրանցից ապաքինվել է 211 մարդ, մահացել՝ 14–ը։
- Կորոնավիրուս․ տեղաշարժիազատություն ունեն միայն շների տերերն ու լրագրողները
- Պայքար համաճարակի դեմ Վրաստանում. գլխավոր սպառնալիքը եկեղեցին է
- Պանդեմիա. մասսայական թաղումներ ԱՄՆ-ում: Ավստրիան, Գերմանիան և Դանիան մեղմացնում են կարանտինը: Լուսանկարներ
Առողջապահության նախարարության մամուլի քարտուղարը ֆեյսբուքյան իր էջում հաղորդում է, որ 67-ամյա կինը, որին բժիշկները չեն կարողացել փրկել, ունեցել է հաստատված երկկողմանի թոքաբորբ, ուղեկցող խրոնիկ իվանդություն՝ շաքարային դիաբետ։
Դեռևս նախորդ շաբաթ առողջապահության նախարարը հաղորդել էր, որ կորոնավիրուսով վարակված հիվանդների հետ երկրում աշխատում է մոտ 3000 բուժաշխատող։ Նրանցից 300–ը՝ մեկուսացման վայրերում, 1700–ը՝ բուժկենտրոններում, 1000 մարդ ներգրավված է համաճարակաբանական միջոցառումներում։
«Նրանք մեկ ամսից ավելի է այլ կյանքով են ապրում, որպեսզի հիվանդությունը չտարածվի մեծ թվով մարդկանց շրջանում: Նրանք գրեթե չեն քնում, նորմալ չեն սնվում և չեն տեսնում իրենց հարազատներին: Նրանք սակայն անզոր կլինեն, եթե մենք բոլորս, մեզնից յուրաքանչյուրն իր անհատական ջանքը չներդնի այս գործում: Մենք բոլորս պետք է հասկանանք, որ այս հիվանդության տարածման կանխման պատասխանատվությունը մեզնից յուրաքանչյուրինն է», — գրել էր Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում։
Այդ առնչությամբ արդեն ապրիլի 11–ին վարչապետը հրահանգել էր կառավարությանը ևս մեկ ամով արտակարգ դրության ռեժիմի երկարացման մասին որոշում նախապատրաստել։ Ապրիլի 13–ին կառավարությունն այն հաստատեց։
Հայաստանում արտակարգ դրություն էր հայտարավել մարտի 16–ից մինչև ապրիլի 14–ը։ Մարտի 25–ից գործում է նաև տեղաշարժի խիստ սահմանափակում։ Տնից կարելի է դուրս գալ միայն ծայրահեղ անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով տեղաշարժի հատուկ թերթիկով։ Խախտումներին հետևում է ոստիկանությունը։ Այժմ արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև մայիսի 14–ը։
Կառավարությունը որոշել է նաև ապրիլի 13–ից չեղարկել սահմանափակումները տնտեսության որոշ ճյուղերի համար, մասնավորապես՝ ծխախոտի, ցեմենտի, գիպսի, շինանյութի արտադրությունում։ Ինչպես պարզաբանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դա անհրաժեշտ է, որպեսզի տնտեսությունը վերջնականապես չփլուզվի։ Բացի այդ, դա կավելացնի երկրում այս պահին աշխատողների թիվը՝ այսինքն, գումար վաստակող մարդկանց։
Միայն մեկ օրով թույլատրվել է մարդկանց ավելի ազատ տեղաշարժ։ Ինչպես հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որն արտակարգ դրության ժամանակահատվածում նաև պարետն է, «միայն ապրիլի 14-ին ժամը 00:01-ից մինչև 23:59-ը թույլատրվելու է անձանց տեղաշարժը մշտական բնակության կամ իրենց նախընտրությամբ պարտադիր ինքնամեկուսացման վայր մեկնելու կամ վերադառնալու նպատակով»։