Հայաստան. կորոնավիրուսն՝ ընդդեմ խոսքի ազատության
Հասարակության ճնշման տակ կառավարությունը հրաժարվեց արտակարգ դրության ժամանակահատվածում լրատվամիջոցների աշխատանքի սահմանափակումներից
Կորոնավիրուսի սրընթաց տարածման պատճառով Հայաստանի կառավարությունը մարտի 16-ին երկրում արտակարգ դրություն հայտարարեց։ Որոշման համաձայն՝ ամեն ինչից զատ, արգելքներ սահմանվեցին նաև լրագրողների աշխատանքի և նույնիսկ սոցցանցերի օգտատերերի գրառումների վերաբերյալ։
Արգելվում էր որևէ տեղեկություն տարածել կորոնավիրուսի վերաբերյալ՝ պաշտոնականից բացի։ Այդ որոշումը ոչ միայն զարմացրեց, այլև առաջացրեց ինչպես Հայաստանի լրագրողական համայնքի, այնպես էլ ընդհանրապես հասարակության վրդովմունքը։
Ինչն էր արգելվել
● Ցանկացած հրապարակում կորոնավիրուսի վերաբերյալ, մասնավորապես՝ Հայստանում և դրա սահմաններից դուրս վարակվածների և մեկուսացվածների, նոր դեպքերի, վարակման աղբյուրների, հիվանդների առողջական վիճակի մասին տեղեկությունները պետք է հիմնված լինեին այն տեղեկությունների վրա, որոնք տրամադրում է պարետատունը։ Այս կառույցը ստեղծվել է կառավորության կողմից արտակարգ դրության ժամանակահատվածում իրավիճակի վերահսկման համար։
● Որոշման մեջ նաև առկա էր ձևակերպում հաղորդագրությունների մասին, որոնք կարող են խուճապ առաջացնել բնակչության շրջանում։ Ընդ որում, չկար հստակ սահմանում, թե որ տեղեկությունն է համարվում խուճապ առաջացնող, ինչը տարակուսանք էր առաջացրել լրագրողների շրջանում։
- Հայաստան. նախագծի մասին։ Ինչպես են պատժվելու արտակարգ դրության ժամանակ կարանտինը խախտողները
- Աննախադեպ վարկեր բիզնեսին. Հայաստանի կառավարության օգնությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար
- Հայաստան, կորոնավիրուս. Ինչպե՞ս և ինչո՞վ են ապրում մարդիկ, հեռախոսով հարցուփորձ է արել վարչապետը
Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանափակումները վերաբերելու են բացառապես կորոնավիրուսի մասին տեղեկություններին.
«Լրատվամիջոցների սահմանափակումները չեն վերաբերելու այլ հարցերի։ Լրագրողների գործունեության ոչ մի ուրիշ սահմանափակում չի լինելու։ Կառավարության հասցեին քննադատությունը և նույնիսկ մեղադրանքներն՝ իրականացվող քաղաքականության առնչությամբ, արգելքի տակ չեն լինի»։
Դրան հետևած խիստ քննադատությունը կառավարությանը ստիպեց որոշ փոփոխություններ կատարել։ Մասնավորապես, նոր սահմանափակումները չեն տարածվելու այն տեղեկությունների վրա, որոնք հրապարակվում են կամ տրամադրվում են.
- պաշտոնատար անձանց,
- արտասահմանյան պետությունների ղեկավարների,
- միջազգային կառույցների և դրանց ներկայացուցիչների,
- Հայաստանում հավատարմագրված դիվանագետների և միջազգային կազմակերպությունների կողմից։
Եթե խմբագրությունը չվերացներ չթույլատրված տեղեկությունը դրա հրապարակումից հետո մեկ օրվա ընթացքում, ապա պետք է վճարեր 100-400 հազար դրամ տուգանք։
Սահմանափակումների օրինակներ և լրագրողների արձագանքը
Արտակարգ դրություն հայտարարելուց անմիջապես հետո պարետատունը սկսեց խմբագրություններից պահանջել հեռացնել այն հրապարակումները, որոնք հիմնված չէին պաշտոնական տեղեկատվության վրա։ Օրինակ՝ «Հրապարակ» օրաթերթը նման մի քանի պահանջ է ստացել։ Այդ թվում՝ բանտարկյալների դժգոհության մասին հոդվածի վերաբերյալ, որոնք կորոնավիրուսի պատճառով տնից ծանրոցներ չէին ստանում, այդ թվում՝ ծխախոտ։
Կառավարությունը որոշում էր կայացրել երկրի փակ հաստատություններ ծանրոցների փոխանցման արգելքի մասին՝ կորոնավիրուսի տարածումը թույլ չտալու համար։ Եվ այդ տեղեկությունը բաց էր բոլորի համար։ Սակայն թերթը հեռացրել էր հրապարակումը՝ կատարելով պահանջը։
Պարետատնից նամակ էր ստացել նաև «Առավոտ» օրաթերթը։ Պարբերականի գլխավոր խմբագիր Աննա Իսրայելյանը ստիպված էր խմբագրել ռուս քաղաքագետ Վլադիմիր Սոլովեյի մեկնաբանություններով հոդվածը, որտեղ փորձագետը խոսում էր կորոնավիրուսի մասին.
«Հարցազրույցում որոշ խնդրահարույց պահեր կային, սակայն մենք արտատպել էինք միայն այն հատվածը, որտեղ նա ասում էր, որ Ռուսաստանի իշխանությունները թաքցնում են վարակվածների իրական մասշտաբները։ Այդ նույն նյութում մենք մեջբերել էինք վարչապետ Փաշինյանի այն հայտարարությունը, որ որոշ երկրներ ճշգրիտ թվեր չեն հրապարակում։ Նյութը հրապարակելուց հետո ես զանգ ստացա ոստիկանությունից։ Այս օրերին մենք աշխատում ենք տնից, և ոստիկանության ներկայացուցիչը հեռախոսով պահանջեց, որ հեռացնեմ հոդվածը։ Այլապես պետք է 500 հազար դրամ տուգանք վճարվեր»։
Պարետատունը շատ լրատվամիջոցների է ստիպել հեռացնել նյութեր, սակայն ոչ բոլորն են շտապել կատարել այդ պահանջը։ Այդպիսի յուրաքանչյուր պատմությանը զուգահեռ մեդիահասարակության դժգոհություն էր աճում։ Լրագրողները և փորձագետները բացահայտ հայտարարում էին, որ իշխանությունները դիմել են խոսքի ազատության չարդարացված սահմանափակումների։
10 լրագրողական կազմակերպություն համատեղ հայտարարություն տարածեց՝ կոչ անելով կառավարությանը և պարետատանը «անհապաղ ուժը կորցրած ճանաչել» մեդիայի աշխատանքի սահմանափակումները։
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը վստահ է, որ իշխանությունները դիմել են կոշտ և չհիմնավորված քայլերի, որոնց անհրաժեշտությունը չկար.
«Հայաստանում իրավիճակի գնահատումը ոչ մի խստացում չէր ենթադրում։ Կարելի էր ընդհանրապես սահմանափակումներ չկիրառել։ Իսկ եթե որոշակի սահմանափակումներ մտցվում էին, դրանք պետք է լինեին մեղմ, տեղեկությունների տարածման սահմանափակում պետք է չենթադրեին։ Կարող էր միայն լինել պարտադրանք պաշտոնական տեղեկություններ հաղորդելու առումով»։
Ի՞նչ հետևեց դրան
Պարետատան արգելքները հանգեցրին ոչ միայն զանգվածային դժգոհության, այլ նաև բազմաթիվ տարօրինակ դիպվածների։ Ինչպես օրինակ՝ հայկական ռեսուրսները չէին կարող արտատպել հայտնի անձանց վարակման մասին միջազգային պարբերակնանների տեղեկությունները։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վարակվածների և զոհվածների մասին տվյալները թարմացնում էր զգալիորեն ավելի դանդաղ, քան մյուս վստահելի աղբյուրները։ Արդյունքում՝ հայկական լրատվամիջոցները ստիպված էին հնացած տվյալներ հրապարակել կամ ընդհանրապես հրաժարվել վիճակագրության հրապարակումից։
Հասավ նրան, որ օրենքը սկսեցին խախտել պաշտոնյաները։ Մասնավորապես, Հրազդանի քաղաքապետը սոցցանցի իր անձնական էջում հաղորդել էր քաղաքում առաջին վարակվածի մասին, ինչի իրավունքը չուներ։ Այդ տեղեկությունը պետք է տրամադրեր պարետատունը։
Հասարակության ճնշումը կառավարությանը ստիպեց ևս մեկ անգամ վերանայել իր որոշումը։ Եվ այս անգամ փոփոխությունները զգալի էին։
Այժմ թույլատրվում է Հայսատանի վարակված, մեկուսացված և ինքնամեկուսացված քաղաքացիների մասին ցանկացած հրապարակում, տեղեկություններ համաճարակային իրավիճակի մասին։ Սակայն եթե պարետատունը այդ առթիվ հերքմամբ կամ պարզաբանմամբ հանդես գա, ապա դրանք պետք է հրապարակվեն ստանալուց հետո ոչ ուշ, քան երկու ժամվա ընթացքում։
Հայկական լրատվամիջոցները արդեն կարող են արտատպել նաև կորոնավիրուսի մասին միջազգային լրատվամիջոցների նյութերը՝ վերնագրում նշելով այն երկիրը, որի մասին է խոսքը։
Կառավարությունը որոշել է նաև չեղարկել բնակչության շրջանում խուճապ առաջացնող նյութերի մասին դրույթը։ Այս փոփոխությունները լրագրողական կազմակերպություններն արտակարգ դրության պայմաններում բավարար համարեցին։ Չնայած նրան, որ պահպանվեց կետը, որի համաձայն՝ մեկ օրվա ընթացքում արգելված տեղեկությունը չհեռացնելը կբերի նվազագույն աշխատավարձի 500-1000-պատիկի չափով խոշոր տուգանքի նշանակման։
«Փառք աստծո, այդ սահմանափակումները երկար չգործեցին, փոփոխությունները լրագրողական աշխատանքի համար բարենպաստ պայմաններ են ստեղծում։ Անգամ եթե սահմանափակումներ կան, դրանք խելամիտ են, և չեն խոչընդոտում կորոնավիրուսի թեմայի անաչառ լուսաբանմանը», — կարծում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Սահմանափակումների պատճառները պարզ չեն
Մեդիափորձագետները, լրագրողներն ու միջազգային կազմակերպությունները շարունակում են քննարկել, թե ինչու է կառավարությունը խոսքի ազատության սահմանափակման դիմել։
«Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական և հասարակական-քաղաքական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը կարծում է, որ իշխանությունները լրատվամիջոցներին խոչընդոտ են համարել կորոնավիրուսի դեմ իրենց պայքարում, այն դեպքում, երբ լրագրողները մտադիր էին համագործակցել.
«Դժվար էր ամենասկզբից, երբ արտակարգ դրություն մտցվեց։ Որովհետև մամուլը միանգամից պարետատան, կամ իշխանությունների կողմից թիրախավորվեց, ինչը շատ քիչ երկրներում տեղի ունեցավ։ Եվ երկրորդը՝ կառավարման անփորձության պահ կար, երբ չէին հասկանում, թե ինչի մասին է խոսքը։ Եվ այնքան հեղհեղուկ ձևակերպումներ էին տվել որոշման մեջ, որ և՛ իրենք չէին հասկանում, թե ինչպես պետք է մամուլն աշխատի, և՛ մամուլը դժվարություն ուներ աշխատելու»։
Կառավարության որոշումն առաջացրել էր նաև ԵԱՀԿ բացասական արձագանքը։
ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Հարլեմ Դեզիրը հայտարարեց, որ ըմբռնումով է մոտենում կառավարության այն քայլերին, որոնք ուղված են խուճապից խուսափելուն և համաճարակի ընթացքում ապատեղեկատվության դեմ պայքարի փորձերին.
«Միաժամանակ լրատվամիջոցները վճոռորոշ դեր ունեն հանրությանը կարևոր տեղեկություններ տրամադրելու և համաճարակի մասին կեղծ լուրերին հակազդելու հարցում։ Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը։ Միայն իշխանությունների տրամադրած տեղեկությունների հրապարակումը չափազանց կաշկանդող միջոց է, դա մեդիայի ազատության և տեղեկատվության հասանելիության սահմանափակում է»։
Երևանի մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը կարծում է, որ այս իրավիճակը կարող է արտացոլվել միջազգային կազմակերպությունների տարեկան զեկույցներում և Հայաստանում խոսքի ազատության ցուցիչի վրա։