Կորոնավիրուսը Հայաստանում․ ինչո՞ւ երկիրը չկարողացավ դիմակայել համաճարակին
Ինչո՞ւ Հայաստանն իր համեստ աշխարհագրական չափերով և դեռ համավարակից առաջ ընդամենը երկու ցամաքային բաց սահմաններով՝ Վրաստանի և Իրանի հետ, առաջատարը դարձավ տարածաշրջանում կորոնավիրուսով հիվանդների թվով։
Հայաստանում ուշադիր հետևում են թվերին և փորձում թեկուզ աննշմար դրական միտում գտնել ոչ միայն բժիշկներն ու փարձագետներն, այլև սովորական բնակիչները։
Ամեն օր առավոտյան 11։00–ին, երբ առողջապահության նախարարությունը թարմացնում է վարակվածների և ապաքինվածների տվյալները, մարդիկ սկսում են հաշվարկներ անել՝ համեմատելով նոր թվերը նախորդ օրերի թվերի հետ։ Հաշվարկները դեռևս սփոփիչ չեն։
Ընդհանուր առմամբ, ամեն օր երկրում մոտ 2000 թեստ է անցկացվում, դրանց 25-33%–ը դրական է լինում։
Այդ պատկերն արդեն մի քանի շաբաթ չի փոխվում։ Երկու եզրակացություն է հասունանում։
Առաջին․ իշխանություններին ու պարետատանը հաջողվել է թույլ չտալ վարակի անվերահսկելի տարածումը, և աճի դինամիկան կայունացել է։ Երկրորդ․ Հայաստանին, այնուամենայնիվ, չի հաջողվում համաճարակային ճգնաժամի հաղթահարման վերջնական, հաջորդ քայլն անել։
Իրավիճակի վերլուծության փորձ․ ո՞րն էր սխալը։
● Հայաստանում սկսել են ավելի շատ բողոքել արտակարգ դրության ռեժիմից
● Հայաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի համար հերթ է կանգնել
● Ագրոհեղափոխություն Հայաստանում։ Ի՞նչ է դա երկու գյուղերի օրինակով
Ինչպե՞ս են մարդկանց բուժում Հայաստանում՝ մեկ ընտանիքի օրինակով
Երբ որևէ մեկի մոտ նախանշաններ են առաջանում, նա սկզբից դիմում է պոլիկլինիկա՝ բնակության հասցեով։ Տեղամասային բժիշկը մի քանի հետազոտություն է իրականացնում, ապա, անհրաժեշտության դեպքքում, թեստ նշանակվում։
Մհեր Բարսեղյանը թեստ հանձնելու վրա 8 օր է ծախսել։ Նա մոր հետ է ապրում։ Եվ առաջին ախտանշանները հենց մոր մոտ են ի հայտ եկել՝ ուժեղ գլխացավ և թուլություն։ Այնուհետև Մհերի ջերմությունն էլ է բարձրացել։ Երիտասարդը սկզբից մտածել է, թե մրսել է․
«Փորձեցի հնարավորինս արագ կորոավիրուսի թեստ հանձնել։ Պարզվեց, դա այնքան էլ հեշտ չէ։ Զանգահարեցի պոլիկլինիկայի բժշկիս։ Դրան զուգահեռ մորս վիճակը վատթարանում էր։ Նա ավելի ծանր էր տանում հիվանդությունը։ Պոլիկլինիկայոմ ինձ ռենտգեն արեցին, հակաբիոտիկներ նշանակեցին։ Մայրս չկարողացավ պոլիկլինիկա գալ, որովհետև շատ թույլ էր։ Իմ վիճակը չէր բարելավվում, և բժիշկը մեզ թեստի ուղարկեց»։
Այն դրական արդյունք է տվել, և ընտանիքին պարտավորեցրել են երկշաբաթյա ինքնամեկուսացում պահպանել։
Մի քանի օրից մոր և որդու վիճակը սկսել է բարելավվել, թեև թուլությունն ու նորմայից բարձր ջերմությունը պահպանվել է գրեթե մեկ շաբաթ։
«Հաշվի առնելով առողջապահական համակարգի ծանրաբեռնվածության աստիճանը՝ ես գոհ եմ մեր նկատմամբ ուշադրությունից և բուժումից։ Չգիտեմ, թե ինչու այդքան ձգեցին թեստ հանձնելը։ Հնարավոր է, դրանք չեն հերիքում։ Սակայն այդ վիճակում մարդը հնարավորինս արագ ուզում է իմանալ իր ախտորոշումն՝ ինչ–որ միջոցներ ձեռնարկելու համար»։
Հունիսի սկզբին Հայաստանի առողջապահական համակարգն աշխատում էր գերծանրաբեռնված։ Դեպք է եղել, երբ հիվանդ է մահացել, որովհետև նրան ժամանակին հոսպիտալացնելու հնարավորություն չի եղել՝ հիվանդանոցներում ազատ տեղերի բացակայության պատճառով։
Սակայն իշխանությունները կորոնավիրուսով հիվանդների բուժման համար ևս մի քանի բուժհաստատություն են վերապրոֆիլավորել։ Եվ եթե նոր բռնկում չլինի, Հայաստանի առողջապահական համակարգը կոլապսի չի ենթարկվի։
Ինչո՞ւ Հայաստանը չկարողացավ դիմակայել կորոնավիրուսի տարածմանը
Գործոնների շարքում, որոնք պետք է օգնեին խուսափել Հայաստանում կորոնավիրուսի տարածումից, խոսում են 90-ական թվականներից Թուրքիայի և Ադրբեջանի հետ փակված սահմանների մասին։ Իրանի հետ սահմանը համաճարակի հետևանքով Հայաստանը փակել է փետրվարի 24–ին, Վրաստանի հետ սահմանը՝ մարտի 13–ին։
Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը կարծում է, որ իշխանությունները չափազանց ուշ են սահմանափակումներ կիրառել և կարանտինային միջոցների անցել․
«Մարտի 1–ին Հայաստանում գրանցվեց վարակման առաջին հաստատված դեպքը։ Վարակվածն Իրանից վերադարձած Հայաստանի քաղաքացի էր, այնուհետև՝ վարակվածներ հայտնվեցին, որոնք Իտալիայից էին եկել։ Սակայն մինչև մարտի կեսը Հայաստանում համաճարակի կանխարգելման համար ոչ մի լուրջ միջոց չձեռնարկվեց։ Իշխանությունները հայտարարում էին, որ խուճապի հիմքեր չկան, իրավիճակը վերահսկողության տակ է։ Արտակարգ դրության ռեժիմ սահմանելուց մի քանի օր առաջ պաշտոնյաները դեռ անհրաժեշտ չէին համարում դադարեցնել ավիահաղորդակցությունը եվրոպական երկրների հետ՝ ներառյալ Իտալիան»։
Փորձագետը կարծում է, որ իշխանությունները սահմանափակումների չէին գնում քաղաքական դրդապատճառներով։
Կորոնավիրուսը Հայաստանում սկսվեց սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի քարոզարշավի ժամանակ։ Փոփոխությունները նախաձեռնել էր իշխող քաղաքական ուժը։ Իսկ արտակարգ դրություն հայտարարելը նշանակում էր, որ հանրաքվեն կհետաձգվի։ Ի վերջո, այն ստիպված էին մտցնել, իսկ հանրաքվեն, արդյունքում, չեղարկվեց, թեև ավելի ուշ։
«Դեռ մարտի 11–ին՝ արտակարգ դրություն հայտարարելուց հինգ օր առաջ, վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրի տարբեր բնակավայրերում քարոզարշավ էր իրականացնում՝ քաղաքացիներին կոչ անելով մասնակցել ապրիլի սկզբին կայանալիք հանրաքվեին։ Լեգիտիմության բարձր մակարդակի պարագայում իշխանությունը կարող էր իրեն թույլ տալ նմանատիպ քաղաքականություն այն հույսով, որ խնդիրը կշրջանցի Հայաստանը, որ կարելի կլինի սահմանափակվել միայն Իրանի հետ սահմանի փակելով և Չինաստանի հետ ավիահաղորդակցության չեղարկմամբ։ Արդյունքում՝ համավարակի դեմ պայքարի միջոցներն ուշացան։ Վարչապետն ավելի ուշ իր ուղերձներից մեկում խոստովանեց իր կառավարության սխալը»։
Եվս մեկ գործոն, որը խանգարեց ժամանակին կարանտին սահմանել, տնտեսության փլուզումից խուսափելու մտահոգությունն էր։
Անցյալ տարվա արդյունքների ֆոնին Փաշինյանի կառավարությունն այս տարի բարձր տնտեսական աճ էր պլանավորում։ Սկզբնական փուլում այդ պլանների վրա խաչ քաշելը հեշտ չէր։ Եվ հետո միայն եկավ այն ընկալումը, թե որքան լուրջ է վարակի սպառնալիքը։ Սակայն նույնիսկ այդ պայմաններում իշխանությունները չէին կարող իրենց թույլ տալ եկրարատև լոքդաուն։ Խիստ կարանտին մտցվեց մարտի 16–ին, մայիսի սկզբից այն սկսեցին մեղմացնել։
Այժմ էլ վարչապետը ժամանակ առ ժամանակ հայտարարում է գործարանները կրկին փակելու, տնտեսությունը ժամանակավոր արձակուրդ ուղարկելու պատրաստակամության մասին, սակայն գործնականում դա ծայրահեղ բարդ կլինի։ Ապրիլյան և մայիսյան տվյալներն, առանց այն էլ, ցույց տվեցին, որ այս տարի տնտեսությունը բացասական ցուցանիշներ կգրանցի։ Կառավարությունը բացահայտ հայտարարում է, որ սահմանափակումներին վերադարձն իրադարձությունների զարգացման ամենաանցանկալի տարբերակն է։
Կառավարությունը մարդկանց է մեղադրում
Հայաստանում շարուակում են գործել որոշ սահմանափակումներ։ Կարանտինի չեղարկումից հետո երկրում խիստ պահանջ դրվեց դիմակ կրել ինչպես փակ, այնպես էլ բաց տարածքներում։ Եթե մեքենայի մեջ վարորդից բացի ուղևոր կա, երկուսն էլ պետք է դիմակով լինեն։ Առանց դիմակի միայն կարելի է սպորտով զբաղվել։ Վերջերս թույլ են տվել չկրել այն որոշակի հիվանդություններ ունեցող անձանց։ Նրանց չեն տուգանում, եթե նրանց ձեռքին առողջական խնդիրը հաստատող տեղեկանք կա։
Շարունակում է գործել զանգվածային հավաքների և միջոցառումների սահմանափակումը։ Երևանի փողոցներում պարեկություն են անում ոստիկաններն, ու սոցցանցերում մարդիկ պարբերաբար տեղադրում են տեսանյութեր, թե ինչպես են նրանք խախտողներին բռնացնում։
Իշխանությունները գոհ չեն, թե ինչպես են քաղաքացիները հետևում անվտանգության կանոններին, և կարծում են, որ վարակի տարածման հիմնական պատճառը դա է։ Վարչապետի վկայությամբ՝ ամեն օր դիմակի բացակայության համար 3 հազար մարդ է տուգանվում։
«Մեր նպատակը որևէ մեկին տուգանելը չէ։ Ընդհակառակը, տուգանքների մասին խոսելիս մենք ուզում ենք քաղաքացիներին դրդել դիմակ կրել, հատկապես որ դրանց արդյունավետությունն արդեն միջազգային մակարդակում ապացուցված փաստ է», — ասել է Նիկոլ Փաշինյանը։
Ո՞ւմ են մեղադրում բնակիչները
Թեև Հայաստանում կորոնավիրուսը շարունակում է տարածվել, իսկ նրանց թիվն, ում կյանքը չի հաջողվել փրկել, մոտենում է հազարին, մարդիկ դրա համար իշխանությանը չեն մեղադրում։
JAMnews–ի հարցումը Երևանի փողոցներում ցույց է տվել, որ վարակի տարածման հիմնական պատճառը մարդիկ համարում են այն, որ երկրի բնակիչների մի մասը չի ուզում անվտանգության կանոնները պահպանել։
Ահա, թե ինչ են ասել մարդիկ․
«Կառավարությունը նորմալ է պայքարում վարակի դեմ։ Մենք պետք է նրա կողքին լինենք և օգնենք այդ գործում, չի կարելի միայն քննադատել։ Իսկ մարդկանց վարքը բացասական եմ գնահատում։ Որովհետև, եթե բոլորս հետևենք սահմանված նորմերին, իրավիճակը կբարելավվի»։
«Կարծում եմ, որ եթե տուգանքներն ավելի մեծ լինեին, ավելի շատ մարդ դիմակ կկրեր»։
«Կառավարությունն անում է՝ ինչ կարողանում է։ Մնացածը մեզնից է կախված։ Ժողովուրդը պետք է օգնի կառավարությանը, սակայն բոլորը միայն բողոքում են»։
Այն, որ Հայաստանի բնակիչներն այս իրավիճակում կառավարության մեղքը չեն տեսնում, հաստատում են նաև սոցիոլոգիական հարցումների արդյունքները։ Ըստ հունիսին GALLUP International–ի անցկացրած հետազոտության, երբ երկրում ամեն օր գրանցվում էր վարակման 500 և ավելի դեպք, կառավարության գործունեությունից գոհ էր երկրի բնակչության 67,9%–ը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձնական վարկանիշըб ըստ նույն հարցման, հասնում է 85%–ի։