Հայաստան ժամանողները կինքնամեկուսացվեն առավելագույնը 10 օր
Հայաստան ժամանողների և երկու դեղաչափով պատվաստված ՀՀ քաղաքացիների համար կրկնակի նվազեցվել է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետը: Դիմավորողներին այսուհետ թույլատրվում է մուտք գործել օդանավակայանի ժամանման սրահ:
Հունվարի 31-ին ՀՀ կառավարությունը գրավոր քվեարկությամբ նոր որոշում է ընդունել:
Համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ Հայաստանի «Զվարթնոց» օդանավակայանում խիստ սահմանափակումներ էին գործում արդեն 1.5 տարի: Գործադիրի նոր որոշմամբ՝ գործող սահմանափակումները մեղմացվել են:
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ մեղմացումը պայմանավորված է Հայաստանում համաճարակային կայուն իրավիճակով (ըստ Եվրամիության չափանիշների՝ ՀՀ-ն այս պահին գտնվում է կանաչ գոտում), ինչպես նաև սուր շնչառական վարակների սեզոնային բարձր ակտիվությամբ:
Նոր կարգավորումներն ուժի մեջ են մտնելու փետրվարի 1-ից, բայց չեն տարածվելու արդեն իսկ ինքնամեկուսացման մեջ գտնվողների վրա:
Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 1362 նոր դեպք, մահացել է 7 մարդ: Համավարակի ի հայտ գալուց մինչ օրս հիվանդությունը խլել է 8053 կյանք: Պատվաստման առաջին դեղաչափը ստացել են քաղաքացիների 45.3 տոկոսը, երկրորդ դեղաչափը՝ 37 տոկոսը, ամբողջությամբ պատվաստված քաղաքացիների թիվն այս պահի դրությամբ 842 հազարից ավելի է:
Որոշման համաձայն՝ Հայաստան ժամանողների համար կրկնակի նվազեցվել է ինքնամեկուսացման 14-օրյա ժամկետը.
«Ինքնամեկուսացման ժամկետ սահմանել պատվաստված անձանց համար 7 օր, իսկ չպատվաստվածների համար՝ 10 օր»:
Սահմանված 10-օրյա ժամկետը կարող է կրճատվել մինչև 7 օր, եթե վարակված անձը ներկայացնի ՊՇՌ հետազոտության բացասական արդյունք:
Ինքնամեկուսացման ժամկետը կրճատվել է նաև մի շարք եվրոպական երկրներում՝ Մեծ Բրիտանիայում (7 օր), Ֆրանսիայում (5 օր), Շվեյցարիայում (5 օր):
Գրավոր քվեարկությամբ՝ կառավարությունը փոփոխություններ է մտցրել 2020 թ.-ի սեպտեմբերի 11-ին ընդունված «Կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված կարանտին սահմանելու մասին» որոշման մեջ։ Վերջինիս գործողության ժամկետը 2022 թ.-ի հունիսի 20-ն է:
Նախագիծը մշակվել է առողջապահության նախարարության և նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի» աշխատակիցների կողմից:
Մեկ այլ փոփոխությամբ թույլատրվել է դիմավորող անձանց մուտքը «Զվարթնոց» օդանավակայանի ժամանման սրահ: Քաղաքացիները, սակայն, պետք է խստորեն պահպանեն հակահամաճարակային կանոնները:
Այս փոփոխությունն արվել է սուր շնչառական վարակներից խուսափելու նպատակով:
2021 թ.-ի դեկտեմբերին ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակների 38 446 դեպք, ինչը 2,2 անգամ գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:
Աոողջապահական գերատեսչությունն ակնկալում է, որ նախագծի ընդունման արդյունքում ստեղծված կայուն իրավիճակը կպահպանվի, սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացությունն էլ կնվազի: