Հայաստանում 30-50 տոկոսով բարձրացնում են ուսուցիչների աշխատավարձերը
Հայաստանում ուսուցիչների աշխատավարձը բարձրացնում են 30-50 տոկոսով, բայց միայն նրանցն, ովքեր համապատասխան ատեստավորում կանցնեն։ Այս մասին կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում խորհրդակցության ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Այս պահին շաբաթական 22 դասաժամի՝ մեկ դրույքի համար ուսուցիչը ստանում է 108 հազար դրամ։ Սական ոչ բոլոր ուսուցիչներն են լրիվ դրույքով աշխատում։ Բանն այն է, որ 24 հազար դրույքին բաժին է ընկնում շուրջ 37 հազար ուսուցիչ։
Կան նաև բուհերի բարեփոխման և գիտության ոլորտում լրացուցիչ ներդրումներ կատարելու պլաններ։
- Հեռավար ուսուցումը Հայաստանում․ «կորոնավիրուսի հետևանք», որը կպահպանվի նաև դրանից հետո
- Բուլինգի «հայկական առանձնահատկությունը»․ անհանդուրժողականություն՝ տարբերվողների նկատմամբ
Բարեփոխումներ կրթության ոլորտում
Նախարարության ղեկավարության հետ խորհրդակցությանը վարչապետը ներկայացրել է կրթության, գիտության և մակույթի ոլորտի բարեփոխումների իր հայեցակարգը։ Կառավարությունն, ըստ Փաշինյանի, դրանք կանցկացնի «արմատական հայեցակարգային բարեփոխումների տրամաբանությամբ»։
Այս առնչությամբ նա գտնում է, որ անհրաժեշտ է բարելավել ուսումնական ծրագրերի որակը։ Սակայն, նախևառաջ, խոսքն ուսուցիչների կատարելագործման, դասավանդման չափանիշների և մակարդակի բարձրացման մասին է։
Ի՞նչ է սպասվում բարձրագույն կրթության ու գիտության ոլորտում
Երկրում ակտիվորեն քննարկվում են նաև բուհական կրթության բարեփոխումները, ընդ որում՝ ոչ միայն դասավանդման և մեթոդաբանության տեսակետից։ Վարչապետը նաև Երևանից ոչ հեռու ակադեմիական ավան ստեղծելու գաղափար ունի, որտեղ հնարավոր կլինի տեղափոխել մայրաքաղաքում այս պահին գործող բուհերի մեծ մասը։
Դա, Փաշինյանի կարծիքով, թույլ կտա լիովին վերաֆորմատավորել ուսումնական և գիտական գործընթացը՝ այն բերելով ժամանակակից ստանդարտների։
«Այդ թվում հենց նման ուսանողական և գիտական համալիր-կամպուսներում կարելի է խթանել ուսանողական սպորտն ու զարգացնել առողջ ապրելակերպը», — ասել է վարչապետը։
2018 թ-ի «թավշյա» հեղափոխության արդյունքում իշխանության եկած կառավարությունը գործունեության առաջին օրերից խոսում էր գիտության ոլորտում ներդրումներ անելու անհրաժեշտության մասին։ Այժմ վարչապետը կրկին վերադարձել է այս թեմային․
«Անհրաժեշտ է ավելացնել գիտության ֆինանսավորումը, այդ քայլի կարևորությունը կասկածի տեղիք չի տալիս։ Սակայն պետք է ունենալ համակարգ, որը կապահովի միջոցների նպատակային ծախսի վերահսկողությունը»։