Հայաստանում նվազագույն աշխատավարձը բարձրացվում է գրեթե մեկ քառորդով
Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 13 հազար դրամով։
Այժմ 55 հազարի փոխարեն աշխատակիցները կստանան 68 հազար դրամ։ Դա կազմում է 23.6 տոկոս։
Աշխատավարձերի բարձրացումը կվերաբերի 45 հազար մարդու մասնավոր հատվածում և 35 հազար մարդու՝ պետական հատվածում։
• Ինչպես են ապրում միայնակ տարեցները Հայաստանում
• «Ես արժանապատիվ կյանքի իրավունք ունեմ»
Քննարկման մանրամասները
Ի սկզբանե ենթադրվում էր նվազագույն աշխատավարձը 55-ից հասցնել 63 հազար դրամի։ Սակայն քննարկումմներից հետո կառավարությունում եկան որոշման ավելացնել այդ գումարը։
«Մենք 4 մեթոդով իրականացրել ենք հետազոտությունը և ունենք արդյունքները: Կիրառվել է սոցիալ-ներառական նվազագույն աշխատավարձի մեթոդը, որն ասում է, որ Հայաստանում, որպեսզի միջին աշխատողների թվով և միջին անդամների թվով ընտանիքը գտնվի աղքատության ստորին, միջին և վերին գծերից վերև, պետք է նվազագույն աշխատավարձը լինի 67 հազար 660 դրամ․․․ Մենք․․․ վերցրել ենք նվազագույն աշխատավարձի միջին թիվ՝ 68 հազար դրամ», — պարզաբանել է աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Գեմոֆին Գասպարյանը։
Որոշումը կայացվել է նվազագույն սպառողական զամբյուղի ցուցանիշների և այն մարդկանց ընդհանուր թվի հաշվարկով, որոնց վերաբերելու է այս փոփոխությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ փոփոխությունը կարող է բերել աշխատաժամերի ավելացման մասնավոր ոլորտում։ Այդ կապակցությամբ նա կոչ է արել ուշադիր լինել աշխատակիցների իրավունքների պաշտպանությանը․
«Մարդիկ կախված են աշխատավարձից։ Անհրաժեշտ է հետևել, որ աշխատաժամերի հետ կապված չարաշահումներ և մանիպուլյացիաներ չլինեն»։
Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդգծել է, որ տվյալ նախագիծը վերաբերում է միայն նվազագույն աշխատավարձին և բազայինի հետ ոչ մի կապ չունի․
«Բազային աշխատավարձի փոփոխություն, որից կախված է շատ մարդկանց աշխատաարձերի հաշվարկը, տեղի չի ունենալու»։
Ինչ հույսեր ունի կառավարությունը
Հայաստանի իշխանությունները ենթադրում են, որ նվազագույն աշխատավարձի բարձրացումը կօգնի ինչ-որ առումով լուծել սոցիալական խնդիրները։ Այժմ նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում է 61 հազար դրամ։ Նվազագույն աշխատավարձ ստացողները մինչև հիմա այդ նվազագույնից ցածր գումար էին ստանում։