Հայաստանում կորոնավիրուսի վերջին տվյալները՝ ապրիլի 4-ի դրությամբ
Հայաստանում ապրիլի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվելու 34 նոր դեպք: Այս մասին հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 770-ի։ Արդեն արձանագրվել է մահվան 7 դեպք: Բացասական արդյունք են տվել թեստերից 3477-ը:
Հիվանդների ընդհանուր թվի աճի հետ մեկտեղ, ըստ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կորոնավիրուսով վարակված անձանցից շատերի առողջական վիճակն անհագստություն չի առաջացնում․
«Այս պահի դրությամբ 720 մարդ գտնվում է բուժման պրոցեսի մեջ՝ իհարկե այնքանով, որքանով այդ բուժումը կարելի է համարել այդպիսին, քանի որ մեծամասնությունը՝ ավելի քան 500 մարդ, ըստ էության որևէ բուժում չի ստանում, որովհետև նույնիսկ ջերմություն չունի: Բայց, այնուամենայնիվ, նրանք վարակակիրներ են եւ նրանց պետք է պահել նման պայմաններում, որպեսզի վարակի տարածումը կանխարգելվի»:
Իսկ առողջապահության նախարարության խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում մանրամասներ է հաղորդել ծանր վիճակում գտնվող հիվանդների մասին․
«Այս պահին վերակենդանացման բաժանմունքներում թոքաբորբով կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 25 պացիենտ է բուժում ստանում։ Նրանցից 3-ին միացված է թոքերի արհեստական օդափոխության սարք։ Ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 1 քաղաքացի, մնացած 24 պացիենտների վիճակը բժիշկները գնահատում են կայուն ծանր»։
Ապրիլի 3-ին անցանկալի միջադեպ է գրանցվել կորոնավիրուսով վարակվածների տեղափոխման հետ կապված։ Այս մասին ևս իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել առողջապահության նախարարության խոսնակը․
«Երեկ շտապօգնության մեքենայի մասնակցությամբ տեղի է ունեցել ավտովթար, մեքենան հատուկ կարանտինային գոտուց տեղափոխելիս է եղել կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 3 պացիենտի։ Վթարի հետևանքով պացիենտներից 2-ը չունեն վնասվածքներ, միայն 1-ի մոտ առկա է թեթև վնասվածքներ։ Վերջինս «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բազմապրոֆիլ բժշկական կենտրոնում անցնում է հետազոտություններ, կյաքին վտանգ չի սպառնում»։
Հայաստան, կորոնավիրուս․ լրագրող և բազմազավակ մոր օրագիրը՝ մեկուսացման օրերի մասին
Կորոնավիրուսից առաջին մահը Վրաստանում
Մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ը Հայաստանում արտակարգ դրություն է հայտարարված՝ կորոնավիրուսի տարածումը կանգնեցնելու նպատակով:
Մարտի 25-ից մտցվել է նաև մարդկանց տեղաշարժի խիստ սահմանափակում: Տանից կարելի է դուրս գալ միայն անհետաձգելի անհրաժեշտության դեպքում՝ անձնագրով և լրացված «տեղաշարժի թերթիկով»: Յուրաքանչյուրը պետք է լրացնի այն՝ նշելով անձնական տվյալները, դուրս գալու նպատակը և վերադարձի ենթադրյալ ժամանակը: Այս ռեժիմի խախտումները վերահսկում է ոստիկանությունը: