Հայաստանում կորոնավիրուսի հետևանքով 27-ամյա կին է մահացել
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսից մահվան ևս մեկ դեպք է գրանցվել։
Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսից մահացածը 27 տարեկան կին է։ Նա ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ։
Երիտասարդ կինը բավականին երկար ժամանակ գտնվել է ծայրհեղ ծանր վիճակում։ Այդ մասին դեռ ապրիլի 23-ին կառավարության նիստի ընթացքում ասել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, հույս հայտնելով, որ կհաջողվի նրան փրկել։
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 33 դեպք:
- «Կյանքը եռում է, տպավորություն է, որ ոչինչ էլ չի եղել։ Մարդիկ միգուցե չեն հավատում, որ վիրուսը իրական է»․ կորոնավիրուսից առողջացածների հետ զրույցից
- Արդեն կարելի է երկուսով զբոսնել, բայց տնից առավելագույնը մեկ կիլոմետրի վրա․ Հայաստանի իշխանությունները շարունակում են մեղմել արտակարգ դրության ռեժիմը
Մայիսի 1-ի, ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 82-ով և դարձել 2148-ի։ Փաստացի բուժում է ստանում 1136 պացիենտ:
Չնայած այս թվերին, Հայաստանի կառավարությունը մտադիր է մեղմել արտակարգ դրության սահմանափակումները՝ հատկապես տնտեսվարողների համար։
Ըստ կառավարության նախնական հայտարարության, մայիսի 4-ից, տնտեսական գործունեության որոշ ոլորտներ կվերսկեն աշխատանքը՝ սանիտարական պարտադիր կանոնների պահպանմամբ։
Փակ կմնա կրթական համակարգը, սահմանափակումներ են կգործեն մշակույթի, սպորտի և մի քանի այլ ոլորտներում։
Սակայն ապրիլի 29-ին փոպվարչապետ և արտակարգ դրության պայմաններում պարետ Տիգրանն Ավինյանը զգուշացրեց նաև, որ կորոնավիորուսով վարակման դեպքերի աճի պայմաններում, հնարավոր է հակառակ ընթացք՝ այսինքն վերադարձ կոշտ սահմանափակումների ռեժիմի։