Հայաստանում ինքնիշխանության սահմանափակումը քրեորեն պատժելի՞ կլինի
Ինքնիշխանության սահմանափակումը՝ քրեորեն պատժելի
Հայաստանը նախատեսում է քրեորեն պատժելի դարձնել ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների իրականացումը: Բռնություն գործադրելու կամ դրա սպառնալիքի միջոցով նմանատիպ գործողություններ կատարելու համար սահմանվելու է 12-15 տարվա ազատազրկում։
Օրենքի նախագիծը մշակել է Արդարադատության նախարարությունը: Այն հանրային քննարկման է ներկայացված Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական e-draft.am հարթակում:
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի գնահատմամբ՝ նախագիծն այսօր ավելի քան արդիական է, քանի որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնացող վտանգները շատ են:
Քրեականացվում են նաև կոչերը
«Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը ենթադրում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը լրիվ կամ մասնակի սահմանափակելուն ուղղված գործողությունները պետք է իրականացված լինեն «հօգուտ այլ պետության կամ միջազգային կամ վերպետական հանրային կազմակերպության»:
Հիմնավորման համաձայն՝ նպատակն անմիջականորեն պետության ինքնիշխանության պաշտպանությանն ուղղված քրեաիրավական միջոցների նախատեսումն է.
«Նախագծի մշակումը բխում է Հայաստանի սահմանադրական կարգի կարևորագույն բաղադրիչներից մեկը՝ ինքնիշխանությունը քրեաիրավական միջոցներով հատուկ պաշտպանելու անհրաժեշտությունից»:
Նախագծի ընդունման պարագայում քրեորեն պատժելի արարքներ են համարվելու ոչ միայն ձեռնարկված գործողությունները, այլև «ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերը»։ Թե ի՞նչ պատիժ է սահմանվելու այս դեպքում՝ հստակեցված չէ:
Նշվում է նաև, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված գործողությունների համար քրեական պատասխանատվություն է սահմանված եվրոպական մի շարք երկրներում: Օրինակներ են բերված, մասնավորապես՝ Գերմանիայի, Լիտվայի, Էստոնիայի և Սլովակիայի փորձից:
Հանրային քննարկման համար նախագիծը e-draft.am հարթակում հասանելի կլինի մինչև նոյեմբերի 6-ը։ Քաղաքացիների ներկայացրած բովանդակային առաջարկությունները ևս կներառվեն ամփոփաթերթում:
Խոսքի ազատության սահմանափակո՞ւմ է
Նախագծի համաձայն քրեական պատասխանատվություն է սահմանվելու նաև «ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի» համար: Ուստի նախարարությունն անդրադարձել է նաև խոսքի ազատության հնարավոր սահմանափակմանը՝ ուսումնասիրելով միջազգային փորձը, մասնավորապես՝ պետական անվտանգության պաշտպանության համատեքստում «խոսքի ազատության իրավունքի սահմանափակման պայմաններն ու թույլատրելի սահմանները»:
«Հեղինակավոր միջազգային փաստաթղթերում և ՄԻԵԴ դատական պրակտիկայում պետական անվտանգության պաշտպանության նպատակով խոսքի ազատության իրավունքի սահմանափակումը և պատասխանատվության սահմանումն ինքնին իրավաչափ է համարվում, եթե կարծիքի արտահայտումը (հրապարակային կոչը, ելույթը, հոդվածը և կարծիքի արտահայտման այլ ձևերը) ուղղված է բռնության հրահրմանը կամ դրա սպառնալիք է պարունակում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:
Փորձագիտական կարծիք
Քաղաքագետ Դավիթ Ստեփանյանի խոսքով՝ օրենքի նախագիծն ավելի քան արդիական է այսօր: Ասում է՝ 1991 թվականից սկսած Հայաստանը չի ունեցել ինքնիշխանությանը սպառնացող նման մակարդակի մարտահրավերներ և վտանգներ, որոնք ունի այսօր: Նկատի ունի, առաջին հերթին, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ խոսակցությունները:
«Հայաստանից պահանջում ենք «Զանգեզուրի միջանցք», պահանջում են երկրի սուվերեն տարածքների մի մասը, խոսքս, այսպես կոչված, անկլավների մասին է: Այդ պահանջները Հայաստանի առջև դրել են Ռուսաստանը, Թուրքիան և Ադրբեջանը: Գնալով դրանք հնչում են ավելի ու ավելի բարձր մակարդակով, ավելի լկտի ու բացահայտ»,— JAMnews-ի հետ զրույցում նշել է Ստեփանյանը:
Քաղաքագետը ինքնիշխանության դեմ ուղղված կոչերի և խոսքի ազատության միջև որևէ կապ չի տեսնում: Ըստ նրա՝ նման կոչերն արդեն իսկ իրենց մեջ պարունակում են «հանցագործության տարրեր»:
Օրինակ է բերում «Հայաստանը պետք է մտնի միութենական պետություն, դա բխում է երկրի շահերից» ձևակերպումն ու ասում, որ դա չի կարող դիտարկվել որպես խոսքի ազատության դրսևորում:
«Այդպիսի կոչերը պետք է պատժվեն Հայաստանի օրենսդրությամբ: Դա են պահանջում այն վտանգները, որոնց առջև այսօր կանգնած է մեր ինքնիշխանությունը, դա են պահանջում հայ ժողովրդի շահերը: Եթե չենք ուզում կորցնել մեր սուվերենությունը, մեր անկախությունը, ապա այդ օրենքն անհրաժեշտ քայլ է այս ուղղությամբ ձեռնարկվող մնացած բոլոր քայլերի հետ միասին»,— ընդգծել է Դավիթ Ստեփանյանը:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Ինքնիշխանության սահմանափակումը՝ քրեորեն պատժելի