Հայաստանում կտրուկ աճել են առաջին անհրաժեշտության ապրանքների գները
Հայաստանում կտրուկ թանկացել են առաջին անհրաժեշտության ապրանքները։ Ձեթի, ալյուրի, հացի և շաքարի գները դեռ ամանորյա տոներից առաջ աճել են 30-40 տոկոսով։ Թվերը հաղորդել է «Սպառողների խորհրդատվության կենտրոն» ՀԿ նախագահ Կարեն Չիլինգարյանը։
Սակայն նրա այս հայտարարությունից անմիջապես հետո էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարության նիստին՝ գների աճի մասին հաշվետվություն ներկայացնելիս, հավաստիացրել է, որ իրավիճակը վերահսկվում է, և երկրում արժեզրկումը չի գերազանցի 2,5 տոկոսը։
- Հայաստանն ու Ադրբեջանը կկապեն տրանսպորտային միջանցքներ․ առաջնորդների մոսկովյան հանդիպման արդյունքները
- Ընդդիմությունը մոսկովյան բանակցությունները «Հայաստանի հերթական խայտառակ պարտությունն է համարում»
Ի՞նչ է ասել նախարարը
Հայաստանում արժեզրկումն, ըստ նախարարի, շատ ավելի ցածր է, «քան հարևան երկրներում»․
«Ռուսաստանում, Բելառուսում, Ղազախստանում, Թուրքիայում, Իրանում և Վրաստանում արժեզրկումը զգալիորեն ավելի բարձր է։ Մեզ մոտ, շնորհիվ Կենտրոնական բանկի, բավականին մեղմ վիճակ է։ Այժմ, եթե խոսենք հստակ ապրանքների աճած գների մասին, ապա մեկ ապրանքի գնի ավելացումը փոխհատուցվում է մյուս ապրանքի գնի նվազմամբ»։
Բացի այդ, որոշ ապրանքների գները միջազգային շուկաներում կտրուկ աճել են, և «Հայաստանը չի կարող գների նվազման սեփական քաղաքականություն մշակել»։
Նախարարի խոսքով՝ 2020 թ-ին առավել մեծ անկում է գրանցվել ներկրման, արտահանման և սպառման ոլորտներում․
«Այս ոլորտներում մոտ 20 տոկոս անկում է դիտվում»։
Ըստ ընդհանուր ցուցանիշների՝ 2020 թ-ի տնտեսական անկումը կանխատեսվում է 8,5%։ Պաշտոնական իրական թիվը կհայտարարվի հունվարի վերջին։
Միաժամանակ, նախարարն արդեն հայտարարել է իր հավակնոտ նպատակի մասին․ 2021 թ-ին հասնել «երկնիշ տնտեսական աճի»։
Ի՞նչ է ասում փորձագետը
Հացի, ալյուրի և այլ ապրանքների գների աճը «Սպառողների խորհրդատվության կենտրոնի» նախագահը բացատրում է նրանով, որ այդ ապրանքները թանկացել են Ռուսաստանում, որտեղից էլ Հայաստան են ներկրվում։
«Ալյուրի գների աճի ֆոնին տնտեսվարողները հացի գների զսպման համար նվազեցրել են քաշը մոտ 30 գրամով», — հաղորդել է Կարեն Չիլինգարյանը։
Գների աճի մյուս պատճառն, ըստ նրա, ազգային արժույթի՝ դրամի արժեզրկումն է։
Փորձագետը մեկնաբանել է նաև Թուրքիայից ապրանքների ներկրման արգելքը, որը Հայաստանում գործում է 2021 թ-ի սկզբից։ Էմբարգոն հայտարարվել է նախորդ տարվա հոկտեմբերին՝ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ, կառավարությունն իր որոշումը բացատրել է Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցությամբ։
Բացի այդ, ենթադրվում էր, որ այդ քայլը կպաշտպանի տեղի արտադրողներին։ Մինչ այդ՝ Թուրքիայից ներկրումը կազմում էր տարեկան մոտ 250-270 մլն դոլար։
Սակայն, ըստ փորձագետի, թուրքական արտադրանքը դեռևս ավելի շատ փոխարինվելու է ռուսականով, չինականով և իրանականով․
«Կենցաղային քիմիան հիմնականում ներկրվում էր Թուրքիայից, իսկ հիմա՝ Ղազախստանից, Ուկրաինայից և Ռուսաստանից։ Գների աճ դեռ չկա, սակայն դա պետք չէ բացառել»։