Ի հեճուկս պատերազմի և կորոնավիրուսի՝ Հայաստանում փորձում են փրկել զբոսաշրջության ոլորտը
Հայաստանում փորձում են փրկել զբոսաշրջության ոլորտը՝ ի հեճուկս պատերազմի, որը տեղի է ունեցել 2020 թ-ի աշնանը, ու կորոնավիրուսի համավարակի։ Դրա համար, ըստ ոլորտի փորձագետների, անհրաժեշտ է արմատապես փոխել երկրի իմիջն ու ագրեսիվ մարքեթինգային արշավ սկսել։ Նրանք կարծում են, որ առանց զբոսաշրջության ոլորտի վերականգնման, դժվար կլինի տնտեսությունն ընդհանուր առմամբ վերականգնել։
2020 թ-ի հունվար-սեպտեմբերին, ըստ Զբոսաշրջության կոմիտեի, դեպի Հայաստան զբոսաշրջային այցերի քանակը 2019 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 75,5%-ով։ Թեև 2020 թ-ին կանխատեսվում էր զբոսաշրջային հոսքի 15% աճ։
- Հայաստանի վարչապետը 2021 թ-ը հայտարարել է «տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի»
- Շինարարություն և կանեփի ցանք․ Հայաստանի տնտեսության զարգացման նոր ծրագիրը
Ի՞նչ են առաջարկում մասնագետները
«Անհրաժեշտ է աշխարհին ներկայանալ նոր ձևաչափով, չկենտրոնանալ պատերազմի և հետպատերազմյան խնդիրների վրա։ Սա լավագույն պատասխանը կլինի ստեղծված իրավիճակին», — փետրվարի 5-ին հայտարարել է Զբոսաշրջության պետական կոմիտեի նախկին նախագահ Զարմինե Զեյթունցյանը։
Հայաստանն, ըստ նրա, առաջին երկիրը չէ, որն անցել է պատերազմի միջով, այդ պատճառով էլ կարելի է պարզապես փոխառել մյուս պետությունների փորձը, որոնք նույն խնդրին են բախվել և լուծել են այն։ Այս հարցում կարող է օգնել աշխարհում երկրի ճանաչելիության փոփոխմանն ուղղված մարքեթինգային արշավը․
«Մենք անընդհատ հպարտանում ենք նրանով, որ Հայաստանը քրիստոնեություն ընդունած առաջին երկիրն է։ Սակայն սրա մասին գիտենք միայն մենք։ Պետք է օգտագործել առկա պատմամշակութային ներուժը»։
Բացի այդ, երկրում գործնական քայլեր են ձեռնարկվում ծառայությունների ոլորտում կուտակված խնդիրների լուծման համար։ Մասնավորապես, Հայաստանի ամերիկյան համալսարանը հյուրանոցային բիզնեսի կառավարման ոլորտում տարեկան կրթական ծրագիր է նախաձեռնել։ Եվ, ըստ փորձագետների, այն իրական գիտելիքներ և հմտություններ կտա, կատարելագործվելու հնարավորություն։
Զբոսաշրջության ոլորտում զբաղվածների համար, որոնք ակադեմիական կրթություն չունեն, հաշվապահության, կառավարման, անգլերենի և մաթեմատիկայի հատուկ դասընթացներ կկազմակերպվեն։ Նախագծի մասնակիցները նաև հատուկ գիտելիքներ կստանան հյուրընկալության մարքեթինգի, կորպորատիվ շփման և ռազմավարական պլանավորման վերաբերյալ։
«Դասախոսներն Ամերիկյան համալսարանի լավագույն մասնագետներն են լինելու և օտարերկրյա դասախոսներ։ Հյուրանոցային բիզնեսի գործող աշխատակիցների համար ուսման վճարի մինչև 90% սուբսիդավորում է նախատեսվում։ Ուսանողները պետք է մի քանի հյուրանոցների զարգացման ռազմավարական ծրագիր ներկայացնեն, և դասընթացների ավարտին մագիստրոսի որակավորում կստանան», — հաղորդել է Զարմինե Զեյթունցյանը։
Ինչպե՞ս կրկնակի ավելացնել զբոսաշրջային հոսքերը
Զբոսաշրջության հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը կարծում է, որ մինչև 2024 թ-ը դեպի Հայաստան զբոսաշրջային հոսքերը կրկնակի ավելացնելու համար պետք է համալիր ծրագիր իրականացնել, որը կներառի
- ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացում,
- մրցակցային միջավայրի բարելավում,
- սփյուռքի ներուժի օգտագործմամբ՝ պետական մարքեթինգային ագրեսիվ քաղաքականության վարում։
Այս նպատակների համար, ըստ Մեխակ Ապրեսյանի, ցանկալի է տարեկան տրամադրել այն գումարի գոնե 1%-ը, որը զբոսաշրջությունը վճարում է պետբյուջե հարկերի տեսքով, այսինքն՝ մոտ 3 մլն դոլար։
Նա վստահ է, որ զբոսաշրջության ոլորտն ավելի շատ տուժել է կորոնավիրուսի համավարակից․
«Ոլորտն անհրաժեշտ է վերականգնել կարճ ժամկետներում՝ փլուզում թույլ չտալու համար։ Պետք է հասկանալ, որ զբոսաշրջային ոլորտը երկրի տնտեսության կատալիզատորներից մեկն է։ Եվ առանց դրա հնարավոր չէ»։
Պատերազմից հետո նաև պետք է զբոսաշրջիկներին ապացուցել, որ Հայաստանում հանգստանալն անվտանգ է, ասում է Ապրեսյանը․
«Կարևոր է անել ամեն ինչ՝ պատերազմից հետո զբոսաշրջային այցերի համար անցանկալի երկրների շարքում չհայտնվելու համար»։