Հայաստանի և ՀԱՊԿ ռազմական դաշինքի այլ անդամների միջև սկանդալ է հասունանում
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը բացատրություններ է պահանջել Բելառուսի և Ղազախստանի նախագահներից։ Պաշտոնական Երևանը դժգոհ է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նոր գլխավոր քարտուղարի նշանակման հարցի շուրջ քննարկումների ընթացքում դաշնակից պետությունների ղեկավարների պահվածքից։
Նախապատմություն
Աստանայում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարների գագաթաժողովին քննարկվել է նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը։ Այդ պաշտոնը մինչև վերջերս զբաղեցնում էր Հայաստանի ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովը։ Սակայն նա հեռացվել է զբաղեցրած պաշտոնից։ Հայաստանն ինքն է հետ կանչել իր ներկայացուցչին։
Սակայն միաժամանակ Հայաստանն ակնհայտորեն մտադիր չէ կորցնել գլխավոր քարտուղարի պաշտոնը։ Կազմակերպության կանոնակարգի համաձայն՝ գլխավոր քարտուղարի մանդատը դեռ մեկ տարի պետք է Հայաստանինը լինի։
Պաշտոնական Երևանը որոշում էր կայացնել Յուրի Խաչատուրովին հետ կանչել նրա՝ «Մարտի 1»-ի գործով որպես մեղադրյալ ներգրավված լինելու պատճառով։ Յուրի Խաչատուրովի դեմ «սահմանադրական կարգի տապալման» հոդվածով քրեական գործ էր հարուցվել այս տարվա հուլիսին։ Նա գրավով ազատ էր արձակվել։
2008 թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ Երևանի փողոցներում մարտական զենք էր կիրառվել, զոհվել էր տասը մարդ։ Այդ ժամանակ Յուրի Խաչատուրովը Երևանի կայազորի պետն էր և, հետաքննության վարկածով, ղեկավարում էր ցուցարարներին ցրելու ընթացքը։
Ի՞նչն է հարուցել հայկական կողմի դժգոհությունը
Նիստից հետո, որի ժամանակ քննարկվել է նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի Բելառուսի ներկայացուցիչը։
«[ՀԱՊԿ] բոլոր ղեկավարներն ասել են, որ մեզ պետք է գործող գլխավոր քարտուղար բելառուսական կողմից», — բառացիորեն ասել է Նազարբաևը։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն գագաթաժողովի ընթացքը քննարկել է Մինսկում Ադրբեջանի դեսպան Լաթիֆ Գանդիլովի հետ։
• Հայաստանը հետ է կանչել իր ներկայացուցչին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնից
• Ինչո՞ւ են կալանավորել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ինչու են ազատ արձակել
• Ռուսաստանը կշարունակի զենք մատակարարել Հայաստանին
Հայաստանի արձագանքը
Նիկոլ Փաշինյանը, նախևառաջ, դժգոհություն է հայտնել Ալեքսանդր Լուկաշենկոյի և Ադրբեջանի դեսպանի հանդիպման կապակցությամբ։ Պաշտոնական Երևանը կարծում է, որ Բելառուսը չպետք է ՀԱՊԿ հարցեր քննարկեր մի երկրի դեսպանի հետ, որը կազմակերպության անդամ չէ․
«Նույն իրավիճակը կլինի, եթե ես Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ չհանդիսացող որևէ օտարերկրյա դեսպանի հրավիրեմ և պատմեմ դռնփակ ֆորմատում տեղի ունեցած նիստի մասին: Եվ ես զարմացած եմ, որ 30 տարի պետության ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է իրեն այդպիսի քայլ թույլ տալ»։
Փաշինյանը կտրուկ է արձագանքել նաև Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությանը։ Նա, մասնավորապես, նշել է, որ հայկական կողմը պնդելու է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում իր ներկայացուցիչը նշանակվի․
«Պայմանավորվածություններին հակասող հայտարարություն է արել նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովի դռնփակ նիստից հետո հայտարարելով, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակվելու է Բելառուսի ներկայացուցիչը: Որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չուներ, որովհետև ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք (հայկական կողմը) մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք»։
Փոխհարաբերությունների նոր կանոններ
Արդեն արված հայտարարություններից զատ Նիկոլ Փաշինյանը նշել է նաև, որ միջազգային գործընկերները պետք է ընտելանան Հայաստանի հետ այլ հարաբերությունների, որոնք իրապես գործընկերային կլինեն․
«Մեր միջազգային բոլոր գործընկերները պետք է արձանագրեն մի բան՝ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին սովոր են տեսնել, այդպիսի հարաբերություններ ՀՀ-ի հետ չեն լինելու, այսինքն՝ մենք համակերպվողի դերում չենք լինելու»։
Մոսկվայի արձագանքը դեռ չկա
ՀԱՊԿ-ը միջազգային տարածաշրջանային կազմակերպություն է, որը գործում է Ռուսաստանի հովանու ներքո։ Դրա անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։
Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները հնչեցին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո։ Սակայն Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն այս հարցում դեռ չի հնչել։
Սկզբում պաշտոնական Մոսկվան սուր արձագանքեց Խաչատուրովի հանդեպ մեղադրանքներին։ Նա կարծում էր, որ Հայաստանը սկզբից պետք է հետ կանչեր Յուրի Խաչատուրովին գլխավոր քարտուղարի պաշտոնից, նոր միայն քրեական գործ հարուցեր նրա դեմ։ Իսկ ստեղծված իրավիճակը վնաս է հասցրել կառույցի հեղինակությանը։
Այդ գործոնն, ըստ հայ քաղաքագետների, կարող է հարցի լուծման վրա բացասական ազդեցություն ունենալ։ Միաժամանակ, նրանք կարծում են, որ Հայաստանի համար կարևոր է կազմակերպությունում պահպանել գլխավոր քարտուղարի պաշտոնը։