Ռուսաստանցի պաշտոնյաները հավաստիացնում են՝ հետևություններ են արել 2016 թվականի «չորսօրյա պատերազմից» հետո և վերանայելու են գործելակերպը" />

Հայաստանում կասկածում են, որ Ռուսաստանը դադարելու է Ադրբեջանին զենք վաճառել

Ռուսաստանցի պաշտոնյաները հավաստիացնում են՝ հետևություններ են արել 2016 թվականի «չորսօրյա պատերազմից» հետո և վերանայելու են գործելակերպը

Հայաստանյան փորձագետները կասկածի տակ են առնում Ռուսաստանի պետական դումայի ներկայացուցիչների հայտարարություններն այն մասին, թե կվերանայվի Ադրբեջանին զենք մատակարարելու քաղաքականությունը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում արդեն երկրորդ պաշտոնյան է հայտարարել այդ մասին: Նախ Կոնստանտին Կոսաչովն ասաց, թե Ռուսաստանն այլևս նախկին ծավալով զենք չի մատակարարի Ադրբեջանին, ապա Կոնստանտին Զատուլինն ափսոսանք հայտնեց, որ «Ադրբեջանը չգտավ իրենց վաճառված զենքի կիրառությանն այլ տարբերակ, քան խախտել հրադադարի ռեժիմը շփման գծում»:

Զատուլինը հայտարարեց նաև Երևանում, որ ՌԴ-ն հետևություններ է արել անցյալից: Այս կապակցությամբ հայկական մեդիան մեջբերում է նաև Կոնստանտին Զատուլինի հետևյալ հայտարարությունը.

«Ռուսաստանը ՀԱՊԿ շրջանակներում հետագայում Հայաստանի նկատմամբ ցանկացած հարձակում կամ ռազմական վտանգ դիտարկելու է որպես վտանգ իր՝ Ռուսաստանի նկատմամբ»: 

«Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի» ղեկավար Ստեփան Գրիգորյանը կարծում է, որ նման հայտարարություններով Ռուսաստանն ընդհամենը փորձում է ապակողմնորոշել և հանգստացնել մեր հասարակությանը: Հատկապես 2016թ.-ի ապրիլյան իրադարձություններից հետո, երբ ղարաբաղա-ադրբեջանական շփման գոտում չորսօրյա պատերազմ ծավալվեց, Հայաստանում մեղադրում էին Մոսկվային Ադրբեջանին մեծ քանակով զենք վաճառելու մեջ, ինչի արդյունքում վերջինս պատերազմի ռեսուրսներ էր կուտակել:

«Ես չեմ համարում, որ Հայաստանում հակառուսական տրամադրություններ կան: Կա դժգոհություն՝ Ռուսաստանի իշխանությունների վարած քաղաքականության նկատմամբ՝ աջակցությունն Ադրբեջանին, գերժամանակակից զենքի մատակարարումը: Նրանք փափուկ բարձ են դնում Հայաստանի գլխի տակ: Իսկ սա շատ վտանգավոր է: Սա համարում եմ ավելի վտանգավոր, քան որ իրենք բացեիբաց զենք էին վաճառում Ադրբեջանին, քանի որ ՌԴ-ն շարունակում է Ադրբեջանի հետ աշխատել այդ զենքի գործարքի մասով»,- հայտարարել է Ստեփան Գրիգորյանը:

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի խոսքով էլ, գուցե ՌԴ-ն վերանայի Ադրբեջանին վաճառվող զենքի ծավալները, բայց չի հրաժարվի սպառազինության մատակարարումից ընդհանրապես: Նա նշեց, որ զենքի առկայությունը տարածաշրջանում մեծացնում է պատերազմի վերսկսման հնարավորությունը և լարվածությունը շփման գծում, հանգեցնում է նորանոր զոհերի:

Վարդանյանը կարծում է, որ մինչև 2016թ.-ի ապրիլյան դեպքերն էլ հայ հասարակությունը դժգոհ էր Ռուսաստանից, որ Բաքվին զենք է վաճառվում: Իսկ այժմ դժգոհությունը այնքան է մեծացել, որ կարող է ձևավորվել հակակրեմլյան տրամադրություն՝ իր հետ բերելով պահանջների մի շարք. դուրս գալ, օրինակ, Եվրասիական տնտեսական միությունից կամ միջազգային հարթակներում չսատարել Ռուսաստանի նախաձեռնություններին:

«Ամեն դեպքում, սա հայ հանրության հաղթանակն էր, հետևողական պայքարի հաղթնակը»,– հավելեց նա:

 Ստոկհոլմի խաղաղության միջազգային հետազոտությունների ինստիտուտը (SIPRI) վերջերս զեկույց է հրապարակել: Ըստ դրա, Հայաստանը 2016-2017թթ.-ին զենքի ներկրման ծավալներով 54-րդ տեղն է զբաղեցնում: Այս ժամանակաընթացքում Հայաստանը ձեռք է բերել 124 միլիոն դոլարի զենք: Հայաստանին զենքի մատակարարումների 100 տոկոսը կատարվել է Ռուսաստանի կողմից: Ադրբեջանն 2016-2017թթ.-ին զենքի ներկրման ծավալներով 27-րդ տեղն է գրավել: Վերջին 2 տարիներին Ադրբեջանը 551 մլն դոլարի արժողությամբ սպառազինություն է գնել Իսրայելից, Չեխիայից, Ռուսաստանից:


Կարդալ ավելին JAMnews-ում