Հայաստանի և Ադրբեջանի իշխանությունների առաջին համատեղ հայտարարությունը
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը
Հայաստանի վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի նախագահի վարչակազմն առաջին անգամ հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը համակարծիք են, որ տարածաշրջանում վաղուց սպասված խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա»:
Պետությունները վերահաստատում են ինքնիշխանության և տարածքային ամբողջականության սկզբունքների հարգման հիման վրա հարաբերությունները կարգավորելու և խաղաղության պայմանագրի կնքմանը հասնելու իրենց մտադրությունը։
Բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու պետությունների միջև վստահության կառուցման ուղղությամբ շոշափելի քայլեր ձեռնարկելու մասին: Մասնավորապես, փաստաթղթում ասվում է, որ՝
Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողների՝ առաջնորդվելով մարդասիրության արժեքներով և որպես բարի կամքի դրսևորում։
Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է 55 հայ գերի։ Հայ իրավապաշտպանները պնդում են, որ Բաքվում են գտնվում ևս առնվազն 80 հայ գերիներ։
Համատեղ հայտարարությունում ասվում է նաև, որ
- Որպես բարի կամքի քայլ` Հայաստանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29») հյուրընկալելու նպատակով Ադրբեջանի Հանրապետության ներկայացրած հայտին և հանում է իր թեկնածությունը:
- Որպես բարի կամքի քայլ` Ադրբեջանի Հանրապետությունն իր աջակցությունն է հայտնում Արևելյան Եվրոպայի խմբի «COP»-ի բյուրոյին անդամակցելու համար առաջադրված` Հայաստանի Հանրապետության թեկնածությանը:
Հայտարարությունն ավարտվում է հետևյալ պնդմամբ․
«Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը կշարունակեն իրենց քննարկումները վստահության կառուցման ավելի շատ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ մոտ ապագայում կյանքի կոչելու համար, և կոչ են անում միջազգային հանրությանը`աջակցելու իրենց ջանքերին, որոնք կնպաստեն երկու պետությունների միջև փոխադարձ վստահության կառուցմանը և դրական ազդեցություն կունենան Հարավային Կովկասի ողջ տարածաշրջանի համար»:
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի և Ադրբեջանի համատեղ հայտարարությունը