Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Նյու Յորքում քննարկել են «չլուծված հարցերի լայն շրջանակ»
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակում Նյու Յորքում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։ Սա երկու երկրների արտգործնախարարների առաջին հանդիպումն է 44-օրյա պատերազմից հետո։
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (Ռուսաստան), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը:
Միջնորդները ողջունել են Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ այն գնահատելով որպես «խաղաղության գործընթացում կրկին ներգրավվելու վճռականության նշան»։ Ըստ համանախագահների՝ այն ուղղված է տարածաշրջանում անվտանգության, կայունության և բարգավաճման խթանմանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել է «Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ»: Միջնորդներն իրավիճակի դեէսկալացիային ուղղված հատուկ միջոցառումներ են առաջարկել։
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատել են կողմերի հետ աշխատանքը շարունակելու իրենց հանձնառությունը՝ Ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումները գտնելու համար։
Նրանք հանդես են եկել հայտարարությամբ, որից տեղեկանում ենք, որ համանախագահները Միրզոյանի և Բայրամովի հետ ունեցել են նաև առանձին հանդիպումներ:
Միջնորդները նաև հայտնել են, որ սեպտեմբերի 24-ին հանդիպել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքական և խաղաղարարության հարցերի դեպարտամենտի ղեկավար Ռոզմարի Դիկարլոյի և ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեի հետ, նրանց ներկայացրել անցած մեկ տարվա ընթացքում իրենց գործադրած ջանքերը, այդ թվում՝ «գործընթացում ամենավերջին զարգացումները»: