Հայաստանի նախկին նախագահը ցուցմունքներ է տվել խորհրդարանական հանձնաժողովին, որը հետաքննում է 2016 թ–ի «քառօրյա պատերազմին» հայկական կողմի պատրաստվածությունը
Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 16–ին մասնակցել է հանձնաժողովի նիստին, որը հետաքննում է 2016 թ–ի ապրիլին հայկական և ադրբեջանական զինված ուժերի շփման գծում տեղի ունեցած սրացմանն առնչվող իրադարձությունները։ Խոսքը 1994 թ–ի հրադադարից հետո Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջին լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին է։ Դրանք ստացել են «ապրիլյան», կամ «քառօրյա պատերազմ» անվանումը։
Սկզբում նախկին նախագահը համաձայնել էր պատասխանել Ղարաբաղում 2016 –ի ապրիլյան պատերազմի հանգամանքների հետաքննման հանձնաժողովի հարցերին պայմանով, որ նիստը կայանա արտակարգ դրության ռեժիմի ժամկետը լրանալուց հետո։ Այնուհետև, այնուամենայնիվ, համաձայնել էր մասնակցել նիստին, եթե իրեն տրամադրվի այդ քննարկման սղագրության և տեսագրության պատճենը։ Հանձնաժողովն, իր հերթին, համաձայնել էր Սարգսյանին տրամադրել իր մասնակցությամբ լսումների ձայնագրությունը։
Նիստի մեկնարկից առաջ Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտարարել էր, որ ինքը թաքցնելու բան չունի և պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին։
Հերթական նախագահական գործի մանրամասները․ ինչի՞ համար է մեղադրվում Սերժ Սարգսյանը
Ազգային ժողովի քննիչ հանձնաժողովի ստեղծման մասին հայտնի է դարձել 2019 –ի մայիսի 20–ին։ Այն ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ժամանակն է ստեղծել խորհրդարանական հանձնաժողով, որը կհետաքննի Ղարաբաղում 2016 –ի ապրիլի 2-5–ը շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողությունների հանգամանքները։
2019 թ–ին հանձնաժողովը 21 նիստ է անցկացրել, որոնց մասնակցել են բազմաթիվ զինվորականների, նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ։
Հանձնաժողովի կազմում 11 պատգամավոր կա։ Ազգային ժողովի Կանոնակարգ օրենքի համաձայն՝ քննչական հանձնաժողովի լիազորություններն իրականացնում է պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։ Դրա նախագահը պաշտպանության նախկին փոխնախարար, «Իմ քայլն» իշխող խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն է։
Հանձնաժողովի կազմում են նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների ներկայացուցիչներ։
Նիստից հետո Սերժ Սարգսյանը լրագրողներին հայտարարել է, որ հանձնաժողովի անդամների հետ հանդիպելու իր որոշումը լիովին արդարացված էր.
«Նիստն անցել է նորմալ պայմաններում և փոխադարձ հարգանքի մթնոլորտում։ Ցավոք, հնարավորություն չունեմ այսօր պատասխանելու ձեզ հուզող բոլոր հարցերին: Բայց դա ոչ թե այն պատճառով, որ խոսքը չափազանց մեծ գաղտնիքների մասին է, այլ այն պարզ պատճառով, որ նման կարևորության հարցերը չէի ցանկանա հանրությանը հասցնել նման մթնոլորտում՝ «ոտքի վրա» և միմյանց խոսք կտրելով»։
Ավելին՝ նախկին նախագահը հայտարարել է, որ նպատակ ունի հանրությանը հասցնել իրական տեղեկություններ այն իրադարձությունների մասին, որոնց արդյունքում, նրա խոսքով, Հայաստանը ոչ միայն ռազմական, այլ նաև դիվանագիտական հաղթանակ է տարել: