Հայաստանի նախկին նախագահը հրաժարվել է գործող վարչապետի դեմ հայցից
Նիկոլ Փաշինյանի դեմ Ռոբերտ Քոչարյանի՝ պատվի և արժանապատվության պաշտպանության մասին հայցով դատական նիստը հաշտությամբ ավարտվեց։ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչը դատարանից պահանջում էր պարտավորեցնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին հանրային կերպով ներողություն խնդրել։ Խոսքը Քոչարյանի հասցեին արված հայտարարության մասին էր, որը հնչել էր 2018թ-ի սեպտեմբերին վարչապետ Փաշինյանի Ֆրանսիա կատարած այցի ընթացքում։
• Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ է արձակվել
Ի՞նչն է իր հասցեին զրպարտություն համարել Քոչարյանը
2018 թ-ի սեպտեմբերի 17-ին Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիմել էր դատարան՝ պահանջելով պաշտպանել իր պատիվն ու արժանապատվությունը։ Նա իր հասցեին զրպարտություն էր համարել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետևալ հայտարարությունը.
«…Կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու մեկնաբանությունը: Ասում է՝ անձեռնմխելի է: Ի՞նչ է նշանակում անձեռնմխելի: Այսինքն, կարելի է մարդկանց սպանությունը կազմակերպել ու ասել. «Ես անձեռնմխելի՞ եմ»: Այդ որտե՞ղ է այդպես գրված»:
2018թ-ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանը մեղադրվեց 2008թ-ի մարտի մեկի իրադարձությունների գործով սահմանադրական կարգը տապալելու մեջ։ Այն ժամանակ նախագահական ընտրությունների արդյունքները չընդունող քաղաքացիների ցույցը ցրելիս մարտական զենք էր կիրառվել, 10 մարդ էր զոհվել, նրանցից երկուսը իրավապահ մարմինների ներկայացուցիչ էին։
Հուլիսի 28-ին նա առաջին անգամ կալանավորվեց «Մարտի 1»-ի գործով։ Սակայն երկու շաբաթ անց նրան ազատ արձակեցին։ Վերաքննիչ դատարանն ապօրինի ճանաչեց ավելի վաղ առաջին ատյանի դատարանի կայացրած վճիռը, որով նա կալանավորվել էր։ Ազատ արձակելու համար հիմք էր հանդիսացել Ռոբերտ Քոչարյանի՝ որպես նախկին նախագահի անձեռնմխելիության մասին Սահմանադրության դրույթը։ Սրանից կարելի էր ենթադրել, որ խոսքը հենց նրա մասին էր։
Ի՞նչ եղավ հայցի քննության ժամանակ
Փաստաբան Հայկ Ալումյանը, որը նախկին նախագահի շահերն էր ներկայացնում, դատավարության ընթացքում հայտարարեց. եթե պատասխանողն իր հայտարարությունում Ռոբերտ Քոչարյանին նկատի չի ունեցել, ապա իրենք կհրաժարվեն հայցից։
Պատասխանողի՝ վարչապետի ներկայացուցիչ, փաստաբան Գևորգ Գյոզալյանը պատասխանեց, որ լիազորված է հաղորդել. իր վստահորդի հայտարարությունը Ռոբերտ Քոչարյանին չէր վերաբերում։
Այսպիսով, աղմկահարույց գործը, որը բոլոր տեղական լրատվամիջոցների հետաքրքրությունն էր առաջացրել, ամենաանսպասելի կերպով ավարտվեց հաշտությամբ։
Դատավոր Լիլիթ Սարգսյանը հունիսի 12-ին մեկ օրով հետաձգեց նիստը, որպեսզի հայցը հետ կանչելու գրավոր միջնորդություն պատրաստվի։ Քանի որ բոլոր կողմերը հաստատեցին իրենց դիրքորոշումը և պարտավորվեցին պահպանել այն, դժվար թե որևէ բան փոխվի։
Քոչարյանի գործի մանրամասները
2018թ-ի օգոստոսին Քոչարյանին ազատ արձակելուց հետո նոյեմբերի 15-ին Վճռաբեկ դատարանը գործը հետ էր ուղարկել Վերաքննիչ դատարան նոր քննություն իրականացնելու համար։ Դեկտեմբերի 7-ին Վերաքննիչ դատարանը վճիռ կայացրեց նախկին նախագահին կրկին կալանավորելու մասին։ Այդ օրվանից Հայաստանի երկրորդ նախագահը կրկին բանտում էր մինչև 2019թ-ի մայիսի 18-ը։ Այդ օրը, քննելով Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը, դատարանը վճիռ կայացրեց ազատել նրան կալանքից։
Դատավոր Դավիթ Գրիգորյանը հաշվի էր առել Լեռնային Ղարաբաղի գործող և նախկին նախագահներ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի միջնորդությունը։ Նրանք դատարանին իրենց պատասխանատվության տակ խնդրել էին Քոչարյանի հանդեպ խափանման միջոցը փոխել՝ հաշվի առնելով նրա ավանդը հայկական երկու հանրապետությունների կայացման ընթացքում, ղարաբաղյան պատերազմում և հայկական բանակի կայացման գործում։
2019թ-ի փետրվարից նրա դեմ ևս մեկ մեղադրանք առաջադրվեց՝ 927 մլն դրամ [մոտ $3 մլն] կաշառք ստանալու համար։ Մեղադրանքը կապված էր 2018թ-ին նոյեմբերին կաշառք տալու մասին գործարար Սիլվա Համբարձումյանի հայտարարության հետ։ Նրա հայտարարությունը վերաբերում էր Քոչարյանի նախագահության տարիներին։
Այժմ Ռոբերտ Քոչարյանն ազատության մեջ է, սակայն նրա դեմ գործերը շարունակվում են։