Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դժգոհ են, որ իրավապահ մարմիններն անտարբեր հետևում են իրավիճակին " />

Հայաստանի նախկին նախագահի փաստաբանները ահազանգում են իրենց հասցեին հնչող սպառնալիքների և վիրավորանքների մասին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները դժգոհ են, որ իրավապահ մարմիններն անտարբեր հետևում են իրավիճակին

Կալանքի տակ գտնվող Հայաստանի նախկին նախագահի փաստաբանները ահազանգում են իրենց հասցեին հնչող սպառնալիքների և վիրավորանքների մասին: Մասնավորապես, նրանցից մեկը՝ Հայկ Ալումյանը, հայտարարել է, որ իրեն ուղղված սպառնալիքներ է ստացել այն պահից, երբ նա սկսել է պաշտպանել Ռոբերտ Քոչարյանին:

«Գրում են, թե դու պատժվելու ես: Ազգադավ ես, դատապարտվելու ես Ռոբերտի հետ միասին: Դու ժողովրդի դեմ ես դուրս եկել, և մենք գիտենք, թե դու որտեղ ես ապրում», – ասում է Հայկ Ալումյանը:

Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Խոսքը 2008թ-ի մարտի 1-2-ի իրադարձությունների մասին է: 2008թ-ի փետրվարի 19-ի նախագահական ընտրություններից հետո Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած քաղաքական դաշինքի կողմնակիցները պահանջում էին վերանայել ընտրությունների արդյունքները: Նրանք պնդում էին, որ հաղթել է Լևոն Տեր-Պետրոսյանը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քվեարկության արդյունքում նախագահ ճանաչեց Սերժ Սարգսյանին: Սակայն նա այդ ժամանակ դեռ չէր զբաղեցրել իր պաշտոնը:

 

Այդ ժամանակ երկրի նախագահը դեռ Ռոբերտ Քոչարյանն էր: Նա արտակարգ դրություն մտցրեց: 2008թ-ի մարտի 1-ին ցույցը ցրելու ժամանակ մարտական զենք կիրառվեց, 10 մարդ զոհվեց՝ 8 քաղաքացիական անձ և ոստիկանության երկու աշխատակից:

Ալումյանը կարծում է, որ իրավապահ մարմինները տեղյակ են սոցցանցերում հնչող բազմաթիվ վիրավորանքների և սպառնալիքների մասին, սակայն ոչ մի քայլ չեն ձեռնարկում մեղավորներին պատժելու համար: Նա կարծում է նաև, որ սպառնալիքները դատարանի վրա անուղղակիորեն ազդելու փորձ են.

«Ես երբեք չեմ տեսել, որ փաստաբանները նման վերաբերմունքի արժանանան: Եվ ինձ համար դրանք վտանգավոր նախադեպերի ախտանշաններ են: Բոլոր կողմերից խոսում են, որ դատարանի վրա ճնշում չի լինելու: Եվ ես տեսնում եմ, որ դատարանի վրա ճնշում իշխանության կողմից, կարծես, իրոք չկա: Սակայն եթե դատարանների վրա նման կոշտ հասարակական ճնշում է գործադրվում, ինչի՞ մասին է խոսքը: Չէ՞ որ դատավորը, որը կայացնելու է որոշումը, կարող է իր վրա ճնշում չզգալ»:

Քոչարյանի փաստաբաններին աջակցություն են հայտնել նրա գործընկերներն ու իրավապաշտպանները:

Փաստաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 «Որքան հասկանում եմ, ֆեյսբուքյան քվեարկության հիման վրա պետք է որոշել, թե ով է ազգադավ և գնդակահարել առանց դատի ու դատաստանի: Ինչ պաշտպանություն, ինչ փաստաբան…»

Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը կարծում է, որ այդ ամենի պատճառը բնակչության որոշակի հատվածի իրավական անգրագիտությունն է.

«Մեր հասարակությունը դեռ չգիտի, թե ինչ է իրավական պետությունն ու արդար դատաքննությունը: Եվ ես առանձնապես ափսոսում եմ, որ նրանց թվում կան մարդիկ, որոնք հանրային գործունեություն են ծավալում»:

Նշենք, որ Ֆեյսբուքի հայկական սեգմենտում արդեն երկու շաբաթ է քննարկում են Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցը: Օգտատերերից շատերը քննադատում են նախկին նախագահի փաստաբաններին՝ կարծելով, որ նրանք չպետք է ստանձնեին նրա պաշտպանության գործը:

«Ողջ կյանքում դուք օգնել եք թաքցնել հանցագործությունները: Ափսոս, որ 37 թիվը չէ, որի մասին խոսում եք, թե չէ Քոչարյանին վաղուց կգնդակահարեին», – գրում է օգտատերերից մեկը:

«Փողերը ձեզ կուրացրե՞լ են: Ամեն ինչ սահման ունի: Պատկերացրեք, որ զոհերի թվում են նաև ձեր հարազատները», – հավելում է մյուսը:


Կարդալ ավելին JAMnews-ում