Հայաստանի նախագահը հրաժարական է տալիս․ «Սա բացարձակապես էմոցիոնալ որոշում չէ»
Հայաստանի նախագահը հայտարարել է հրաժարական տալու մտադրության մասին։ Այս լուրը ստացվել է անսպասելիորեն, կիրակի ուշ երեկոյան։ Արմեն Սարգսյանը բացատրում է, որ սա բացարձակ էմոցիանոլ որոշում չէ, այլ «բխում է որոշակի տրամաբանությունից»։ Նա հայտարարում է, որ երկրում ճգնաժամ է, որն ինքը՝ որպես նախագահ և պետականության երաշխավոր, չի կարողանում հաղթահարել, քանի որ, Սահմանադրության համաձայն՝ դրա համար չունի իրական և բավականաչափ գործիքներ։
2015 թ-ին Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարվեցին, որոնց համաձայն՝ երկրի կառավարման կիսանախագահական համակարգը փոխարինվեց խորհրդարանականով։ Այսպիսով նախագահի պաշտոնը դարձավ ավելի շատ ներկայացուցչական։ Երկրի իրական կառակավարումն անցավ վարչապետին։
Արմեն Սարգսյանը Հայաստանի նախագահ է ընտրվել 2018 թ․ մարտին, յոթամյա ժամկետով։
Ըստ Սահմանադրության՝ նախագահը պետք է հրաժարականի իր դիմումը ներկայացնի Ազգային ժողով։ Այն ընդունված է համարվում պատշաճ օրենսդրական կարգով հրապարակման պահից։ Նախագահի հրաժարականի դեպքում մինչև հաջորդ նախագահի պաշտոնի ստանձնումը այդ լիազորություններն իրականացնում է խորհրդարանի խոսնակը։ Նախագահի արտահերթ ընտրությունները խորհրդարանում պետք է անցկացվեն քսանհինգ օրից ոչ շուտ և երեսունհինգ օրից ոչ ուշ։
Արմեն Սարգսյանի հայտարարության առավել կարևոր թեզերը․ ինչո՞ւ է նա ստանձնել պաշտոնը, ի՞նչ հույսեր է ունեցել և ինչի՞ց է հիասթափվել, նաև մեկնաբանություններ այն մասին, թե ինչ է նշանակում և ինչով կարող է պայմանավորված լինել նախագահի հրաժարականը։
- Հայաստանի ազգային շահերը՝ խաղաղության պայմանագրի ստորագրման խոչընդոտ
- Հայաստանը՝ Ռուսաստանի և Թուրքիայի միջև․ ճիշտ ընտրության երաշխիք չկա
- Փաշինյանը կրկին «հանձնե՞լ է» Արցախը։ Հայաստանի վարչապետի հայտարարություններն ու պատասխան կոշտ քննադատություն
- Հայաստանի խորհրդարան․ իրական իշխանությո՞ւն, թե՞ բուտաֆորիա
Համաձայնել է պաշտոնավարել՝ «պատմական հնարավորությամբ ոգևորված»
Արմեն Սարգսյանը հայտարարում է, որ 1990-ականների սկզբին Հայաստանին մեծագույն հնարավորություն ընձեռվեց ստեղծելու անկախ պետություն, կառուցելու երկիր, որը կապահովի հայերի անվտանգությունը, առաջընթացը և բարգավաճումը։ Եվ նա անձամբ կարծում է, որ անկախ պետության գոյության հիմնական իմաստը պատասխանատվություն ստանձնելու ու կրելու կարողությունն է, ընդ որում՝ և՛ սեփական հաղթանակների, և՛ պարտությունների համար:
«Նման պատմական հնարավորությամբ ոգևորված՝ ես, ինչպես և իմ շատ հայրենակիցներ, նվիրվեցի այդ առաքելությանը: Տարբեր պատճառներով այս կամ այն փուլերում իմ մասնակցության ակտիվությունը փոխվում էր [եղել է Հայաստանի վարչապետը, Բելգիայում, Լյուքսեմբուրգում, Վատիկանում, Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպանը], բայց ես չէի դադարում հավատալ մեր վերջնական համազգային հաջողությանը: Եվ հենց դա էր Հայաստանի նախագահի պաշտոնը զբաղեցնելու առաջարկությանը համաձայնելու իմ գլխավոր շարժառիթը»։
Իր հայտարարությունում Սարգսյանը գրում է, որ, ստանձնելով պաշտոնը, ենթադրել է, որ «նախագահական նոր ինստիտուտը ունենալու է գործիքներ և հնարավորություններ՝ ազդելու արտաքին քաղաքական և տնտեսական, ներդրումային քաղաքականության վրա, սփյուռքի հետ հարաբերությունների վրա, ինչպես նաև միջազգային ասպարեզում համազգային շահերն առաջ մղելու և նոր գիտակրթական ու բարձր տեխնոլոգիական միջավայր ձևավորելու համար»։
«Ավելի շուտ հրաժարական չեմ տվել՝ չխորացնելու համար պառակտումը»
Արմեն Սարգսյանը փաստացի խոսում է իր հայտարարության մեջ, որ շատ գործառույթներ իր համար անկարելի են դարձել 2018 թ-ի «թավշյա» հեղափոխությունից հետո, երբ իշխանության է եկել գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանի թիմը։
«Կարող է հարց ծագել՝ ինչու՞ ես հրաժարական չտվեցի այդ պահին: Պատասխանն ակնհայտ է՝ այն պատասխանատվության պատճառով, որը ես վերցրել էի ինձ վրա՝ ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը: Ես պարտավոր էի անել ինձնից կախված ամեն ինչ՝ բացառելու ներքին պառակտման հետագա խորացումը, հնարավոր բախումները, որոնք կարող էին հանգեցնել չափազանց բացասական հետևանքների: Ես նաև ձգտում էի իմ երկարամյա աշխատանքի շնորհիվ ձեռք բերած հեղինակությունը, կապերը և իմ միջազգային քաղաքական ու տնտեսական ներուժը ծառայեցնել ուժեղ և կայուն պետականության կառուցմանը»։
Չի կարողացել ազդել ճգնաժամի վրա «գործիքների բացակայության» պատճառով
Արմեն Սարգսյանը կարծում է, որ երկրիրը քաղաքական ճգնաժամի մեջ է։ Եվ ինքն իրեն հարց է տալիս, թե ինչու չի կարողացել ազդել «այն քաղաքական իրադարձությունների վրա, որոնք մեզ հասցրել են ներկայիս համազգային ճգնաժամի»: Նա պատասխանում է, որ «պատճառը կրկին ակնհայտ է՝ համապատասխան գործիքների պակասը», որոնցով ցանկացած պետական պաշտոնյայի օժտում է Սահմանադրությունը․
«Մենք ունենք պարադոքսալ իրավիճակ, երբ նախագահը ստիպված է պետականության երաշխավոր լինել՝ փաստացի չունենալով որևէ իրական գործիք: Սահմանադրությունը նաև ենթադրում է մեկ ինստիտուտի գերակայություն մյուսի նկատմամբ, սփյուռքի հայտնի մասնագետների համար ստեղծում է խոչընդոտներ՝ պատմական հայրենիքի պետական ինստիտուտների կառավարմանը մասնակցելու համար, և այլն: Մենք խորհրդարանական հանրապետություն ենք ձևով, բայց ոչ բովանդակությամբ»։
Սարգսյանն ուրախ է, որ ստեղծվել է սահմանադրական փոփոխությունների հանձնաժողով, և հույս ունի, որ հաջորդ նախագահն ու նախագահական ինստիտուտը կկարողանան աշխատել ավելի բարենպաստ միջավայրում:
Հիասթափված է, որ «նախագահը չի կարող ազդել պատերազմի կամ խաղաղության հարցերի վրա»
Սարգսյանը գրում է, որ սա «յուրատեսակ իրականություն է», որտեղ․
- նախագահը չի կարող ազդել պատերազմին և խաղաղությանը վերաբերող հարցերի վրա,
- չի կարող վետո կիրառել այն օրենքների վրա, որոնք համարում է պետության և ժողովրդի համար ոչ նպատակահարմար,
- նախագահի հնարավորություններն ընկալվում են ոչ թե որպես առավելություն պետության համար, այլ՝ տարբեր քաղաքական խմբերի կողմից դիտարկվում են որպես իրենց սպառնացող վտանգ,
- նախագահն իր ներուժի գերակշիռ մասը չի կարողանում օգտագործել ի նպաստ համակարգային ներքին և արտաքին քաղաքական խնդիրների լուծման,
- աշխարհը գտնվում է մշտական տուրբուլենտության գոտում, սակայն նախագահը սահմանադրական գործիք չունի՝ օգնելու իր երկրին,
- պետության գլուխը և երբեմն նաև նրա ընտանիքը թիրախավորվում են տարբեր քաղաքական խմբավորումների կողմից:
Հեռանում է «շուրջ քառամյա ակտիվ աշխատանքից հետո»
Սարգսյանը գրում է, որ երկար է մտածել հրաժարականի դիմում ներկայացնելուց առաջ․
«Այդ որոշումը բացարձակապես էմոցիոնալ չէ և բխում է որոշակի տրամաբանությունից: Նախագահը չունի անհրաժեշտ գործիքներ՝ երկրի և ազգի համար ներկայիս բարդ ժամանակներում ազդելու ներքին և արտաքին քաղաքականության արմատական գործընթացների վրա: Մեր պետության համար այս բարդ փուլում, երբ անհրաժեշտ է համազգային միասնություն, նախագահական ինստիտուտը չպետք է դառնա բամբասանքների ու դավադրության տեսությունների թիրախ՝ դրանով իսկ շեղելով հասարակության ուշադրությունը կարևորագույն խնդիրներից:
Այսօր, ինչպես երբեք, անհրաժեշտ են իմաստալից, խորը մտածված, կշռադատված և բովանդակալից գործողություններ: Այլապես մենք՝ ողջ աշխարհի հայությունը, չենք հասնի մեր առաքելության նպատակին և կհայտնվենք պատմության լուսանցքում: Մենք այլևս սխալվելու իրավունք չունենք»։
Մեկնաբանություններ
Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանը գրում է Ֆեյսբուքում․
«Նախագահի հրաժարականը մեծ հավանականությամբ կապված է սահմանադրական փոփոխությունների հետ։ Հավանաբար անցում ենք կատարելու կիսանախագահական կառավարման մոդելի (որն, իմ կարծիքով, Հայաստանի համար ամենաօպտիմալն է ներկա փուլում): Այդ դեպքում նախագահն այսպես թե այնպես հրաժարական պիտի տար։
Որպես փորձառու քաղաքական գործիչ` Արմեն Սարգսյանը հավանաբար որոշել է «խաղալ սպիտակներով» և իր կամ իր թիմի համար հետագա քաղաքական գործընթացներում տեղ գրավելու հիմքեր ստեղծել։
Բոլոր դեպքերում, նոր քաղաքական իրավիճակ է ձևավորվել, և հետաքրքիր է, թե վաղը երեկոյան հարցուպատասխանի ժամանակ այս առնչությամբ ինչ պարզաբանումներ կտա վարչապետը [հունվարի 24-ին սպասվում է Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը]»։
Նախագահի հրաժարականը որակապես փոխում է իրավիճակը երկրում, կարծում է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորիկ Նորիկյանը․
«Հրաժարականի տեքստի բովանդակությունը հիմք է տալիս ընդգծելու, որ առկա մարտահրավերներն առավել խորքային են, քան առերևույթ մենք տեսնում ենք: Այս քայլն ունենալու է քաղաքական հետևանքներ, որոնց ազդեցությունը զգալու ենք շատ արագ»։