Հայաստանի հարավում ռուսական ռազմաբազայի երկու հենակետ է ստեղծվել
Հայաստանի Սյունիքի մարզում, որը սահմանակից է Ադրբեջանին, ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու հենակետ է ստեղծվել։ Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանը քննարկում են երկրի հարավային մարզում՝ Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի հենակետի ստեղծման հնարավորությունը, Նիկոլ Փաշինյանը խոսել էր ապրիլին։
Սակայն ավելի վաղ՝ փետրվարին, Ռուսաստանի հետ համագործակցության ամրապնդման, այդ թվում՝ ռուսական ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտության մասին էր խոսել պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։
Ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայված է Գյումրիում՝ 1995թ -ի միջպետական պայմանագրի համաձայն։ 2010 թ-ին Ռուսաստանն ու Հայաստանը երկարաձգեցին պայմանագրի գործողության ժամկետը մինչև 2044 թ-ը։
- Ի՞նչ է թաքնված Ռուսաստանի արտգործնախարարի կովկասյան այցի հետևում։ Մեկնաբանություն Երևանից և Բաքվից
- Հեռանալ՝ վերադառնալու համա՞ր։ Ի՞նչ է նշանակում Հայաստանի վարչապետի հրաժարականը․ կարծիքներ
Հայաստանի անվտանգության համակարգը չի փոխվել
Ազգային ժողովում ելույթ ունենալիս Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանի անվտանգության համակարգը չի փոխվել։ Երկրի բոլոր սահմանների պաշտպանությունն իրականացվում է հայ-ռուսական համատեղ խմբավորման ուժերով և ջանքերով․
«Գաղտնիք չէ, որ Հայաստանի Սյունիքի մարզում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է տեղակայվել։ Եվ այդ նոր հենակետերի հիմնադրումը լրացուցիչ երաշխիք է Սյունիքի մարզի և ընդհանրապես ՀՀ անվտանգությունն ապահովելու համար: Սա շատ կարևոր արձանագրում է»։
Սահմանամերձ շրջանների ամրապնդման մասին
Անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը խորհրդարանում Փաշինյանին հարցրել է, թե ինչ է արվում Սյունիքում և Գեղարքունիքում Հայաստանի պաշտպանական դիրքերի ամրապնդման համար, որոնք սահմանակից են Ադրբեջանին։ Նրա խոսքով՝ պատերազմից արդեն կես տարի է անցել, և խրամատների, ամրացված և վերազինված դիրքերի բացակայությունն անհանգստություն է առաջացնում։
«Ի՞նչ է մեզ սպասվում սահմանին նախքան վերջնական սահմանազատումն ու սահմանագծումը», — հետաքրքրվել է պատգամավորը։
Հարցը վարչապետին հունից հանել է։ Նրա խոսքով՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանը հարկ եղած ձևով վերազինվում է, սակայն այդ աշխատանքը հասկանալի պատճառներով չի հանրայնացվում․
«Հաճախ, երբ ես լսում եմ մեր ներքին հանրային քննարկումները, հասկանում եմ, որ ադրբեջանական հետախուզությունը չպետք է աշխատանքի վրա մեծ ռեսուրսներ ծախսի։ Մեկը կար, պատերազմից առաջ ասում էր՝ ես լինեմ Ալիևի տեղը, հիմա կհարձակվեմ:
Հիմա էլ մենք ճշգրտում ենք ուղղությունները: Խնդրում եմ, հաջորդ անգամ միանգամից կոորդինատներով կամ քարտեզներով հրապարակել, ասել՝ ինչ ունենք, ինչ չունենք, ասել՝ այստեղ մինչև այս մասը մենք խրամատ չունենք, էստեղ մի քիչ ուժեղ ենք, չարժե հարձակվել։ Դուք ընդհանրապես հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում»։
Պատգամավորը պատասխանել է, թե երկու կողմերի դիրքերը միմյանց այնքան մոտ են, որ խրամատների վիճակը տեսանելի է հակառակորդին, այնպես որ, կոորդինատներ էլ պետք չէ փոխանցել։
Թագուհի Թովմասյանը հետաքրքրվել է, թե ինչու է պաշտպանական համակարգն այնպիսի վիճակում, որ ադրբեջանցիները տեսնում է հայկական ուժերի զինվածությունը, զինվորների հագուստը, և ինչու առաջնագիծը վերազինված չէ։
Նիկոլ Փաշինյանը պատգամավորներին վստահեցրել է, որ համապատասխան աշխատանքներ են տարվում, սակայն ոչ ոք չի կարող տեսնել այն, ինչ արվում է․
«Եվ փառք Աստծո, որ ոչ դուք, ոչ ադրբեջանցիները չեն կարող դա տեսնել։ Ես ուրախ եմ դրա համար»։