Հայաստանի կալանավորված նախկին նախագահը մտադիր է «քաղաքական պայքար» վարել բանտից
Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որն ավելի քան մեկ տարի է՝ բանտում է, հայտարարել է․ ներկայիս իշխանությունն ինքն է քաղաքականություն վերադարձրել իրեն։ Իսկ նրանով, որ բանտից ազատ չի արձակում, իրեն դարձնում է «իր ապաշնորհ կառավարմանը դիմակայելու խորհրդանիշ»։ Այս մասին Քոչարյանը հայտարարել է լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում, որի ֆինանսավորումը նրան է վերագրվում։
• Ինչո՞ւ են նստեցրել Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին
• Հերթական նախագահական գործի մանրամասները․ ինչի՞ համար է մեղադրվում Սերժ Սարգսյանը
2018 թ–ի հուլիսին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք էր առաջադրվել սահմանադրական կարգի տապալման համար։ Խոսքը 2008 թ–ի մարտին ցույցի դաժան ցրման մասին է, որի հետևանքով 10 մարդ է զոհվել։
Հարցազրույցում նա հայտարարել է նաև․
«Ճակատագիրը ժամանակին ինձ հնարավորություն տվեց առաջնորդել Ղարաբաղի անկախության համար պայքարը, որը խորհրդանշում էր ազգային ինքնագիտակցության վերածնունդը։ Երբ շարժումը նոր էր սկսվել, ինձ հրաշքով հաջողվեց խուսափել ադրբեջանական բանտից։ Ճակատագրի հեգնանքն այն է, որ ինձ ազատությունից զրկելով՝ մեր իշխանությունն այսօր լրացնում է այն, ինչ այն ժամանակ չհաջողվեց ազերիներին։ Պատմությունը գիտի բանտերից հաջող քաղաքական պայքարի շատ ոգեշնչող օրինակներ։ Հավանաբար, ինձ վիճակված է շատ կարևոր դեր խաղալ երկիրը մեր ազգային ինքնությունը քայքայող արատավոր իշխանությունից ազատելու գործում»։