Հայաստանի խորհրդարանի ընդդիմադիր 3 պատգամավորներն ազատ արձակվեցին
Հայաստանի խորհրդարանի «Հայաստան» ընդդիմադիր խմբակցության երեք պատգամավորներն ազատ արձակվեցին։
Պրոֆեսոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց դատարանի դահլիճից։ Նույն դաշինքի պատգամավորներ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանն ազատ արձակվեցին առանց դատական նիստի։
Պատգամավորների կալանավորումը նորից քննարկման առարկա դարձավ դեկտեմբերի 9-ին, երբ Սահմանադրական դատարանը որոշում կայացրեց նրանց անհապաղ ազատ արձակման մասին։
«Անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ և չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան Ազգային ժողովի համաձայնությամբ», — արձանագրել էր Սահմանադրական դատարանը։
Պատգամավորների անձեռնմխելիության վերաբերյալ Սահմանադրական դատարան դիմում էին ներկայացրել «Հայաստան» խմբակցության պատգամավորները։
ՍԴ որոշումից հետո խմբակցությունը հայտարարել էր, որ ընդդիմադիր պատգամավորներին «ամիսներ շարունակ ապօրինի են պահել կալանքի տակ, նրանք պետք է անհապաղ ազատ արձակվեն»։
Հիմք ընդունելով ՍԴ որոշումը՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հանդես էր եկել արտահերթ նիստ հրավիրելու միջնորդությամբ։ Պահանջը խափանման միջոց կալանավորումը վերացնելն էր։
Դեկտեմբերի 10-ին գումարվեց Արմեն Չարչյանի գործով արտահերթ նիստը։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանն ազատ արձակվեց։
«Դատարանը որոշեց Արմեն Չարչյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը փոխել և որպես խափանման միջոց ընտրել ստորագրություն չհեռանալու մասին։ Ամբաստանյալ Արմեն Չարչյանին ազատ արձակել կալանքից։ Որոշումը կարող է բողոքարկվել Վերաքննիչ դատարանում՝ ստանալուց հետո 10-օրյա ժամկետում», — նշեց դատավոր Վահե Միսակյանը։
Դատարանի այս որոշումը ներկաները ծափահարություններով ընդունեցին։
Չարչյանի ազատ արձակումից մեկ ժամ անց ազատության մեջ էին նաև պատգամավորներ Արթուր Սարգսյանն ու Մխիթար Զաքարյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի նախկին տնօրեն Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրակաշառք բաժանելու և ընտրողներին ճնշելու մեջ:
Սիսիանի նախկին համայնքապետ Արթուր Սարգսյանը մեղադրվում է պետական միջոցների վատնման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման, իսկ Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը՝ ֆինանսական մեքենայությունների մեջ։
Երեք պատգամավորների փաստաբաններն էլ հայտարարում են, որ իրենց պաշտպանյլաներին առաջադրված մեղադրանքներն անհիմն են։