Հայաստանի իշխանությունը կորոնավիրուսի տարածման կտրուկ աճ է կանխատեսում
Հայաստանում կորոնավիրուսային վարակի տարածման հետ կապված իրավիճակը կրկին սկսում է մտահոգություն առաջացնել։ Հայաստանի իշխանությունները մոտակա երկու շաբաթում վարակվածների թվի աճ են կանխատեսում։
Կորոնավիրուսի տարածման կարևորագույն ցուցանիշներից մեկը՝ դրա վերարտադրողականության ցուցիչն այժմ բարձրացել է և կազմում է 1.02։ Դա նշանակում է, որ յուրաքանչյուր վարակված վարակում է ավելի քան մեկ հոգու։
•Հայաստանում ԱԴ ռեժիմը կփոխարինվի կարանտինով։ Ի՞նչ տարբերություն և ինչո՞ւ է ընդդիմութունը դեմ
•Դիմակներով, առանց դասամիջոցների և առանց բուֆետի․ նոր ուսումնական տարին Հայաստանում
Ի՞նչ է ասում առողջապահության նախարարությունը
Ըստ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի՝ վարակման դեպքերի աճի պատճառներից մեկն այն է, որ այժմ ավելի շատ թեստ է անցկացվում․
«Սակայն մենք նաև նշում ենք տոկոսային աճն արված թեստերի քանակի մեջ, ա յն այսօրվա դրությամբ մոտ 7% է(համեմատության համար՝ նախկինում ընդամենը 5% — JAMnews), ինչը մտահոգություն է առաջացնում»։
Վարակման դեպքերի աճի միտումն, ինչպես նշել է Ավանեսյանը, կապված է ուսումնական տարվա մեկնարկի հետ։
«Թեև դպրոցները բացվել են ընդամենը սեպտեմբերի 15–ին, արդեն մինչև այդ բավականին բարձր ակտիվություն էր նկատվում», — հաղորդել է Անահիտ Ավանեսյանը։
Նա խոսել է այն մասին, որ ուսումնական տարվա նախաշեմին ծնողներն ու երեխաները սկսել են նախապատրաստվել դրան․ խանութները, հանդիպումները, ակտիվ շփումները հանգեցել են վարակի տարածման։
Ինչպես կազդի վարակամն ցուցանիշների կորի փոփոխության վրա դպրոցների բացումը, ըստ փոխնախարարի, պարզ կլինի մոտակա երկու շաբաթում։
Վարակի վերարտադրողականության ցուցանիշի աճն (Rt COVID19) այժմ կազմում է 1.02, ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը․
«Սույն ցուցանիշը 1-ից բարձր լինելու դեպքում կանխատեսում է վիրուսի արագ տարածում. յուրաքանչյուր 1 վարակված անձ վարակելու է 1-ից ավել անձի։ Ընդամենը մի քանի օր առաջ այն ցածր էր 1-ից և վկայում էր դեպքերի նվազման մասին»։
Փոխնախարարը հիշեցրել է, որ վերարտադրողականության ցուցանիշն աճում էր մայիսին–հունիսի սկզբին, որից հետո՝ հուլիսին, Հայաստանում գրանցվեց վարակվածների թվի կտրուկ աճ։
Լենա Նանուշյանը կոչ է արել շարունակել պահպանել բոլոր հակահամաճարակային կանոնները․ կրել դիմակներ, հաճախակի լվանալ կամ ախտահանել ձեռքերը, սոցիալական հեռավորություն պահպանել․
«Հակառակ դեպքում մենք կունենանք դեպքերի կտրուկ աճ»։
Կորոնավիրուսային իրավիճակը երկրում
2020 թ–ի մարտին Հայաստանում արտակարգ դրության ռեժիմ էր սահմանվել։
Մինչև հուլիս ամիսը երկրում ամեն օր վարակվածների թիվն աճում էր, հուլիսի 6–ը կորոնավիրուսի տարածման գագաթնակետն է համարվում։ Այդ ամսաթվից հետո վարակման օրական դեպքերի քանակը սկսել էր կրճատվել։
Դա ահծվի առնելով՝ օգոստոսի 12–ից պարետատունը թույլատրել էր արտասահմանցիներին երկիր գալ, ինչպես նաև փողոցային հավաքներ և հանրահավաքներ անցնացնել՝ պահպանելով հակահամաճարակային նորմերը։
Արտակարգ դրության ռեժիմի ժամկետը լրացել է սեպտեմբերի 11–ին, որից հետո Հայաստանում 4 ամսով կարանտին է սահմանվել։
Սեպտեմբերի 18–ի դրությամբ՝ երկրում վարակման 239 դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը 46 910 է։ Ապաքինվել է 42 369 հիվանդ, 926 մարդու կյանք փրկել չի հաջողվել։