Հայաստանում կանխվել է պետական հեղաշրջման իրագործում․ հրապարակված են ապացույցներ
Հայաստանի ընդդիմության հեղաշրջման պլանը
Ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները «պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»։ Այսօր հայտարարել է Հայաստանի Քննչական կոմիտեն և տեղեկացրել՝ հարուցված է քրեական վարույթ։
Նշվում է, որ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով իշխանություն ստանձնելու գործընթաց իրագործելու նպատակ է ունեցել Վ․Գ․-ն։ Վազգեն Գալստանյանը շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանի աշխարհիկ անուն-ազգանունն է։ Հաղորդագրության համաձայն՝ այդ նպատակի իրականացման համար Վ․Գ-ն «շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, կատարել իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն»։
Կոմիտեի փոխանցմամբ՝ հանցավոր խումբը չի կարողացել իրականացնել իր ծրագիրը։ Նախապատրաստման փուլում այն բացահայտվել է ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից։ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Բագրատ Գալստանյանին, այնուհետև նա տեղափոխվել է Քննչական կոմիտե։
«Իրավապահները կանխեցին Հայաստանի Հանրապետությունը ապակայունացնելու և իշխանությունը բռնազավթելու «քրեաօլիգարխիակղերական» խոշոր ու եղկելի պլանը»,- ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ վարույթ նախաձեռնելու հարցով Քննչական կոմիտե էր դիմել երկրի Գլխավոր դատախազությունը։ Որպես հիմք էր ծառայել ՀՀ-ի իշխանությունների հետ փոխկապակցված Civic.am լրատվական կայքի հրապարակումը հեղաշրջման պլանի մանրամասներով։
Խորհրդարանական ընդդիմությունը կարծում է՝ պլանը հենց իշխանությունն է հորինել, դա նրա «վախերի արտացոլանքն է»։
Դեռևս նախորդ շաբաթ՝ հունիսի 20-ին ընդդիմության որոշ ներկայացուցիչներ հայտարարել էին զանգվածային ձերբակալությունների, խուզարկությունների մասին։ ՆԳՆ Ոստիկանությունից հայտնել էին՝ իրականացնում են «ուժեղացված ծառայություն, ինչի շրջանակում ձեռնարկվում են կանխարգելիչ-բացատրական աշխատանքներ»։
Բոլոր մանրամասները, քաղաքացիների կարծիքները
- Փաշինյանի հրաժարականի պահանջը հասավ Հանրային հեռուստատեսության եթեր
- Տասնյակ վիրավորներ Երևանում. ոստիկանները հատուկ միջոց են կիրառել
- «Բագրատ Սրբազանին վարչապետի թեկնածու առաջադրելը սխալ ճանապարհ է»․ կարծիք
- «Սահմանազատման դեմ շարժման հետևում ՌԴ-ն ու 5-րդ շարասյունն են»․ կարծիք
Ի՞նչ էր հաղորդել իշխանական ԶԼՄ-ն
Հայաստանի իշխանությունների հետ փոխկապակցված Civic.am կայքը հրապարակել էր «Բացառիկ․ Ընդդիմության հեղաշրջման պլանը» վերնագրված նյութ։ Այն իրենից ներկայացնում էր 7 էջից բաղկացած PDF փաստաթուղթ։
«Ընդդիմության ներսում մեր վստահելի աղբյուրները մեզ են փոխանցել ընդդիմության հեղաշրջման պլանը, որը իրենից ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում»,- ասված էր հրապարակման մեջ։
Փաստաթղթի համաձայն՝ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելու պլանը բաղկացած է 8 փուլից: Որոշիչ փուլը պետք է մեկնարկեր սեպտեմբերի 20-ին և 21-ին՝ Փաշինյանի հրաժարականի պահանջով և «Հեռացիր, որ ապրենք» կարգախոսով»։
Հրապարակման մեջ «հեղաշրջման պլանի» հետ կապ ունեցող կոնկրետ անուններ են մատնանշված՝ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյան ու Սերժ Սարգսյան, գործարարներ Սամվել Կարապետյան, Գագիկ Ծառուկյան ու Սամվել Ալեքսանյան։
Օրեր առաջ իշխանազավթման կոչ հնչեցնելու մեղադրանքով երկամսյա կալանք էր կիրառվել ռուսաստանաբնակ հայ գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ։
Պլանում նաև նշվում է, թե անհրաժեշտ է համոզել նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հասնել հաշտության և միասնական աջակցություն ապահովել:
Civic.am-ի հրապարակած փաստաթղթի «Մարդկային ռեսուրս» բաժինն ունի հետևյալ տեսքը՝
- Գագիկ Ծառուկյան՝ 15-20 հազար մարդ,
- Սամվել Կարապետյան՝ 5-8 հազար մարդ,
- Սամվել Ալեքսանյան՝ 5 հազար մարդ։
Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Դաշնակցության, «Գազպրոմ»-ի և այլ կառույցների անուններ են հիշատակված։ Սակայն դրանց դիմաց ոչ մի թիվ նշված չէ։
«Կամ կմեռնենք, կամ կմեռցնենք»․ ՔԿ-ն ձայնագրություններ է տարածել
Քննչական կոմիտեն տարածել է մի քանի ձայնագրություններ, որոնցում հանցավոր խմբի անդամները քննարկում են իրենց գործողությունները, պլանավորում դրանք։ Դրանցում նաև վիրավորական արտահայտություններ են հնչում հայ ազգի մասին․
«Պետք ա վառել մարդկանց մեջ էդ ճրագը, որ հասկանան՝ չէ, ընկեր, մենք էլ ենք պրոցեսի մասնակից։ Էս անասուն ազգը, խորը անասուն ազգը ամեն ինչում ուզում ա լինի սեփականատեր և հիմնադիր։ Դրա համար պետք ա ասել՝ ախպեր, պրոցեսի համահիմնադիրը դու ես»։
Մեկ այլ ձայնագրությունում խոսվում է համոզելու մեթոդից հրաժարվելու և մարդկանց գնդակահարելու մասին․
«Մենք դրել ենք բանի վրա՝ համոզենք, քարոզենք։ 2 հոգու պատի տակ գյուլում ես, մի 15 հոգու էլ դնում ես բանտը, պրծավ, գնաց։ Սաղ բնաջնջվում են։ Գնդակահարում ես, ընտանիքին էլ կոմպենսացիա ես տալիս կյանքի համար, իրանք էլ ուրախ կլինեն»։
Խմբի անդամներից մեկն էլ պնդում է՝ երբ որոշեն փողոց դուրս գալ, պետք է իրագործեն իրենց նպատակը, քանի որ չեն ունենալու երկրորդ, երրորդ, չորրորդ հնարավորություն։
«Երբ Սրբազանն [Բագրատ Գալստանյանն] ասեց՝ դուրս ենք գալիս փողոց, ուրեմն հարցը փակված ա, ավարտված ա, գործն ավարտված ա՝ կամ մենք կմեռնենք, կամ մեռցնենք»,- նկատում է նա։
«Պլանավորել են կատարել ահաբեկչություն, այդ թվում՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելով»
Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Վ․Գ․-ն [Վազգեն Գալստանյան, նույն ինքը՝ Բագրատ Սրբազան] 2024 թվականի ամռան ամիսներին ձևավորել է «Սրբազան պայքար» անվանումով շարժում։ Մի քանի ամիս կազմակերպել և անցկացրել է հավաքներ և երթեր՝ նպատակ ունենալով ՀՀ-ում իշխանություն ստանձնել։ Նշվում է, որ այնուհետև շարժման առաջնորդը դադարեցրել է քաղաքական բնույթի հանրային միջոցառումներն ու «Սրբազան պայքարի» համախոհներին տեղեկացրել «գործունեության մեթոդաբանությունը փոխելու» մասին՝ բացառելով ընտրությունների միջոցով իշխանությունը ստանձնելու եղանակը։
Ընդդիմադիր շարժման որդեգրած նոր մեթոդաբանությունը, ըստ ՔԿ-ի, եղել է հետևյալը՝ վերջնանպատակին հասնել «ոչ թե հավաքների տրամաբանությամբ, այլ հարմար պահի փոքրակազմ հարվածային խմբերի փոխհամաձայնեցված բռնի գործողությամբ»։ Այն պլանավորել են իրագործել 24-36 ժամվա ընթացքում՝ միաժամանակ ՀՀ բնակավայրերում առաջացնելով անկառավարելի իրավիճակ։
Հաղորդագրության համաձայն՝ «հանցավոր խմբի անդամները որոշել են ձևավորել ռազմական պատրաստություն ունեցող մինչև 25 անձանցից՝ հիմնականում նախկին զինվորականներից և ոստիկաններից կազմված 200-250 հարվածային խմբեր՝ դրանցից յուրաքանչյուրի առաջ դնելով պարտադիր կատարման ենթակա հստակ առաջադրանք»։
Նշվում է, որ ծրագրի համաձայն՝ Վ․Գ․-ն պետք է հնչեցներ ՀՀ կառավարության դիմաց հավաքվելու կոչ, պետք է կազմակերպվեր փոքրաթիվ հանրահավաք՝ իշխանությունների ուշադրությունը շեղելու համար։ Իսկ այդ ընթացքում «հարվածային խմբերը պետք է տեղակայվեին նախապես որոշված տեղերում»․
«ՀՀ-ում իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ»։
Այդ թվում՝
- «տրանսպորտային միջոցների հիմնական շարժն ապահովող խոշոր և բանուկ փողոցներում, պողոտաներում տասնյակ ավտոմեքենաների դիտավորյալ բախումներ կազմակերպել,
- տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը,
- հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ իրականացնել պայթյուններ, դրանցով կրակոցներ արձակել շենքերի և շինությունների պատերին,
- էլեկտրաէներգիայի և ինտերնետային կապի սնուցման մալուխները, դրանց սնուցումն ապահովող այլ սարքավորումները վերը նշված հրավտանգ միջոցների գործադրմամբ վնասելու և ոչնչացնելու միջոցով իրականացնել էլեկտրաէներգիայի և համացանցի զանգվածային անջատումներ,
- խաչմերուկներում երթևեկությունը կարգավորող լուսացույցների զանգվածային խափանումներ, նույն եղանակով շարքից հանել տրոլեյբուսների էլեկտրական սնուցման գծերը,
- այրման եղանակով ոչնչացնել հասարակական սպասարկման օբյեկտներ՝ այդ կերպ նպատակ հետապնդելով ահաբեկել բնակչությանը, բնակչության շրջանում առաջացնել անկառավարելի վիճակ»։
Կոմիտեից հայտնել են, որ հանցավոր խմբի անդամները պլանավորել էին զուգահեռաբար միջոցներ ձեռնարկել առաջացած վիճակը վերացնելու հնարավորությունից պատասխանատու պետական մարմիններին զրկելու ուղղությամբ, այդ թվում՝ խոչընդոտել կամ ընդհուպ բացառել ոստիկանության ուժերի շարժը՝ ներքին զորքերի տեղակայման վայրերի ելքերը տարբեր եղանակներով արգելափակելու, տրանսպորտային միջոցների շարժը խափանելու, կառավարության և պետական այլ գերատեսչությունների կայքերը, էլեկտրոնային կառավարման համակարգերը հաքերային հարձակումների միջոցով կաթվածահար անելու եղանակով։
Շեշտվում է, որ վերոնշյալ հանցավոր արարքների իրագործման համար 2025 թ․-ի հունվարից մինչ օրս հավաքագրվել են 1000-ից ավելի մարդիկ։
Բացի այդ, նկարագրված գործողություններն իրականացնելու համար խմբի անդամները՝
- ձեռք են բերել Երևան քաղաքի քարտեզը, լուսացույցների, էլեկտրաէներգիայի և համացանցի սնուցման լարերի բաժանարարների գտնվելու վայրերի վերաբերյալ տվյալները,
- պատվիրել և ձեռք են բերել պայթյուններ կատարելու և կրակոցներ արձակելու համար նախատեսված հազարավոր հրավտանգ միջոցներ, ինչպես նաև տրանսպորտային միջոցների անվադողերը վնասելու և տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար պիտանի մետաղական սրածայր դետալներ։
«Դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական և այլ վարութային գործողություններ»,- հայտնել է ՔԿ-ն։
Մեկնաբանություններ սոցցանցերից
«Ու եթե այսքանից հետո դրանք օրենքով չպատժվեն, հայ ժողովրդի ձեռքով հաստատ կպատժվեն։ Փաստորեն ռուսի գործակալական մեծ որջը Հայաստանում ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ է, ցավոք»։
«Հակապետական տականքներին ձերբակալել և վանդակներում տեղավորել, հասարակությունից մեկուսացնել ցմահ, հարգելի Նիկոլ Փաշինյան»։
«Ալաշուքյուր Փաշազադեյի ականջը կանչի, հիմա Բաքվում նստած նայում ա էս ամենին ու հոգին փառավորվում ա, մի թույլ բերան ասեց՝ Հայոց եկեղեցին վտանգ ա ներկայացնում, վարչապետս միանգամից անցավ գործի»։
«Սրանք ներում չունեն, տնային կալանք չտաք, միանգամից գաղութ»։
«Անվերապահորեն սատարում եմ ՀՀ իշխանություններին. ահաբեկիչները պետք է խստագույնս պատժվեն»։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի ընդդիմության հեղաշրջման պլանը