Հայաստանի տարածքում ռուսական ուղղաթիռ է ընկել, Ադրբեջանը հայտարարել է ողբերգական սխալի մասին
Ռուսական Մի-24 ուղղաթիռ է խոցվել նոյեմբերի 9-ի երեկոյան Ադրբեջանի Նախիջևան շրջանից, այն ընկել է Հայաստանի տարածքում։
«Անձնակազմի երկու անդամ մահացել է, մեկը միջին ծանրության վնասվածքներով տարհանվել է», — ասված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունում։
Ադրբեջանի ԱԳՆ-ն խոստովանել է ռուսական ուղղաթիռին սխալմամբ հասցված հարվածը և հատուկ հայտարարությունում ընդգծել, որ «ողբերգական միջադեպն ուղղված չէր ռուսական կողմի դեմ»։
Ռուսաստանի պաշտպանության նախարարություն․ ինչպես է խոցվել ուղղաթիռը
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ «ռուսական Մի-24 ուղղաթիռը կրակային ազդեցության է ենթարկվել շարժական զենիթային հրթիռային համալիրից»: Դա շարժական հրթիռային համալիր է, որը կիրառվում է պատերազմներում որպես ավիացիայի դեմ պայքարի արդյունավետ միջոց։
Հաղորդվում է նաև, որ Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայի հրամանատարությունը պարզում է, թե ով է կրակել ուղղաթիռի ուղղությամբ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը հայտարարել է, որ ուղղաթիռը խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ մարտական գործողությունների գոտուց դուրս։
Հայաստան․ հաստատվել է վայրը, որտեղ ընկել և պայթել է ռուսական ուղղաթիռը
Միջադեպից անմիջապես հետո Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հաստատել է․ Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Երասխ գյուղից Պարույր Սևակ գյուղ տանող հատվածում՝ ձորում, ռուսական ուղղաթիռ է ընկել և բռնկվել։
Միջադեպի առնչությամբ Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ ասվում է․
«Ռուս օդաչուները ցավալիորեն զոհվեցին Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման դաշնակցային պարտականությունները կատարելիս, ուստի ՌԴ պաշտպանության նախարարության համաձայնությամբ նրանք հետմահու կներկայացվեն Հայաստանի Հանրապետության պետական պարգևների»:
Ադրբեջանի ԱԳՆ․ «Ողբերգական միջադեպը ռուսական կողմի դեմ չէր ուղղված»
Ադրբեջանի ԱԳՆ-ն հատուկ հայտարարությամբ է հանդես եկել, որում սխալմունք է անվանել ռուսական ուղղաթիռին հասցված հարվածը։
Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում ասված է, որ ողբերգական միջադեպի պատճառն այն էր, որ «թռիչքն իրականացվում էր հայ-ադրբեջանական սահմանին շատ մոտ, այն դեպքում, երբ հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության գոտում շարունակվում են ակտիվ ռազմական բախումները»։
«Թռիչքն իրականացվում էր օրվա մութ ժամին, ոչ մեծ բարձրության վրա, ՀՕՊ ռադարային հայտնաբերման գոտուց դուրս։ ՌԴ ռազմաօդային ուժերի ուղղաթիռներ այդ վայրում նախկինում չեն նկատվել։
«Նշված գործոնների և տարածաշրջանում առկա լարվածության համատեքստում, հայկական կողմի հնարավոր սադրանքների կապակցությամբ մարտական պատրաստվածության բարձր մակարդակի բերված հերթապահ մարտական հաշվարկը որոշում է կայացրել կրակ բացել շարժը ձախողելու համար», — ասված է հայտարարությունում։
Ադրբեջանը ներողություն է խնդրել ռուսական կողմից ողբերգական միջադեպի առնչությամբ, որը «պատահական բնույթ է կրում և ուղղված չէ ռուսական կողմի դեմ»։
«Ադրբեջանական կողմն անկեղծ ցավակցություն է հայտնում անձնակազմի զոհված անդամների ընտանիքներին և շուտափույթ ապաքինում մաղթում տուժածներին։
Ադրբեջանական կողմը հայտարարում է նաև համապատասխան փոխհատուցում վճարելու պատրաստակամության մասին», — հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։