«Արձագանքե՞լ Միլի մեջլիսին, թե՞ ոչ»․ քննարկում Հայաստանի խորհրդարանում
Հայաստանի ԱԺ պատասխանը Ադրբեջանին
«Հայաստանի խորհրդարանը պետք է ընդունի հայտարարություն այն մասին, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, ԼՂ-ի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի սկզբունքով առանց սահմանափակումների»։ Սա ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության առաջարկն էր, որը նաև համապատասխան նախագիծ էր հեղինակել։
Պատգամավորներն առաջարկում էին դատապարտել Ադրբեջանի խորհրդարանի 2022 թվականի նոյեմբերի 8-ի հայտարարությունը: Ընդդիմության գնահատմամբ՝ Միլի մեջլիսը արդարացրել է 44-օրյա պատերազմի ռազմական հանցագործությունները, Հայաստանի և Արցախի դեմ նոր սպառնալիքներ հնչեցրել։
Ըստ ընդդիմադիրների՝ Երևանի լռությունը լավագույն դեպքում վախի, իսկ վատագույն դեպքում համաձայնության նշան կարող է դիտվել։ Իշխող ուժի համոզմամբ՝ պետք է խոսել միջազգային հանրության համար ընկալելի բառապաշարով, իսկ ընդդիմադիրների մշակած հայտարարությունն ավելի շատ ռիսկեր կարող է առաջ բերել։
Դեկտեմբերի 2-ին հայտարարության քննարկման նպատակով ԱԺ-ում հրավիրվել է արտահերթ նիստ։ Խորհրդարանական մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նիստին մասնակցեց, քվեարկությանը՝ ոչ։ Արդյունքում նախագիծը չընդունվեց։
Իշխող ուժի և ընդդիմության մոտեցումները Բաքվին արձագանքելու և հայտարարության տեքստի վերաբերյալ
- Իլհամ Ալիև. «Ֆրանսիան չի կարող մասնակցել խաղաղության գործընթացին»
- «Բաքուն շանտաժի է դիմում Լաչինի միջանցքի հարցով»․ կարծիք Երևանից
Ի՞նչ էր առաջարկում ընդդիմությունը
ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության հեղինակած նախագծի համաձայն՝ խորհրդարանը պետք է հայտարարեր, որ
- Արցախի չի կարող լինել Ադրբեջանի կազմում,
- ԼՂ-ի հայերի իրավունքների և անվտանգության ապահովման կարևոր գործոն է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումը՝ առանց սահմանափակումների,
- Բաքուն պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին և զոհված զինծառայողների ու քաղաքացիական անձանց մարմինները,
- Ադրբեջանը պետք է իր զինված ուժերը վերադարձնի մինչև 2021 թվականի մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը,
- Ադրբեջանի հետ խաղաղության հաստատումը չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում,
- անընդունելի է համարում Հայաստանի ինքնիշխան տարածքով միջանցք տրամադրելու մասին Ադրբեջանի պահանջը։
Արձագանքել Բաքվին, բայց ինչպե՞ս
Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը կարծում է՝ Ադրբեջանին արձագանքել պետք է, բայց նախ պետք է ընտրել, թե ինչպես։
«Հայաստանի խորհրդարանը պարտավոր է պատասխանել Ադրբեջանին»,- պնդում էին ընդդիմադիրները։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր, հարցի հիմնական զեկուցող Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ հայտարարությամբ Հայաստանը պետք է միջազգային հանրությունը մեսիջ հղի՝ որոնք են այն «կարմիր գծերը, որոնցից ավելի չենք զիջելու»։
Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի կարծիքով՝ պատասխան հայտարարությունը պետք է լինի՝
- համարժեք հակազդեցություն Ադրբեջանի Միլի մեջլիսի հայտարարությանը,
- ավելի արմատական, ամբողջական, լիարժեք, քան ՀՀ-ի օտարերկրյա գործընկերների արձագանքն է,
- համապաստախան Հայաստանի և Արցախի ժողովրդի արդեն իսկ արտահայտած դիրքորոշումներին և մոտեցումներին։
Իշխող թիմի և ընդդիմության մոտեցումների տարբերությունները
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ ընդդիմության համար «անընդունելի» է այն, որ խորհրդարանական մեծամասնությունը դեմ է՝
- Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կամ Արցախի Հանրապետություն ձևակերպմանը,
- ինքնորոշման իրավունքի իրացման և անվտանգության ապահովման մասով Հայաստանի հանձնառությանը,
- Շուշիի հռչակագրի դատապարտմանը։
Իշխող ուժի պատգամավոր Մարիա Կարապետյանի խոսքով՝ «Հայաստանի ժողովրդի և ԼՂ-ի հայության շահերի համատեղ սպասարկման փորձը» ձախողվել է, քանի որ տարբեր են իրենց և ընդդիմության պատկերացումները «արդյունավետ դիվանագիտության» և «բանակցություններում Հայաստանի դերի» վերաբերյալ։
Կարապետյանի խոսքով՝ այն, որ Հայաստանը հանձնառու է ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության օրակարգի սպասարկման հարցում, չի նշանակում, թե կարելի է երկիրը դարձնել «գրավի առարկա»։ Անդրադառնալով դիվանագիտությանը՝ պատգամավորը նշել է, որ Ադրբեջանին «արմատական ձևակերպումներով» պատասխանելը «վատ դիվանագիտություն է, ավելին, դա հենց այն է, ինչ ուզում է Ադրբեջանը»։
«Ադրբեջանը մեզ ուզում է ներքաշել տարածքային վեճի մեջ: Հայաստանի և Ադրբեջանի ասածներն Ադրբեջանը ցանկանում է միջազգային հանրության ականջի համար դարձնել հայելանման մեղադրանքների և պահանջների աղմուկ և անլուծելի մի թնջուկ, օգտագործել այդ համատեքստը որպես ֆոն ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելու և ՀՀ-ի նկատմամբ սողացող պատերազմ վարելու համար՝ առանց միջազգային լուրջ դիմադրության»,- ընդգծել է Կարապետյանը։
«Լռությունը վախի կամ համաձայնության նշան է»
Ընդդիմադիր պատգամավոր Ադրանիկ Թևանյանի խոսքով՝ Ադրբեջանի խորհրդարանը սխալ գնահատականներ է տվել 44-օրյա պատերազմի պատճառներին, Հայաստանի հետ խոսել է վերջնագրերի և շանտաժի լեզվով՝ ներկայացնելով անընդունելի և իրավական որևէ հիմք չունեցող պահանջներ։
«Հայաստանի խորհրդարանը պարտավոր է ինստիտուցիոնալ մակարդակով համարժեք պատասխան տալ Ադրբեջանի հայտարարությանը, որովհետև լռությունը լավագույն դեպքում կնշանակի վախի նշան, վատագույն դեպքում՝ համաձայնության»,— ասել է Թևանյանը։
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանին չարձագանքելը վատ ավանդույթ է․
«Դա միջազգային հանրության մոտ բերում է համոզմունքի, որ Հայաստանն ասելիք չունի Ադրբեջանին և համակերպվել է եղածի հետ, որ համամիտ է Ադրբեջանի այն ձևակերպումների հետ, որոնք սպառնում են ՀՀ-ի և Արցախի տարածքային ամբողջականությանը, անվտանգությանը»։
«Ռիսկեր պարունակող հայտարարություն չենք կարող ընդունել»
Խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը։ Նա վստահեցրել է, որ «կա քաղաքական կամք ԱԺ անունից հանդես գալ ընդհանուր հայտարարությամբ», պարզապես մի շարք «սկզբունքային հարցերի» շուրջ չի հաջողվել համաձայնության գալ։
«Մեր գերնպատակն է շրջել քաղաքական, դիվանագիտական մեկուսացման անիվը, ապահովել միջազգային հանրության հնարավոր կոնսոլիդացիա Հայաստանի շուրջ»,- հայտարարել է Աղաջանյանը։
Նրա համոզմամբ՝ այս նպատակին հասնելու համար առնվազն պետք է խոսել այնպիսի բառապաշարով, որը ընկալելի և ընդունելի է միջազգային հանրության համար․
««Հայաստան» խմբակցության կողմից առաջարկվող տերմինաբանությունն առաջացնում է ավելի շատ ռիսկեր, քան նպաստում է ՀՀ խաղաղության օրակարգի առաջխաղացմանը: Մենք՝ որպես երկրի պատասխանատու իշխանություն, չենք կարող ընդունել մի հայտարարություն, որը պարունակում է նման ռիսկեր»։
Պատգամավորի խոսքով՝ իրենց առաջարկած ձևակերպումները «որևէ կերպ չեն բացառում ինքնորոշման իրավունքը»։ Ինչ վերաբերում է «Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը լինելու» Հայաստանի հանձնառությանը, որն ամրագրված է նաև կառավարության ծրագրում, ըստ Աղաջանյանի՝ «Հայաստանի իշխանությունները երբեք չեն հրաժարվել այդ գործառույթից»։
Խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի խոսքով՝ հայտարարությունը պետք է լիներ ոչ թե դեկլարացիա, այլ «ինչ-որ խնդիր լուծելու գործիք»․
«Մենք պիտի հասկանանք՝ այս հայտարարությունը ի՞նչ խնդիր է լուծում, ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծում, արդյո՞ք կարող է վնասել որոշ գործընթացների, կարո՞ղ է օգնել իրականացվող պաշտոնական քաղաքականությանը։ Ցավոք սրտի, այս հարցերի հասցեագրումը մենք չենք տեսել ձեր կողմից»։
Կոնջորյանի գնահատմամբ՝ ընդդիմության հեղինակած հայտարարությունը պարունակում է դրույթներ, որոնք որոշ դրվագներում կարող էին վնասել Հայաստանին ու Արցախին։ Քննարկման ավարտին նա տեղեկացրել է, որ իշխող ուժը որոշել է չմասնակցել հայտարարության նախագծի քվեարկությանը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանի ԱԺ պատասխանը Ադրբեջանին