Հայաստանը և Վրաստանը քննարկում են դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանման հնարավորությունները
WorldPress.com
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն այսօր հանդիպել է Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիայի գլխավորած պատվիրակության հետ:
Սուրեն Կարայանը հայտարարել է, որ թեև Հայաստանի և Վրաստանի միջև առևտրաշրջանառությունն աճում է, սակայն տեմպերը գոհացուցիչ չեն, մինչդեռ կա չիրացված լուրջ ներուժ:
Նախարարն առաջարկել է քննարկել և մշակել դեպի երրորդ երկրներ համատեղ արտահանմանն ուղղված ծրագրեր՝ հաշվի առնելով Հայաստանի և Վրաստանի համար առկա արտոնյալ շուկաները:
Վրաստանի Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Գախարիան կարծում է, որ քաղաքական որևէ տարաձայնության բացակայությամբ պայմանավորված՝ անհրաժեշտ է բոլոր ջանքերն ուղղել առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը:
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ձևավորել աշխատանքային խումբ, որը կզբաղվի երկու երկրներում գործունեություն ծավալող հայ և վրացի գործարարների խնդիրներով՝ դրանց օպերատիվ լուծումներ տալու նպատակով:
Նախարարները արձանագրել են, որ կարելի է օգտագործել երկու երկրներից յուրաքանչյուրի ուժեղ կողմերն ու մրցակցային առավելությունները և, գրագետ համադրելով, արդյունավետ համատեղ ծրագրեր իրականացնել:
Հայ նախարարը առաջարկել է վրացի գործարարներին մասնակցել Սյունիքի ազատ տնտեսական գոտում շինարարական աշխատաքներին, գործունեություն ծավալել Իրանին սահմանակից ազատ տնտեսական գոտում: Քննարկվել են նաև զբոսաշրջության զարգացման հնարավորությունները, միասնական տարածաշրջանային զբոսաշրջային ծրագրերի իրականացումը: