Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը․ ի՞նչ կտա
Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը
Հայաստանի խորհրդարանը վավերացրեց Հռոմի ստատուտը, որին կառավարությունը հավանություն էր տվել դեռևս 2022 թ․-ի դեկտեմբերին։ Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները դեմ քվեարկեցին։ Օրենքի նախագիծը հաստատվեց 60 կողմ, 22 դեմ ձայների հարաբերակցությամբ։
Ընթացակարգի համաձայն՝ վավերացման մասին ՄԱԿ գլխավոր քարտուղարին ծանուցելուց հետո Հայաստանը կդառնա Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) լիիրավ անդամ և կկարողանա հայցեր ներկայացնել իր տարածքում պատերազմական, մարդկության դեմ ուղղված, ցեղասպանության հանցագործություններ իրականացրած ֆիզիկական անձանց դեմ։ Բացի այդ, նույն նախագծով երկիրը հետադարձորեն՝ սկսած 2021 թ․-ի մայիսի 10-ից ճանաչել է նաև ՄՔԴ իրավազորությունը։
Պաշտոնական Երևանը բազմիցս հայտարարել է, որ ստատուտի վավերացման նպատակը Հայաստանի սուվերեն տարածքում Ադրբեջանի զինծառայողների կողմից իրականացված հանցագործությունների համար պատասխանատվության սահմանումն է, նոր հանցագործությունների կանխումը։ Փաստաթղթի վավերացումը, սակայն, աղմկահարույց քննարկումների առիթ է դարձել այն բանից հետո, երբ ՄՔԴ-ն ՌԴ նախագահի ձերբակալության հրաման արձակեց։ Ըստ այդմ՝ ստատուտը վավերացրած երկրները պարտավոր են Պուտինին դատարանին հանձնել, եթե նա հայտնվի իրենց երկրի տարածքում։
Անդրադառնալով ռուս գործընկերների սուր արձագանքներին՝ Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն ավելի վաղ նշել էր՝ այդ հարցի վերաբերյալ «լուծումներ կան»։
Հետխորհրդային երկրներից ստատուտը վավերացրել են Վրաստանն ու Տաջիկստանը։
Բոլոր մանրամասները․ ի՞նչ կտա այս քայլը Երևանին, արդյո՞ք ադրբեջանցիներին հնարավոր կլինի պատժել և ի՞նչ է լինելու, երբ Պուտինը որոշի գալ Հայաստան
Ի՞նչ կլինի, եթե Պուտինը գա Հայաստան․ հարցի պատասխանը
Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Հռոմի կանոնադրությունը վավերացնելու նախագիծը հավանության էր արժանացրել սեպտեմբերի 28-ին։ Դեռևս այդ ժամանակ Եղիշե Կիրակոսյանը լրագրողների հետ զրույցում պարզաբանել էր, թե ինչ է սպասվում, երբ վավերացումից հետո Ռուսաստանի նախագահը մուտք գործի Հայաստան։ Շեշտել էր՝ «պետությունների գործող ղեկավարներն օժտված են իմունիտետով», ինչպես նաև խոսել հնարավոր լուծումների մասին։
«Չեմ կարծում, թե ձերբակալելու մասին խոսք կարող է լինել։ Այն լուծումները, որոնք հիմնվում են Հռոմի ստատուտի 96-րդ հոդվածի 2-րդ մասով, առաջարկվել են մեր ռուս գործընկերներին։ Դա ենթադրում է երկկողմ համաձայնագրի ստորագրում, որը հնարավորություն է տալիս որոշակի երաշխիքներ ստեղծել այն անհանգստությունների համար, որոնք որոշ գործընկեր պետություններ կարող են ունենալ»,- նշել էր նա։
Կիրակոսյանի փոխանցմամբ՝ հայկական կողմն այդ տեքստը ներկայացրել է ամիսներ առաջ, սպասում է ՌԴ գործընկերների պատասխանին։
«Հայաստանը լրացուցիչ երաշխիքներ կստանա»
Խորհրդարանականներին օրենքի նախագիծը ներկայացնելիս Կիրակոսյանն ընդգծել է, որ Հռոմի ստատուտի վավերացմամբ Հայաստանը երաշխիք է ստանում․ իր սուվերեն տարածքում կատարված ցանկացած ծանրագույն հանցագործություն ենթակա կլինի Միջազգային քրեական դատարանի իրավազորությանը․
«Նպատակը Ադրբեջանի զինծառայողների կողմից իրականացված պատերազմական, մարդկության դեմ հանցագործությունների համար պատասխանատվություն նախատեսելն է»։
Ասում է՝ ստատուտի վավերացումն ու ՄՔԴ իրավազորության ճանաչումը կունենան նաև «էական կանխարգելիչ ազդեցություն» և կնպաստեն երկրի տարածքում ծանր հանցագործությունների կատարումը բացառելուն։ Խոսքը, մասնավորապես՝ պատերազմական, մարդկության դեմ ուղղված և ցեղասպանության հանցագործությունների մասին է։
Երկարաժամկետ տեսանկյունից, ըստ նրա, Հայաստանի համար ստեղծվում են լրացուցիչ երաշխիքներ, սակայն վերահսկողական մարմիններն անկատարար են ինչպես ՄԻԵԴ-ի և Արդարադատության միջազգային դատարանի, այնպես էլ ՄՔԴ պարագայում․
«Այս դեպքում արդյունավետությունը կարող է ավելի մեծ լինել, քանի որ, ի տարբերություն մյուս երկու դատարանների, որոնք խոսում են պետության պատասխանատվության մասին, ՄՔԴ վճիռները վերաբերում են ֆիզիկական անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն»։
Ադրբեջանը չի վավերացրել ստատուտը․ մեղավորները կկանչվե՞ն պատասխանատվության
Եղիշե Կիրակոսյանը դրական պատասխան է տվել պատգամավորների այս հարցադրմանը։ Պարզաբանել է՝ եթե ստատուտը վավերացրած երկրի տարածքում հանցագործություն է կատարում այն չվավերացրած երկրի քաղաքացի, նա միևնույն է ենթակա է դատարանի իրավազորությանը։
Պարզաբանել է՝ ստատուտը չվավերացրած պետությունը, օրինակ՝ Ադրբեջանը ՄՔԴ հետ համագործակցելու պարտավորություն չունի․
«Բայց Հռոմի ստատուտը վավերացրած բոլոր պետությունները պարտավորություն ունեն համագործակցել դատարանի հետ, անհրաժեշտության դեպքում դատարանին հանձնել հանցագործություն կատարած անձանց»։
«ԼՂ-ի հայերի բռնի տեղահանումը ևս ՄՔԴ իրավազորության ներքո է»
Հռոմի ստատուտի վավերացումից բացի Հայաստանը հետադարձորեն՝ 2021 թ․մայիսի 10-ից սկսած ճանաչել է նաև Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը։ Ընտրվել է այս ժամանակահատվածը, քանի որ Ադրբեջանի զինուժը դրանից հետո մի քանի անգամ ներխուժել է Հայաստանի սուվերեն տարածք։
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ սուվերեն տարածքում այսօր էլ գտնվում են ադրբեջանական զինված ստորաբաժանումներ, վավերացումը վերստին հիմնավորվում է»,- արձանագրել է Եղիշե Կիրակոսյանը»
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցչի խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի հայերի բռնի տեղահանումը ևս կարող է ընկնել դատարանի իրավազորության ներքո։ Ասում է՝ դատարանը «նման նախադեպ ունի»։
«20 տարի ուշացած որոշում է»
Մեկ տարուց ավելի է, ինչ երկրում ակտիվորեն քննարկում են՝ ի՞նչ կտա ստատուտի վավերացումը Հայաստանին։ Խորհրդարանականներն այսօր հստակեցրին՝ բոլոր խնդիրները չի լուծի, բայց կդառնա հավելյալ գործիք։
Իշխող թիմի անդամ Վլադիմիր Վարդանյանի խոսքով՝ այս հարցը Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում է արդեն 20 տարի, որոշումն ուշացած է համարում։
«Այն հանգամանքը, որ էթնիկ զտման՝ մարդկության դեմ ուղղված հանցագործության հետևանքով ՀՀ-ում է գտնվում բռնի տեղահանված անձանց ստվար խումբ, հիմք է տալիս, որ Հայաստանը Միջազգային քրեական դատարանում պնդի, որ դատարանն ունի իրավազորություն այս արարքի նկատմամբ»,- շեշտել է նա։
Ասում է՝ շատերը փորձում են մեկնաբանել, թե ՄՔԴ-ն վերպետական մարմին է, այնինչ դատարանի իրավազորության շրջանակներում քննվում են գործեր միայն այն դեպքում, եթե՝
- պետությունը չի ուզում դատել պատերազմական հանցագործին, ինչպես օրինակ՝ Ադրբեջանի պարագայում,
- պետությունը ունակ չէ դատել, քանի որ հանցագործը չի գտնվում իր երկրի տարածքում։
Նախապատմություն
Հռոմի կանոնադրությունն ընդունվել է 1998 թ․-ին, ուժի մեջ է մտել 2002 թ․-ին։ Այն վավերացրել է 123 պետություն։ Հայաստանը 124-րդն է։
ՀՀ-ն Հռոմի ստատուտը ստորագրել է դեռևս 1999 թ․-ին։ Վավերացման գործընթացը կասեցվել էր, քանի որ 2004 թ․-ին Սահմանադրական դատարանը դրանում ամրագրված որոշ պարտավորություններ ճանաչել էր Սահմանադրությանը հակասող։
Հարցը նորից օրակարգ էր վերադարձել մեկ տարի առաջ, երբ 2022 թ․-ի սեպտեմբերին Ադրբեջանը լայնածավալ ագրեսիա իրականացրեց Հայաստանի սուվերեն տարածքի դեմ, կատարվեցին ծանրագույն պատերազմական հանցագործություններ։ Կառավարությունը ստատուտի վավերացմանը հավանություն էր տվել նույն տարվա դեկտեմբերի 29-ին։
2023 թ․-ի մարտի 24-ին Սահմանադրական դատարանը ևս մեկ անգամ քննարկեց փաստաթղթի՝ երկրի Սահմանադրությանը համապատասխանելու հարցն ու տվեց դրական եզրակացություն։ Հարկ է նշել, որ 2004-ից հետո երկրում երկու անգամ տեղի են ունեցել սահմանադրական փոփոխություններ։ Փորձագետները նշում են, որ դրանցով լուծվել է նախկինում առկա հակասությունների խնդիրը։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաստանը վավերացրեց Հռոմի ստատուտը