Հայաստանը «որևէ դիրքորոշում չունի» ռուս-ադրբեջանական հռչակագրի վերաբերյալ
Հայաստանը որևէ դիրքորոշում չունի ռուս-ադրբեջանական համաձայնագրի վերաբերյալ, քանի որ դրանում նորություն չկա։ Լրագրողների հետ զրույցում նման կարծիք է հայտնել խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրին Հայաստանը պաշտոնապես չի արձագանքել։
Հռչակագրի ստորագրման, պաշտոնական Հայաստանի «ուշացած արձագանքի» և ընդդիմության դիրքորոշման մասին, նաև փորձագիտական կարծիք։
Ռուս-ադրբեջանական համաձայնագրի մասին
Փաստաթուղթը ստորագրվել է փետրվարի 22-ին ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում։ Պուտինի ու Ալիևի ստորագրած հռչակագրի նպատակը երկու երկրների միջև ռազմական համագործակցությունը խորացնելն է։ Կրեմլի հաղորդմամբ՝ ակնկալվում է, որ այն Ռուսաստանի և Ադրբեջանի «հարաբերությունները կհասցնի դաշնակցային մակարդակի»։
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից ստորագրված հռչակագրում ավելի քան 40 կետ կա։ Հաղորդվել է, որ փաստաթուղթը ընդգրկում է «փոխգործակցության լայն ասպեկտներ»՝ ԶՈւ–ների միջև օպերատիվ ու մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, փոխգործակցություն ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով համալրելու հարցերում և ոչ միայն։
ՌԴ նախագահ Պուտինը համաձայնագրի ստորագրումը բնութագրել է որպես «Բաքվի հետ հարաբերությունների զարգացման նոր փուլ»։ Ադրբեջանի նախագահ Ալիևը կարծիք է հայտնել, որ փաստաթուղթը «միանշանակ շատ դրական նշանակություն կունենա»։
Հայաստանն այդպես էլ պաշտոնապես չարձագանքեց
Ստորագրված փաստաթղթին հայկական կողմը պաշտոնապես չարձագանքեց։ Խորհրդարանի փոխխոսնակը նշել էր, որ «տեքստը հավուր պատշաճի պետք է ուսումնասիրվի» ու վստահեցրել՝ «արձագանքը չի ուշանա»։ Հակոբ Արշակյանի այս մեկնաբանությունից անցել է մեկ շաբաթ։ Արտաքին գերատեսչությունը կամ պետական որևէ այլ մարմին այդպես էլ չեն տարածել պաշտոնական հաղորդագրություն հռչակագրի ստորագրման վերաբերյալ։
«Հայաստանի և Ռուսաստանի միջև հաստատված միջպետական դաշնակցային համագործակցությունը, որը հիմնված է ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, իր բնույթով ինքնաբավ է և որևէ կերպ պայմանավորված չէ երրորդ երկրների հետ հարաբերություններով, եթե դրանք կողմերը չեն զարգացնում ի վնաս հայ-ռուսական դաշնակցության», — ԶԼՄ-ների հարցումներին ի պատասխան նշել էր ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։
Հունանյանն ընդգծել էր, որ Երևանն ու Մոսկվան հետևողականորեն քայլեր են ձեռնարկում հարաբերությունները թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ ձևաչափերում ընդլայնելու ուղղությամբ ու հույս հայտնել, որ հռչակագիրը «լրացուցիչ հնարավորություն կընձեռի առաջ մղելու Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ընդունված եռակողմ երեք հայտարարությունների դրույթների իրականացումը»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Մոսկվայի և Բաքվի միջև ստորագրված հռչակագիրը որևէ խնդիր չի ստեղծում Հայաստանի հետ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների համար։ Զախարովան հիշեցրել էր, որ ՀՀ-ՌԴ պայմանագրային բազան ընդգրկում է մոտ 200 փաստաթուղթ և ընդգծել՝ կատարելու են «հին և մոտ դաշնակից» Երևանի հանդեպ բոլոր պարտավորությունները․
«Մեր համոզմամբ՝ Բաքվի հետ ստորագրված հռչակագիրը թույլ կտա ամրապնդել Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ փոխգործակցությունը», — ասել էր Զախարովան ու հույս հայտնել, որ ստորագրված հռչակագիրը կնպաստի տարածաշրջանային անվտանգության ամրապնդմանը։
Արտաքին գերատեսչության տեսակետը կիսում է նաև Հայաստանի խորհրդարանական մեծամասնությունը։ Մարտի 1-ին լրագրողների հետ զրույցում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նշել է, որ Հայաստանը «որևէ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ»․
«Ըստ էության՝ այդ համաձայնագրով հաստատվում է այն իրողությունը, որը տարիներ շարունակ առկա է եղել ռուս-ադրբեջանական հարաբերությունների կոնտեքստում։ Քանի որ նորություն չկա, ՀՀ–ն որևէ դիրքորոշում չունի այդ հարցի վերաբերյալ»։
Իշխող ուժի պատգամավորներից Սարգիս Խանդանյանն էլ հղում է արել ԱԳՆ խոսնակի պատասխանին ու նշել, որ վերահաստատում է այն։
«Այս համաձայնագիրը որևէ կերպ չի խոչընդոտում Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերություններին», — վստահեցրել է պատգամավորը։
Հայաստանի նախկին իշխանությունները հռչակագրին արձագանքեցին անմիջապես։ ՀՀԿ գործադիր մարմինը հանդես էր եկել հայտարարությամբ՝ նշելով, որ Ռուսաստանի հետ նոր որակի, բովանդակության և ազնվության վրա կառուցվելիք հարաբերությունները «Հայաստանի և Արցախի ապագայի համար կենսական անհրաժեշտություն են»։ Հանրապետականների կարծիքով՝ այս գործն անհապաղ պետք է իրականացնեն երկրի գալիք իշխանությունները։
«Երբ քո միակ դաշնակիցը դաշնակից է դառնում ախոյանիդ, ապա դա, նախևառաջ, քո սեփական թուլության, քո գործած սխալների, քո ռազմաքաղաքական տապալման, քո աշխարհաքաղաքական սնանկության հետևանքն է», — ասված էր հայտարարությունում։
Փորձագիտական կարծիք
Քաղաքական և տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Բենիամին Պողոսյանի գնահատմամբ՝ Ռուսաստանի նպատակը հետխորհրդային տարածքներում իր ազդեցությունը վերականգնելն է, իսկ ռուս-ադրբեջանական համաձայնագրի ստորագրումը կապ չունի ոչ Հայաստանի, ոչ էլ ՀՀ վարած արտաքին քաղաքականության հետ։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Ռուսաստանը կարծում է, որ հռչակագիր կնքելով ամրապնդում է իր դիրքերն Ադրբեջանում։
«Պատերազմից հետո Ռուսաստանն ունի կոշտ ազդեցության լծակ Ադրբեջանում. դա Արցախում տեղակայված ռուսական զորքերն են: Հիմա դրան գումարվեցին փափուկ ազդեցության միջոցներ՝ դաշնակցային համագործակցություն, տնտեսական հարաբերություններ և այլն», — ընդգծել է Պողոսյանը։
Ըստ նրա՝ դժվար է ասել, թե «Ռուսաստանը զոհաբերում է Հայաստանի շահերը», որովհետև կնքվել է ոչ թե պայմանագիր, այլ ընդամենը հռչակագիր:
Քաղաքագետը նկատում է՝ ՀՀ վարած քաղաքականությունն ու ստորագրված հռչակագիրը միմյանց չեն հակասում․
«Եթե պատերազմից հետո նայենք Հայաստանի վարած քաղաքականությանը Ադրբեջանի նկատմամբ, որ Ադրբեջանի հետ պետք է հարաբերությունները լավացնել, պետք է սահմանները դելիմիտացնել, դեմարկացնել, Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, բացել ճանապարհները՝ ես այստեղ հակասություն չեմ տեսնում Հայաստանի վարած տարածաշրջանային քաղաքականության և ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև ստորագրված հռչակագրի կետերի միջև»։
Խոսելով փաստաթղթի այն դրույթի մասին, որով ամրագրվումէ, որ երկու երկրներն իրենց հարաբերությունները կառուցում են տարածքային ամբողջականության և երկու երկրների պետական սահմանների անձեռնմխելիության փոխադարձ հարգանքի հիման վրա, փորձագետն ասում է․
«Հռչակագրում այսպիսով վերահաստատվում է այն, որ Ռուսաստանը Ադրբեջանին ասում է՝ ես դե յուրե ճանաչում եմ նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը որպես Ադրբեջանի մաս, իսկ դա նշանակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Խորհրդային Ադրբեջանի սահմաններով: Բայց Ադրբեջանն էլ համաձայնում է, որ ԼՂ այն փոքր մասը՝ 3000 քմ, որը մնացել է հայկական տիրապետության տակ, լինելու է դե ֆակտո ռուսական ազդեցության տակ, այսինքն՝ Ադրբեջանն ընդունում է, որ այդ տարածքն իր վերահսկողության տակ չէ»: