Հայաստանը Հնդկաստանից ռազմական դրոննե՞ր է գնելու. Երևանն ու Դելին բանակցում են
Հնդկաստանից ռազմական դրոնների ձեռքբերում
Արդեն մի քանի օր է, ինչ Հայաստանում քննարկվում է Հնդկաստանից ռազմական դրոնների և այլ սպառազինության հնարավոր ձեռքբերման թեման: Տեղեկությունը հնդկական DnaIndia-ն է հրապարակել: Հայկական կողմն՝ ի դեմս պաշտպանական գերատեսչության, դեռևս հանդես չի եկել պաշտոնական հաղորդագրությամբ:
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հայկական կողմի լռությունը ճիշտ է համարում: Ասում է՝ պետք չէ բարձրաձայնել դեռևս չկայացած գործարքների մասին:
Նրա գնահատմամբ՝ միայն մեկ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելը սխալ է, Հայաստանը պետք է գտնի նոր դաշնակիցներ: Հնդկաստանն, ըստ նրա, կարող է լինել այդ երկրներից մեկը:
Դելիի հաղորդած տեղեկությունների, հայ-հնդկական հարաբերությունների ներկայիս փուլի մասին, ինչպես նաև փորձագիտական կարծիք
Ի՞նչ է հաղորդում Դելին
Դելիից ռազմական դրոններ և այլ սպառազինություն ձեռք բերելու Երևանի մտադրության մասին առաջինը հայտնած DnaIndia-ն Հնդկաստանի առևտրատնտեսական կենտրոնի՝ Մումբայի անգլալեզու խոշորագույն պարբերականներից մեկը:
DnaIndia-ի տեղեկություններով՝ գնման ենթակա զինատեսակների ցանկով այս տարվա հունիսին Հնդկաստան է մեկնել պատվիրակություն Հայաստանի պաշտպանության նախարարությունից:
Նախարարության պաշտոնական կայքէջում այդ այցի մասին մամուլի հաղորդագրություն չի հրապարակվել: Սպառազինության հնարավոր ձեռքբերման մասին լուրերը ռազմական գերատեսչությունը չի հերքել, սակայն մինչ այս պահը հանդես չի եկել մեկնաբանությամբ:
Երևանը լուռ է, իսկ Դելին անանունության սկզբունքով ներկայացրել է նաև հայաստանցի պաշտոնյայի խոսքերը, թե 44-օրյա պատերազմն է հարկադրել Երևանին վերագնահատել իր ռազմական կարիքները։
«Պատերազմը ցույց տվեց, թե ռուսական ռազմական տեխնիկան որքան անօգուտ է թուրքական սպառազինության, հատկապես Bayraktar անօդաչուների դեմ»,- գրում է հնդկական պարբերականը:
DnaIndia-ն չի հայտնել՝ ո՞ր դրոնների և ի՞նչ այլ սպառազինության մատակարարման մասին է խոսքը, կնքվե՞լ է արդյոք պայմանագիր, և որքա՞ն է եղել գործարքի արժեքը:
«Պաշտպանության և ռազմատեխնիկական ոլորտները մեծ ներուժ ունեն»
Հայաստանը բազմիցս հայտարարել է, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումը երկրի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Հայ-հնդկական հարաբերություններն առավել ակտիվացել են 44-օրյա պատերազմից հետո: Վերջին մեկ տարվա ընթացքում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները երեք հանդիպում են անցկացրել: Երկկողմ հանդիպումների ընթացքում քննարկվող հիմնական թեման առևտրատնտեսական հարաբերություններն էին:
Ռազմական համագործակցության մասին խոսելու առիթներ Երևանն ու Դելին հաճախ չէ, որ ունեցել են: Վերջին կես տարվա ընթացքում նման երկու առիթ է եղել: Առաջինը ապրիլի 13-ին էր, երբ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել էր ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Պապիկյանն ու Դևալը կարևորել էին պաշտպանական գերատեսչությունների միջև «ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև փոխգործակցության խորացումը ռազմատեխնիկական, ռազմակրթական, մարտական պատրաստության և խաղաղապահության ոլորտներում»։
Ապա հուլիսին կայացած Հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ընթացքում Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն ընդգծել էր, որ պաշտպանության ու ռազմատեխնիկական ոլորտները մեծ ներուժ ունեն և չափազանց խոստումնալից են երկու երկրների համար:
«Ռազմական ոլորտում մենք արդեն սկսել ենք ուսումնասիրել կոնկրետ համագործակցության հնարավորություններ, ակնկալում ենք երկարաժամկետ հարաբերություններ»,- ի պատասխան նշել էր Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերման:
Ռազմական համագործակցության վերաբերյալ մանրամասներ կողմերը չէին հաղորդել:
44-օրյա պատերազմից առաջ՝ 2020 թ.-ի մարտին, հնդկական մամուլը գրում էր, թե Դելին պետք է Երևանին մատակարարի չորս նորագույն ռադարներ, որոնք կարողանում են որոշել հրետանու ուղղությունը 50 կմ հեռահարությամբ: Հաղորդվում էր, որ գործարքը կարժենա 40 միլիոն դոլար:
Հայաստանյան ԶԼՄ-ներն այդ գործարքի մասին տեղեկություններ այդպես էլ չհրապարակեցին: Հնդկական DnaIndia-ի փոխանցմամբ՝ այն կայացել է:
Փորձագիտական կարծիք
Ռազմական հարցերով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը հայկական կողմի լռությունը ճիշտ է համարում: Ասում է՝ պետք է դասեր քաղել անցյալից, և քանի դեռ ամեն ինչ «միս ու արյուն չի ստացել», այդ մասին չբարձրաձայնել: Դժվարանում է ասել՝ կկայանա՞ Հնդկաստանի հետ գործարքը, թե՞ ոչ: Ըստ նրա՝ դեռ վաղ է խոսել այդ մասին:
«Պետք է սպասենք, տեսնենք՝ հայկական կողմն ինչ է ասում: Երբ ուրվագծվի՝ այլ սպառազինություն ասելով ինչ նկատի ունենք, կհասկանանք՝ ինչ մակարդակի են հասել հայ-հնդկական հարաբերությունները»,- JAMnews-ի հետ զրույցում նշեց Հովհաննիսյանը:
Ռազմական հարցերով փորձագետի գնահատմամբ՝ հնարավոր է հայ-հնդկական հարաբերությունները հասցնել ռազմավարական, դաշնակցային հարաբերությունների մակարդակի:
Նկատում է՝ այդպիսի երկրներ աշխարհում էլի կան, պետք չէ շարժվել միայն մեկ ռազմավարական գործընկերոջ՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ:
«Բազմաթիվ դեպքերում Հայաստանի և Հնդկաստանի ազգային շահերը համընկնում են: Հենց դրանով էլ կարող ենք առաջնորդվել և զարգացնել ռազմավարական գործընկերություն, ինչու ոչ, Հնդկաստանի կամ համատեղ արտադրության միջոցով ռազմարդյունաբերությունը զարգացնել նաև Հայաստանում»,- ընդգծեց փորձագետը:
Հայաստանյան որոշ վերլուծաբաններ կարծիք էին հայտնել, թե հնդկական մամուլում բանակցությունների վերաբերյալ տեղեկությունների արտահոսքը խոսում է այն մասին, որ «հնդկական կողմը չի ուզում դրոններ վաճառել Հայաստանին»: Կարեն Հովհաննիսյանի խոսքով՝ Դելին կարող էր ունենալ այլ նպատակներ.
«Միգուցե հնդկական կողմը պայմանավորվածությունները հանրայնացնում է՝ ցույց տալու համար, որ փորձում է դառնալ տարածաշրջանում և աշխարհում ռազմարդյունաբերության տեսանկյունից կարևոր պետություն, ոլորտում կարևոր դիրք գրավել»:
Փորձագետն անպատասխան թողեց JAMnews-ի այն հարցը, թե ելնելով Հնդկաստանի կարողություններից և Հայաստանի կարիքներից՝ ինչ սպառազինության մասին կարող է խոսք գնալ: Ասաց՝ գուցե ենթադրություններով գործին խանգարենք:
Հնդկաստանից ռազմական դրոնների ձեռքբերում