Հայաստանը հաղորդում է Ադրբեջանի կողմից Արցախում բարձունք գրավելու, Բաքուն՝ դիրքեր ճշգրտելու մասին
Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդում է, որ «Լեռնային Ղարաբաղի՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում՝ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի հատվածում մարտի 24-ին մեկնարկած ադրբեջանական ներխուժումը շարունակվում է»: Հայտարարությունում նշվում է, որ ադրբեջանական ստորաբաժանումները շարունակել են գնդակոծել հայկական դիրքերը։ Արցախից հայտնում են, որ հրաձգության հետևանքով վիրավորվել է 14 զիծառայող, երկուսը զոհվել են։
Ադրբեջանը հերքում է խաղաղապահների տեղակայման գոտում մարտական բախումների մասին հայկական կողմի հաղորդագրությունները՝ դրանք «սադրանքներ» անվանելով։
Բոլոր մանրամասներն այն մասին, թե ինչ է կատարվում հակամարտության գոտում․ պաշտոնական տեղեկություններ և մեկնաբանություններ Երևանից ու Բաքվից։
- «Հայաստան-Ադրբեջան ուղիղ երկխոսությունը քիչ հավանական է»․ քննարկումներ Երևանում
- ՄԱԿ-ին Ադրբեջանի անդամակցության 30-ամյակը նշվել է Շուշիում․ Երևանի արձագանքն ու Բաքվի պատասխանը
- Արցախում գազի մատակարարումը կրկին դադարեցվել է․ «Գազային տեռոր Արցախի՞, թե՞ ռուս խաղաղապահների դեմ»
- Անկլավները՝ հայ-ադրբեջանական դիմակայության կղզյակներ
Տեղեկություններ Երևանից
Հոդվածի հրապարակման պահին Արցախից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները, «շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառում է նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում նաև «Bayraktar TB-2» տիպի:
Այս գործողությունների հետևանքով հայկական կողմից երկու զինծառայող է զոհվել։ 14 վիրավորներից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է։
Իրադարձությունների ժամանակագրությունը
Մարտի 24-ին Արցախի Տեղեկատվական շտաբից հաղորդագրություն է ստացվել այն մասին, որ «ժամը 16:00-ի դրությամբ՝ Ադրբեջանի զինված ուժերն Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը»:
Հաղորդվել է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի միջնորդությամբ բանակցություններ են տարվում՝ «կասեցնելու հակառակորդի հետագա առաջխաղացումը և նրանց վերադարձնելու ելման դիրքեր»։ Անվտանգության նկատառումներով՝ կանայք և երեխաները տարհանվել են Խրամորթ գյուղից։
Այնուհետև Տեղեկատվական շտաբը հայտնել է․
«Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժն այս պահի դրությամբ մեր տարածքում կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր»։
Հայաստանի ԱԳՆ-ն նույնպես հայտարարություն էր տարածել Արցախում իրավիճակի սրման կապակցությամբ, որում ասվում էր․
«Ադրբեջանի այս ագրեսիվ գործողությունները ևս մեկ անգամ վկայում են, որ պաշտոնական Բաքուն շարունակում է կոպտորեն խախտել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, համաձայն որի՝ դադարեցվում էին ռազմական գործողությունները, կողմերը կանգ էին առնում զբաղեցրած դիրքերում, և Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով տեղակայվում էր Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը։
Այս գործողություններին նախորդել են Ադրբեջանի կողմից Արցախը սնուցող միակ գազատարի աշխատանքի ամբողջական խափանումը, մեծ տրամաչափի զինատեսակներից քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորումը, արցախահայությանն ահաբեկող սպառնալիքները և էթնիկ զտմանն ուղղված այլ քայլեր։ Ավելին, Եվրոպայում անվտանգային իրավիճակի կտրուկ սրման հետ մեկտեղ Բաքվի նմանօրինակ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը»։
Հայաստանի ԱԳՆ մարտի 24-ի և 25-ի հաղորդագրություններում կոչ է հնչում ռուսական կողմին, որն այդ գոտում խաղաղապահ առաքելություն է իրականացնում․
«Ակնկալում ենք, որ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբը միջոցներ կձեռնարկի Ադրբեջանի զինված ուժերի ներխուժած ստորաբաժանումների անհապաղ դուրս բերումը ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտուց ապահովելու համար, ինչը պիտի նշանակի ադրբեջանական ստորաբաժանումների վերադարձ մարտի 23-ի ելման դիրքեր»։
ԱԳՆ-ն դիմում է նաև միջազգային հանրությանը՝ կոչ անելով «հստակ գնահատական հնչեցնել խաղաղության գործընթացը ձախողելուն ուղղված Ադրբեջանի սադրիչ գործողությունների կապակցությամբ և աջակցել Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը հասնելու ջանքերին»։
Մարտի 24-ին Հայաստանի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդի հետ: Արարատ Միրզոյանը ներկայացրել է իրավիճակը և հայտարարել, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները՝ վտանգելով տարածաշրջանային կայունությունը և խաղաղությունը:
Նա Ադրբեջանի քայլերը գնահատել է որպես խաղաղ բնակչության վրա ճնշում գործադրելու փորձ։ Մասնավորապես, նշվել է, որ Ադրբեջանի գործողությունների հետևանքով խաթարվել է գազի մատակարարումն Արցախում, և դա հումանիտար ճգնաժամ է առաջացնում։ Նախարարի խոսքով՝ Ադրբեջանի այս քայլերն «Ադրբեջանի էթնիկ զտման ու հակահայկական քաղաքականության ցայտուն դրսևորումներից են»: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ ակնկալում է միջազգային հանրության, այդ թվում՝ ԱՄՆ-ի հասցեական ու հստակ արձագանքը:
Հայաստանի և Արցախի օմբուդսմենների հայտարարությունները
Հայաստանի օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանն Ադրբեջանի գործողությունները գնահատել է՝ որպես միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերը խախտող։ Նա հիշեցրել է արդեն երկար ամիսներ «Արցախի բնակչության ճնշման, ահաբեկման, տարբեր գործողություններով՝ բնականոն կյանքի համար անտանելի պայմանների ստեղծման» մասին։
«Այս ներխուժումը ևս մեկ վկայությունն է այն փաստի, որ շաբաթներ տևող Խրամորթի ու մյուս գյուղերի խաղաղ բնակչության թիրախավորումը չտվեց իր ցանկալի արդյունքը՝ մարդիկ չլքեցին իրենց բնօրրանը, ուստի, Ադրբեջանը կիրառեց իր փորձված վարքագիծը՝ դիմեց սադրանքի»։
Օմբուդսմենն Ադրբեջանի գործողությունները համարում է «էթնիկ զտման քաղաքականություն»։ Իսկ միջազգայն հանրության դիրքորոշումը Քրիստինե Գրիգորյանն անվանել է «անհարմար լռություն», որը չի ուղեկցվում իրավիճակի շտկմանն ուղղված իրական գործողություններով։ Այնինչ՝ «մարդիկ Արցախում ունեն նույն իրավունքներն, ինչպես աշխարհի մյուս ծայրերում»։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն իր հայտարարությունում նույնպես զարմանք է արտահատել միջազգային հանրության լռության վերաբերյալ։ Նա հայտարարել է, որ «Ադրբեջանը բացահայտ, հրապարակային կոնկրետ էթնիկ խմբի ոչնչացման, տեղահանման և հայրենազրկման «վարպետաց դաս» է տալիս աշխարհին»․
«Միջազգային հանրության հարգելի ներկայացուցիչներ, փաստերն ու վկայություններն առավել քան բավարար են գործի դնելու համար ցեղասպանության և մարդկության դեմ ուղղված հանցագործությունները, զանգվածային հանցավոր չարագործությունները կանխելու և դադարեցնելու համար ձևավորված «պաշտպանելու պատասխանատվության» նորմը, ճանաչել Արցախի Հանրապետությունը ու փրկել Արցախի հայությանը էթնիկ զտման և ցեղասպանության ենթարկվելուց։ Այլ տարբերակ ուղղակի չկա, վերջապես հասկացեք, հանցագործին պատժում են, ոչ թե նրա հետ բանակցում»։
Մեկնաբանություն Երևանից
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը կարծում է, որ Ադրբեջանը հետապնդում է ինչպես տակտիկական, այնպես էլ ռազմավարական նպատակներ և փորձում է օգտագործել «հարմար իրավիճակը»՝ այդ նպատակներին հասնելու համար․
«Ակնհայտ է, որ Ադրբեջանը փորձում է վերահսկողություն հաստատել առնվազն Խրամորթի և Փառուխի, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող բարձունքի՝ Քարագլուխի նկատմամբ։ Որպես ավելի երկրարաժամկետ ռազմավարական նպատակ՝ Արցախի ամբողջական հայաթափումն է»։
Այս նպատակով, ըստ քաղաքագետի, մարդկանց ահաբեկում են, արհեստական անհարմարություններ ստեղծում, որպեսզի հայ բնակչությունը լքի այդ տարածքը։
Տիգրան Գրիգորյանը խոսում է նաև ռուս խաղաղապահների գործունեության անարդյունավետության մասին, ինչն, ըստ նրա գնահատականի, լուրջ խնդիր է․
«Եթե ռուս խաղաղապահները հանձն են առնում որոշակի տարածքի անվտանգությունն ապահովելու, արդյունքում այդ տարածքը հայտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ, դա անընդունելի է»։
Տեղեկություններ Բաքվից
«Հայկական կողմի տարածած սադրիչ հայտարարությունները, թե ԱԹՍ-ների կիրառմամբ ռազմական բախումներ են տեղի ունեցել Ադրբեջանի այն տարածքում, որտեղ ժամանակավորապես ռուսական խաղաղապահ զորախումբն է տեղակայված, և մեր կողմից զինծառայողներ են զոհվել, կեղծ են», — հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Հայտարարում ենք, որ ադրբեջանական բանակի ստորաբաժանումները շարունակում են դիրքերի և տեղակայման կետերի վայրերի հստակեցման գործընթացը՝ առանց ուժի կիրառման։ Մեր ստորաբաժանումներն ամբողջությամբ վերահսկում են օպերատիվ իրավիճակը», — նշել է պաշտպանության նախարարությունը։
ԱԳՆ հայտարարությունը
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի և Հայաստանի ԱԳՆ հայտարարության առնչությամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարել է․
«Հայաստանի ԱԳՆ մարտի 24-ի հայտարարությունը, որում Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչել իբր տարածաշրջանում իրավիճակի սրացման համար, միջազգային հանրությանը մոլորեցնելու հերթական փորձն են», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
«Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ հստակեցվում են ադրբեջանական բանակի դիրքերն ու տեղակայման կետերը, այդ պատճառով էլ՝ հիսթերիայի առիթ չկա։ Հայկական կողմն ապատեղեկատվություն է տարածում՝ արհեստականորեն ուռճացնելով խնդիրը։
Ինչ վերաբերում է բարդ եղանակային պայմանների պատճառով տարածաշրջանում գազատարների հետ կապված տեխնիկական խնդիրներին, ապա Հայաստանն այս իրավիճակը միտումնավոր ձևով օգտագործում է՝ որպես քաղաքական մանիպուլյացիաների գործիք։
Ցանկանում ենք հիշեցնել, որ Հայաստանը տարիներ շարունակ գազային բլոկադայի մեջ էր պահում Նախիջևանի ինքնավար հանրապետությունը՝ 400 հազար մարդ բնակչությամբ, 30 տարի շարունակ Սարսանգի ջրամբարն օգտագործում էր որպես Ադրբեջանի բնակչության դեմ էկոահաբեկչության գործիք, երկար ժամանակ հերքում էր ականապատ դաշտերի քարտեզների առկայության փաստը, շարունակում է տեղեկություններ թաքցնել շուրջ 4 հազար ադրբեջանցիների ճակատագի մասին, որոնք անհետ կորել են 1990-ականների սկզբին։ Իսկ հիմա Հայաստանն այսպիսի անհիմն մեղադրանքներ է հնչեցնում Ադրբեջանի հասցեին, ինչը ոչ այլ ինչ է, քան քաղաքական երեսպաշտություն։
Այժմ տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման միակ միջոցը ստորագրված համատեղ հայտարարությունների դրույթների լիարժեք իրականացումն է, այդ թվում՝ տարածաշրջանից հայկական ապօրինի կազմավորումների մնացորդների լիակատար դուրսբերումն ու հարաբերությունների կարգավորումը՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա։
Ժամանակն է իսկական աշխատանքով զբաղվել, ոչ թե քաղաքական մանիպուլյացիաներով», — ասված է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարությունում։
Մեկնաբանություն Բաքվից
Ադրբեջանցի ռազմական մեկնաբան Ադալաթ Վերդիևը մեկնաբանել է Արցախում տեղի ունեցող իրադարձությունները։
«Հայկական կողմը, որը պահանջում է Ղարաբաղի կարգավիճակ, գազ և էլեկտրականություն՝ ի հավելումն Ադրբեջանի ներկայացրած հինգկետանոց առաջարկին, իր պատասխանն է ստացել Ֆառուխ գյուղում և մերձակա բարձունքներում։ Գյուղն ադրբեջանական բանակի վերահսկողության տակ է։ Դաշբաշիի (Քարագլուխ) բարձունքից տեսարան է բացվում դեպի Խանաբադ, Ասկերան և Խոջալու։ Լաչինի միջանցքի վերաբերյալ նորություններ չկան», — գրել է նա։
Վերդիևը մեկնաբանել է նաև որոշ միջազգային կազմակերպությունների արձագանքը Ղարաբաղի բնակիչների գազամատակարարման խնդրին։
«Հայաստանին զուգահեռ՝ որոշ միջազգային կազմակերպությունների կողմից կշտամբանք է հնչում Ադրբեջանի հասցեին․ այդ կշտամբանքների հիմնական միտքն այն է, որ հայերը Ղարաբաղում մրսում են, այնտեղ եղանակը ցուրտ է, Բաքուն պետք է վերականգնի նրանց գազամատակարարումը։
Ինձ մոտ մի քանի հարց է առաջանում այդ կշտամբանքների հեղինակներին․
1. Իսկ ո՞ւր էիք դուք, երբ տարիների շարունակ մեկ միլիոն ադրբեջանցիներ ցրտին սառում էին երկաթուղային վագոններում և վրաններում։
2. Ո՞ւր էիք դուք, երբ Հայաստանն այդ ապօրինի գազատարն անցկացնում էր իր օկուպացրած Լաչինի շրջանով և Շուշա քաղաքով։
3. Ո՞ւր էիք դուք, երբ Հայաստանն ամեն ամառ փակում էր Ադրբեջանի կառուցած Սարսանգի ջրամբարի ջուրը և ամեն ձմեռ բացում էր, որի հետևանքով տեղի բնակիչների տները ջրի տակ էին անցնում։
4. Ո՞ւր էիք դուք, երբ 30 տարի շարունակ Հայաստանը թույլ չէր տալիս Ադրբեջանին գազ անցկացնել Նախիջևան։
5. Ինչո՞ւ եք լռում, երբ Հայաստանն արդեն 16 ամիս հրաժարվում է կատարել իր ստանձնած պարտավորությունները՝ որպես պարտված կողմ։
6. Ո՞ւր էիք դուք, Խոջալուի և Գյանջայի ցեղասպանությունների ժամանակ։
7. Ո՞ւր էիք դուք, երբ Հայաստանը չէր ուզում վերադարձնել իր օկուպացրած ողջ Ղարաբաղն ու դրա հարակից շրջանները, Նախիջևանի մի գյուղն ու Ղազախի շրջանի 7 գյուղերը։
Այս ցանկը կարելի է շարունակել, բայց, կարծում եմ, այսքանն էլ հերիք է։ Եթե ոմանք չեն տեսնում աշխարհի համար անջատողականության բոլոր հետևանքներն ու երեսպաշտություն են անում այն ամենից հետո, ինչ տեղի է ունեցել Զանգեզուրում, Ղարաբաղում և Ուկրաինայում, ապա նրանք մարդկային ոչինչ չունեն», — նշել է ռազմական տեսաբանը։