Հայաստանը բացառում է Արցախում խաղաղապահ գործողություններում Թուրքիայի որևէ դերակատարություն
Նոյեմբերի 12-ին Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել Ռուսաստանի իր գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ:
Ինչպես հաղորդում են Արտաքին գործերի նախարարությունից, քննարկվել է Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղելավարների նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարությանը հաջորդած իրադրությունը:
Հայասատանի ԱԳ նախարարն ընդգծել է, որ «վերոնշյալ հայտարարությունն ուղղված է հրադադարի հաստատմանը և Արցախում խաղաղապահների տեղակայմանը և չի կարող համարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի համապարփակ հանգուցալուծում»:
Խոսվել է նաև Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ծրագրման, հրահրման և իրականացման գործում Թուրքիայի առանցքային դերի մասին՝ թե՛ ռազմական գործողություններում անմիջական ներգրավվածությամբ, թե՛ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավման ձևով:
Եվ Զոհրաբ Մնացականյանը հատուկ շեշտել է «Արցախում իրականացվելիք խաղաղապահ գործողություններում Թուրքիայի որևէ դերակատարության բացառումը՝ չնայած այդ ուղղությամբ վերջինիս կողմից ձեռնարկվող քայլերին»:
Նա նաև կարևորել է թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում Արցախում ստեղծված մարդասիրական ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից շուտափույթ քայլերի ձեռնարկումը:
Մնացականյանը գործընկերների ուշադրությունն է հրավիրել է նաև Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության ճակատագրի վրա:
Նախարարն ընդգծել է, որ «միջազգային հանրությունը քաջատեղյակ է հայկական ժառանգության նկատմամբ Ադրբեջանի կողմից ցուցաբերված բարբարոսական վերաբերմունքի մասին, որի արդյունքում թե՛ Նախիջևանում, թե՛ բուն Ադրբեջանի տարածքում և թե՛ Արցախի՝ առաջին արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հիմնովին ոչնչացվել են հայկական ժառանգության կոթողները»:
Հայկական կողմը կրկին հավաստել է, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում: Եվ առաջնահերթության կարգով, ըստ ԱԳ նախարաի, անհրաժեշտ է լուծել Արցախի կարգավիճակի և արցախահայության համապարփակ անվտանգության լիարժեք երաշխավորման հարցերը: