«ՀՀ-ն ամեն բան անում է, որ իրեն հեռացնեն ՀԱՊԿ-ից»․ Բելառուսի հետ սրացման մասին
Հայաաստան-Բելառուս հարաբերությունների սրացում
Հայաստան-Բելառուս հարաբերություններում վերջին օրերին լարվածության աճ է նկատվում։ Երևանն ու Մինսկը խորհրդակցությունների նպատակով հետ են կանչել իրենց դեսպաններին։ Այդ որոշումներին նախորդել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունն այն մասին, որ ոչ ինքը, ոչ էլ երկրի որևէ պաշտոնական ներկայացուցիչ այլևս Բելառուս չեն այցելելու, քանի դեռ երկրի ղեկավարը Ալեքսանդր Լուկաշենկոն է։
«ՀԱՊԿ ղեկավարներից մեկը հայտարարում է, թե 44–օրյա պատերազմը նախապատրաստելուն մասնակցել է, քաջալերել է, հավատացել է, ցանկացել է Ադրբեջանի հաղթանակը: Դրանից հետո ես պետք է գնամ Բելառուսի նախագահի հետ ՀԱՊԿ ֆորմատում նստեմ ու հարց քննարկե՞մ»,— շեշտել է Փաշինյանը։
Պաշտոնական Մինսկն արձագանքել է ՀՀ վարչապետի հայտարարություններին ու նշել, թե հայ ժողովրդին մաղթում են «առաջնորդներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»։ Երևանը բողոքի հայտագիր է ուղղել և շեշտել՝ երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալը Բելառուսի պարագայում «շռայլություն է»։
Քաղաքագետ Արեգ Քոչինյանը արտգործնախարարությունների հայտարարությունները գնահատում է որպես «դիվանագիտական փոխհրաձգություն»։
«Այս լարումն ամեն ինչի մասին է, բացի Հայաստան-Բելառուս հարաբերություններից։ ՀԱՊԿ-ի մասին է, Ռուսաստանի մասին է, ինչ-որ չափով նաև ՀՀ ներքաղաքական տրամադրությունների մասին է»,- JAMnews-ի հետ զրույցում շեշտել է նա։
Քոչինյանի խոսքով՝ հենց ներքաղաքական տրամադրություններով է պայմանավորված այն ժամանակահատվածը, որն ընտրվել է հերթական անգամ Լուկաշենկոյին արձագանքելու համար։ Ասում է՝ այս պահին ռուսական կամ եվրասիական ինտեգրման թեման ոչ պոպուլյար է։ Եվ քանի որ իշխանություններն ունեն հանրային աջակցության կարիք, որոշել են հենց հիմա օգտագործել այդ թեման։
Մայիսի 16-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև ասել էր, թե ինքն ու Ալիևը կարևոր են համարել «պահել հաղթանակը»։ Համակարծիք են եղել այն հարցում, որ «պատերազմից հետո կսկսվի ամենածանր շրջանը, երբ հարկ կլինի վերակենդանացնել ազատագրած հողերը»։
«Հաղթեցինք, հաղթանակը պահեցինք, հիմա պետք է վերակենդանացնել։ Դա ժամանակ է, դա մեծ աշխատանք է, 5 տարում, գուցե 10 տարում դժվար է ամեն ինչ անել»,- ասել էր նա։
Հայաստանի վարչապետը Լուկաշենկոյի այդ հայտարարություններին արձագանքել էր մայիսի 23-ին՝ դարձյալ խորհրդարանի ամբիոնից։ Շեշտել էր՝ Բելառուսի նախագահն ասել է այն, ինչ ինքը վերջին տարիներին փորձում է այլաբանորեն ասել։ «44-օրյա պատերազմի նախապատրաստմանը ոչ մեր կողմից մասնակցել են մեր դաշնակիցները։ Ես Հավաքական անվտանգության պայմանագրի առնվազն երկու երկիր գիտեմ, որ մասնակցել են մեր դեմ պատերազմի նախապատրաստությանը»,- ասել էր Փաշինյանը՝ այդպես էլ չհնչեցնելով երկրորդ երկրի անունը։
«Չենք այցելի Բելառուս, քանի դեռ Լուկաշենկոն է նախագահը»
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին խորհրդարանում հիշել է գրեթե մեկ ամիս առաջ՝ մայիսի 16-ին Բելառուսի նախագահի արած հայտարարությունները։ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Լուկաշնեկոն, մասնավորապես՝ նշել էր, թե «ազատագրական պատերազմից» (44-օրյա պատերազմ) առաջ զրուցել է Ադրբեջանի նախագահի հետ, եզրակացրել՝ «պատերազմում կարելի է հաղթել»։
Կառավարության ղեկավարը հայտարարել է՝ ոչ ինքը, ոչ էլ ՀՀ որևէ ներկայացուցիչ Բելառուս չեն այցելի, քանի դեռ պաշտոնավարում է Լուկաշենկոն։ Մյուս կողմից՝ չի բացառել, որ ԵԱՏՄ և ԱՊՀ հանդիպումների ժամանակ «ինչ-որ առումով ստիպված է լինելու» շփվել Բելառուսի նախագահի հետ։
Հայաստանն ու Բելառուսը միևնույն տնտեսական՝ ԵԱՏՄ և ռազմական՝ ՀԱՊԿ դաշինքների անդամներ են։ Պաշտոնական Երևանը հայտարարում է, որ սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ում։ Նման ընթացակարգ, սակայն, գոյություն չունի։ ՀՀ-ն պարզապես չի մասնակցում կառույցի նիստերին, զորավարժություններին և հրաժարվել է դաշինքը ֆինանսավորելուց։ ԵԱՏՄ-ում մասնակցության սառեցման մասին ՀՀ-ում առայժմ չեն խոսում։
Փաշինյանն անդրադարձել է նաև Հայաստանի և ՀԱՊԿ ռազմական դաշինքի հարաբերություններին։ Նշել է, որ իրավիճակի փոփոխություն կարող է տեղի ունենալ՝ պայմանավորված Բելառուսի մասնակցությամբ․
«ՀԱՊԿ–ի հետ կապված կարո՞ղ է արդյոք որևէ բան փոխվել, տեսականորեն չի կարող բացառվել, եթե օրինակ՝ Բելառուսն ինքը որոշի ՀԱՊԿ–ից դուրս գալ կամ Բելառուսի նախագահը Հայաստանի ժողովրդին ներողության կամ բացատրության այնպիսի խոսքեր ասի, որոնք ՀՀ ժողովրդի համար կլինեն ընդունելի»։
Մինսկի արձագանքն ու Երևանի բողոքի հայտագիրը
Բելառուսի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ չեն պատրաստվում վատթարացնել ՀՀ հետ հարաբերությունները, որքան էլ «արտաքին խաղացողները դրան դրդեն Հայաստանի ղեկավարությանը»։
«Մենք երբեք ոչինչ չենք արել մեր ընկերներին վնասելու համար։ Մենք չենք խառնվում ներքին գործերին։ Մենք հարգում ենք հայ ժողովրդին և անկեղծորեն մաղթում նրան առաջնորդներ, որոնք իսկապես կմտածեն երկրի ապագայի և ժողովրդի բարօրության մասին»,- ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։
Արձագանքելով Բելառուսի ԱԳՆ խոսնակի արած մեկնաբանությանը՝ Հայաստանի ԱԳՆ-ն բողոքի հայտագիր է հղել Մինսկ։
«Երկրի ապագայի մասին մտածող ղեկավար ունենալու մաղթանքներ հղելիս՝ մաղթողն ինքը պետք է սեփականն ունենա: Բելառուսի պարագայում այս պահին դա հիրավի շռայլություն է»,— շեշտել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել»
Հայաստանի խորհրդարանի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այսօր հայտարարել է, որ Բելառուսն Ադրբեջանին 120 միլիոն դոլարի «Պոլոնեզ» է վաճառել։ Քոչարյանի փոխանցմամբ՝ դրանք հիմնականում տեղակայված են եղել Նախիջևանի ուղղության վրա՝ թիրախավորելու համար նաև Հայաստանի հարավային սահմանները․
«Պոլոնեզ»-ն այն զինատեսակն է, որն իր խոցելիության հեռավորության շնորհիվ լարվածություն կարող է առաջացնել մեր բոլոր սահմաններին»,- հայտարարել է նա։
Քոչարյանը տեղեկացրել է՝ ՀՀ-ն արձագանքել է Բելառուսի այդ քայլին։ Թե ինչպես՝ չի մանրամասնել։ Չի հստակեցրել՝ արդյո՞ք դրանք կիրառվել են 2020 թ․ 44-օրյա պատերազմի ընթացքում։
«Շատ հնարավոր է՝ կիրառված լինի, պարզապես մեր կողմից արձանագրված չէ»,- լրագրողների հետ զրույցում ասել է նա։
Արձագանք՝ Հայաստանից դուրս
Ամերիկյան Politico պարբերականը հրապարակել է հոդված, որում հղում է արել գաղտնի փաստաթղթերի և շեշտել․ Բելառուսն առաջադեմ զենքեր է մատակարարել Ադրբեջանին, թեև Հայաստանի հետ Ռուսաստանի գլխավորած դաշինքի (ՀԱՊԿ) անդամ է։ Նշվում է, որ խոսքը 2018-2022 թվականների մասին է, երբ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածությունը հասել էր գագաթնակետին։
Պարբերականի գնահատմամբ՝ այդ քայլը ՀՀ կողմից կդիտարկվի որպես «ստոր դավաճանություն»։
Politico-ի փոխանցմամբ՝ խոսքը նորագույն հրետանու թիրախային սարքավորումների, «Գրոզա-Ս» շարժական հակաօդային սարքերի կայանների մատակարարումների մասին է։ Բացի այդ, Բելառուսի կողմից մատուցվող ծառայությունները ներառել են նաև հին հրետանային սարքավորումների արդիականացում և անօդաչու սարքերի համակարգերի համար օգտագործվող նոր սարքավորումների տրամադրում:
Պարբերականը հիշեցրել է՝ ադրբեջանական ուժերը 2022 թվականի սեպտեմբերին հարձակվել էին ՀՀ ինքնիշխան տարածքի վրա՝ գրավելով կարևոր ռազմավարական բարձունքներ։ Այնուհետև Հայաստանն աջակցության համար դիմել էր ՀԱՊԿ-ին, բայց կառույցը չէր կատարել իր պայմանագրային պարտավորությունները։
ՌԴ հովանու ներքո գործող դաշինքը Երևանին ռազմական օգնություն ցուցաբերելու փոխարեն դիտորդներ էր առաջարկել և հստակ գնահատական չէր տվել Բաքվի ներխուժմանը։
Հայաստանը հրաժարվել էր դաշնակիցների առաջարկած օգնությունից։ Նիկոլ Փաշինյանն այսպես էր բացատրել իր որոշումը․
«2021 թվականի մայիսի 11-ից Ադրբեջանը երեք անգամ ռազմական ուժ է կիրառել և օկուպացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մոտ 140 քառ. կմ տարածք։ Ի՞նչ ակնկալիքներ ունենք ՀԱՊԿ-ից այս առումով։ Այս փաստի հավաստում՝ հստակ ձևակերպված քաղաքական գնահատականի տեսքով։ Զերծ մնալ նման գնահատականից՝ ասելով, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է պնդել, որ չկա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության պատասխանատվության գոտի, իսկ եթե պատասխանատվության գոտի չկա, ապա կառույցն ինքն էլ չկա»։
Մեկնաբանություն
Քաղաքագետ Արեգ Քոչինյանի խոսքով՝ երբ Հայաստանի վարչապետը խոսում էր այն մասին, որ ՀԱՊԿ անդամ երկու պետություն ուղղակիորեն աջակցել են Ադրբեջանին, բոլորի համար ակնհայտ էր՝ ում նկատի ունի նա։ Խոսքն, ըստ նրա, Ռուսաստանի և Բելառուսի մասին է։
«ՀՀ-Բելառուս հարաբերությունների սրումը, առաջին հերթին, պետք է դիտարկել Հայաստան-ՀԱՊԿ և` որ ավելի էական է, ՀՀ-Ռուսաստան հարաբերությունների տրամաբանության մեջ։ Մինսկը Երևանում չեն ընկալում որպես առանձին կողմ, այլ որպես Մոսկվայի ոչ պաշտոնական խոսնակ»,— նկատել է նա։
Քաղաքագետի գնահատմամբ՝ Երևանը որդեգրել է հետևյալ քաղաքականությունը՝ ամեն բան անել, որ Հավաքական անվտանգության խորհուրդը կայացնի Հայաստանին դաշինքից հեռացնելու որոշում։
Քոչինյանն ասում է՝ այդ մասին է վկայում այն, որ ՀՀ-ն չի մասնակցում ՀԱՊԿ-ի ֆինանսավորմանը, քննադատական հայտարարություններով է հանդես գալիս, մինչև անգամ պահանջում է, որ ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկիր՝ Բելառուսը դուրս գա դաշինքից։
ՀԱՊԿ ղեկավար մարմինը՝ Հավաքական անվտանգության խորհուրդն, ըստ նրա, կարող է կայացնել նման որոշում և դադարեցնել Հայաստանի անդամակցությունը։ Հիշեցնում է՝ նման կերպ է ռազմական դաշինքից դուրս եկել նաև Ուզբեկստանը։ Իրավական հնարավորությունը կա, սակայն որոշումը պետք է կայացնեն խորհրդի անդամները՝ ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները․
«Դա քաղաքական առումով ամենաէժան տարբերակն է։ Ով որոշում կայացնի, նրանն է լինելու նաև քաղաքական պատասխանատվությունը։ ՀՀ-ն դուրս չի գա ՀԱՊԿ-ից, հարցերը Հայաստանին չեն ուղղվի, այսինքն՝ հերթական քաղաքական էսկալացիան կանի ոչ թե Երևանը, այլ Մոսկվան»։
Սակայն Արեգ Քոչինյանի համոզմամբ՝ հայկական կողմն ինքը պետք է դուրս գա ռազմական դաշինքից, չպետք է հույսը դնի խորհրդի որոշման վրա։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Հայաաստան-Բելառուս հարաբերությունների սրացում