«Արևմուտքն է մեղավոր, ՌԴ-ն փրկում է»․ Կրեմլի ձեռնարկը՝ ԼՂ-ի դեպքերը լուսաբանելու մասին
Կրեմլի հրահանգները, թե ինչպես լուսաբանել ԼՂ-ի դեպքերը
Meduza-ի ձեռքի տակ է հայտնվել սեպտեմբերի 19-ի երեկոյան՝ Ղարաբաղում մարտերի ամենաթեժ պահին Ռուսաստանի նախագահի աշխատակազմից ռուսական լրատվամիջոցներին ուղարկված փաստաթուղթ։ Այնտեղ հստակ հրահանգներ են տրված, թե Կրեմլին հավատարիմ պարբերականները ինչպես պետք է լուսաբանեն ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակը։
Բոլոր մանրամասները՝ ըստ Meduza-ի նյութի
- «Միջնորդների չեզոքությունը քաջալերում է ուժ կիրառող կողմին». Փաշինյան
- 1000 փաթեթ՝ 120 հազար մարդու․ ՌԴ օգնությունը շրջափակված ԼՂ-ին
- «Զսպո՞ղ, թե՞ լարում մտցնող գործոն»․ հայ-ամերիկյան զորավարժություններ ՀՀ-ում
Meduza-ն պարզել է, թե ինչպես է Կրեմլը պետական ԶԼՄ-ներին խորհուրդ տալիս լուսաբանել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցող իրադարձությունները. ամեն ինչում մեղավոր են Հայաստանն ու նրա արևմտյան «գործընկերները»: Իսկ ռուս խաղաղապահները հերոսաբար փրկում են խաղաղ բնակիչներին հրետակոծությունից։
Meduza-ի ձեռքի տակ է հայտնվել ձեռնարկ, որը սեպտեմբերի 19-ի երեկոյան նախագահական վարչակազմն ուղարկել է պետական և Կրեմլին հավատարիմ լրատվամիջոցների աշխատակիցներին։ Դրանում Կրեմլը խորհուրդ է տալիս Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրման մեջ մեղադրել Հայաստանին և արևմտյան երկրներին։ Ասվում է, որ շեշտը պետք է դրվի այն փաստի վրա, որ «Հայաստանի ղեկավարությունը ճանաչել է Ադրբեջանի ինքնիշխանությունը Ղարաբաղի նկատմամբ», և այս թեզը հաստատելու համար նախագահի աշխատակազմը խորհուրդ է տալիս մեջբերել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2022 թվականի հոկտեմբերին արած հայտարարությունները։ Սակայն այդ ժամանակ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ուղղակիորեն խոսել էին միայն իրենց երկրների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարգման մասին։
Ձեռնարկի տեքստում ասվում է.
«Ամենայն հավանականությամբ, Հայաստանի վարչապետին նման հայտարարություն անելու են դրդել արևմտյան «գործընկերները», որոնք պետք է ամբողջությամբ նրա հետ կիսեն հետևանքների պատասխանատվությունը: Հայաստանի ղեկավարության որոշումը, որն ինքնին արմատապես փոխեց Ղարաբաղի կարգավիճակը, Ադրբեջանի համար քայլեր ձեռնարկելու ազդանշան էր, հիմա Բաքուն Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում է որպես իր ներքին հակամարտություն»։
Կրեմլում ռուս խաղաղապահների կարգավիճակը խորհուրդ է տրվում բնութագրել որպես «դիտորդական»։ Նշվում է, որ կառավարամետ լրատվամիջոցների աշխատակիցները պետք է խոսեն «քաղաքացիների տարհանման» հարցում խաղաղապահների ցուցաբերած օգնության մասին։ Ձեռնարկը կազմողները խորհուրդ են տալիս հիշատակել այն մասին, որ մարդիկ «ապաստան» են գտնում ուղղափառ տաճարում, որը տեղակայված է ռուսական խաղաղապահ զորախմբի բազայում։
Հրահանգներն արդեն կատարվում են
Այս թեզերն արդեն հայտնվել են «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի նյութում։ Պարբերականը գրում է, որ «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է, որ Ղարաբաղը Ադրբեջան է»։ «Հայ ժողովուրդը կցանկանար, որ Ղարաբաղում խաղաղություն լիներ, իսկ Հայաստանում՝ բարգավաճում։ Երևանի իշխանությունը, դատելով իր քաղաքական քայլերից, երազում է ազատվել Ղարաբաղից այնպես, ինչպես ավելորդ բեռից, և նավարկել դեպի Արևմուտք»,- պարզաբանում է պարբերականը։ «Ленты.ру»-ի հոդվածում ասվում է, որ «Ղարաբաղի հարցը, ըստ էության, դառնում է Ադրբեջանի ներքին խնդիր»։
Ցանկալի է նաև պատմել ուկրաինական ուղղությամբ հաջողությունների մասին
Միևնույն ժամանակ, իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցներին խորհուրդ է տրվում խոսել այն հաջողությունների մասին, որոնց, իբր, հասնում են ռուսական զորքերը Ուկրաինայում։ Ձեռնարկի հեղինակները ռուսական բանակի «առաջադրանքը» ձևակերպում են հետևյալ կերպ. «Ուկրաինայի զինված ուժերի տեխնիկան ու անձնակազմը շարքից հանել»։
Ընդ որում, Ուկրաինան և արևմտյան փորձագետները ճիշտ նույն կերպ են բնութագրում ուկրաինական բանակի ռազմավարությունը։ Ըստ Meduza-ի հաշվարկների՝ ուկրաինական հակահարձակման մեկնարկից մինչև հունիսի 4-ը կողմերը գրեթե հավասար քանակությամբ տեխնիկա են կորցրել (և Ուկրաինայի Զինված ուժերը զգալիորեն ավելի շատ ռուսական տանկեր են ոչնչացրել, քան Ռուսաստանի զինված ուժերը՝ ուկրաինական):
«Ուկրաինական կազմավորումների բոլոր հարձակողական գործողությունները արդյունավետորեն ճնշվում են զանգվածային հրետանային կրակով և առաջնագծի ավիացիայի հարվածներով։ Մի քանի հարյուր մետր առաջխաղացում հայտարարելիս ուկրաինական զինված ուժերի ստորաբաժանումները հակագրոհների արդյունքում հետ են շպրտվում ելման դիրքեր»,- Կրեմլից խորհուրդ են տալիս այսպես պատմել ռազմաճակատում տիրող իրավիճակի մասին։
Սակայն դա ճիշտ չէ։ Հուլիսին ՌԴ զինված ուժերն իսկապես հետ են մղել Ուկրաինայի զինված ուժերը Դոնեցկի մարզի Բերխովկայից և Յագոդնոյեից, սակայն դրանից հետո ռուսական բանակը չի կարողանում որևէ տարածք գրավել։ Ուկրաինական զորքերն իրենց հերթին ազատագրել են Կլեշչևկան և Անդրեևկան Դոնբասում, օգոստոսից 8 կմ լայնությամբ ճակատով մոտ երեք կիլոմետր առաջ են եկել դեպի խորք, ինչպես նաև հետ մղել ռուսական զինված ուժերի հակագրոհները (ինչից հետո ռուսական զորքերը նահանջել են պաշտպանության հաջորդ գիծ)։
Սեպտեմբերի 20-ին Ադրբեջանը և Լեռնային Ղարաբաղի իշխանությունները հրադադար հայտարարեցին։ Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունների» արդյունքում զոհվել է առնվազն 200 մարդ, վիրավորվել՝ ավելի քան 400-ը։ ԼՂ տարածքում զինված կազմավորումները լուծարվելու և զինաթափվելու են։ Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի Եվլախ քաղաքում տեղի կունենա հանդիպում «վերաինտեգրման, Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքների ու անվտանգության ապահովման» թեմայով։
Հետևեք մեզ — Facebook | Youtube | Telegram
Կրեմլի հրահանգները, թե ինչպես լուսաբանել ԼՂ-ի դեպքերը