Ադրբեջանը կողմնորոշվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հարցում
Ադրբեջանի իշխանությունները հայտարարել են կորոնավիրուսի դեմ պատվաստման մեկնարկի մասին։ Անկյունաքարային էր պատվաստանյութի ընտրության հարցը։ Արդյունքում որոշվել է, որ երկրի բնակիչները պատվաստվելու են չինական արտադրության պատվաստանյութով։ Իշխանությունները նշում են պատվաստանյութի բարձր արդյունավետությունը, սակայն մյուս երկրներն այդ կարծիքին չեն։
Բժշկական տարածքային ստորաբաժանումների կառավարման միավորումը հայտարարել է Ադրբեջանի բնակիչների պատվաստման մեկնարկի մասին։ Ըստ կազմակերպության հայտարարության՝ երկրի իշխանություններն ընտրել են աշխարհում այս պահին ամենատարածված վեց պատվաստանյութերից մեկը։
Ընտրությունն արվել է հօգուտ Sinovac պատվաստանյութի, որն արտադրվում է Չինաստանում։
Իր ընտրությունը միավորումը բացատրել է նրանով, որ չինական պատվաստանյութն արտադրվում է «բնական մեթոդով», որի հետևանքով այն նմանատիպ պատվաստանյութերից «ամենաանվտանգն» է։
Այն պնդում է, որ Sinovac պատվաստանյութի իմունացման տոկոսը կազմում է 92 տոկոս, այլ կերպ ասած, տասը դեպքերից իննում պատվաստանյութը հանգեցրել է մարդու օրգանիզմում կորոնավիրուսի դեմ իմունիտետի ձևավորման։
Ըստ կազմակերպության հայտարարության՝ աժմ Sinovac-ը կիրառվում է Չինաստանում, Թուրքիայում, Ինդոնեզիայում, Բրազիլիայում։ Պատասխանելով այն հարցին, թե ինչու մյուս երկրները չեն դիմել չինական պատվաստանյութի օգնությանը, կազմակերպությունում նշել են, որ Sinovac-ի արտադրության գործընթացը «շատ բարդ է և թանկարժեք»։
Նշվում է, որ պատվաստումը կամավոր բնույթ է կրելու։ Այն անձանց նկատմամբ, որոնք կորոշեն չպատվաստվել, վարչական միջոցներ չեն կիրառվի։
Առաջին փուլում կպատվաստվեն բուժաշխատողներն ու 65 տարեկանից բարձր անձինք, ինչպես նաև իրավապահ մարմինների աշխատակիցները, որոնք ներգրավված են համավարակի դեմ միջոցառումներում։
Սակայն Բրազիլիայում, որտեղ սկսել են բնակչությանը պատվաստել չինական Sinovac պատվաստանյութով, դրա արդյունավետության միանգամայն այլ ցուցանիշներ են նշվում։ Այսպես, «Բուտանտան ինստիտուտ» կենսատեխնոլոգիական կենտրոնը հայտարարել է, որ Sinovac-ի արդյունավետությունը կազմում է ընդամենը 50,38 տոկոս։
Նույն այս պատվաստանյութի գնմանն է հակված նաև Ուկրաինան։ Սակայն Ուկրաինայի առողջապահության նախարար Մաքսիմ Ստեպանովը հայտարարել է, որ եթե չինական Sinovac պատվաստանյութի արդյունավետությունը 70 տոկոսից ցածր լինի, երկիրն այն ձեռք չի բերի։